ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳԻՆԸ


 

Փոքրիկ գյուղում հանկարծ մեծ աղմուկ բարձրացավ: Հայհոյանք-աղաղակներ սարքողը Բեգլարն էր: Ժլատությամբ հայտնի այս մարդի ճղճղոցները հասան մինչև գյուղի ամենածայրի տուն: Էս ծայրի բնակիչն էլ ժամանակին Բեգլարի հարևաններից էր: Ընտանիքով գլուխն առել, գնացել էր հեռու, որ կինն ու աղջիկները չլսեին դրա անտանելի քֆուր-քաֆարները:

Հարևաններից հանդիսատես դարձած Աշխենը պայծառատեսորեն գուշակեց. «Ժողովուրդ, էկեք տեսնենք էդ անասունի բոստանը հիմի՞ ինչ անասուն է մտել: Վայ, անխիղճ Բեգո, էս ինչ ես արել: Էս Գառզոյենց Համազասպի կովն է, էս խեղճի երկու ոտքը կոտրել է. վա˜խ, վախ, ոնց է բառաչում, իր լեզվով օգնություն կանչում»:

- Բա ինչ անեի, չե՞ք տեսնում` այգիս ոտնատակ է տվել, ավիրել: Սա հո առաջին անգամը չի, էս այլանդակը ինձ խելագարության հասցրեց: Ոտերն ինչ ա, փուքսս իջավ, թե չէ կսպանեի:

Արյունաշաղախ Նազան կովը ցավից տնքում, աղերսող հայացքով նայում էր հավաքվածներին` չիմանալով ինչ անել: Փորձում էր կանգնել, բայց դեռ չկանգնած` բերանքսիվայր ընկնում էր: Իսկ ընկած, թավալ տված տեղը մարգն ավելի էր ավերվում` ավելի զայրացնելով բոստանի տիրոջը:

- Տո տես է, էս սատկածը ընկած տեղն էլ ա տունս ավիրում: Ջարդեց, կոտորեց. ըստեղ պամիդոր էի ցանել` ո՞ւր ա, բիբար էի ցանել` ո՞ւր ա, լոբի...

- Տո Ծռանց Բեգլար, էս անասունի մեղքի տակ ընկար, հրեն վզից երևում է, կապն է կտրել: Վե՞ճ ունեիր` Նազանի տիրոջ հետ պարզեիր:

- Մի անասուն էլ էս անասունի տերն է: Քանի անգամ եմ զգուշացրել. մի ականջից մտնում, մյուսով դուրս է գնում: Պիտի մի ականջը փակեմ, որ ասածս գլխում մնա: Հիմի ինքն իր հողամասում գործ է անում, չի մտածում, թե իր կովն էստեղ ինչ է անում, ում տունն է կործանում: Ես էլ կով ունեմ, հարևաններ, տեսե՞լ եք, որ իմ խելոքները ձեզանից մեկնումեկին վնաս տան:

Երբ տաք վեճերը քիչ պաղեցին` հարևանական խորհրդում կողմերին հաշտեցնելու փորձեր արվեցին և Ծռանց Բեգլարին պարտադրեցին մի երինջ տալ տուժած Համազասպին:

Այսպես, որոշ ժամանակ թվացյալ հաշտություն եղավ դրկիցների միջև:

***

Ասում էին, որ Բեգլարի մոտ սեփականաշնորհումից անմիջապես հետո սեփականասիրություն էր գերաճել: Դա նկատվում էր անշարժ և շարժական գույքի` իր հողամասի, հավ ու ճիվի, կովերի, խոզերի նկատմամբ: Երբեմն արոտավայր էր գնում իր կովերին և կովացուներին տեսության. հատկապես երեք երինջներին: Դեռ ջահել են, անփորձ, միամիտ, հո փորձանք չի՞ պատահել: Մի օր նկատել էր, որ Համազասպի ցուլը շատ էր համը հանում, անընդհատ նրանց շուրջը բնբնում, մռութը մոտեցնում հետևներին ու քիթն օդի մեջ ցցած հրճվում: Ախր դրանց ի՞նչ վախտն ա, որ էդ փչացածը անհանգստացնում, չի թողնում խոտ ուտեն` մեծանան: Ցուլի սիրահետելը ամենևին դուր չեկավ երինջների տիրոջը:

Նախրապան Մուկուչը ձեռքը դրեց բերանի կողքը` գոռաց.

- Բեգլա˜ր, էհե Բեգլա˜ր, ի՞նչ ես ուզում, ցուլին այդքան մի մոտենա, կարող ա պոզահարի:

- Չի կարա, ձեռքիս խանչալ կա,- ինքն իրեն ասաց Բեգոն,- ինձ ինչի՞ տեղ ես դրել, տո հարիֆ:

- Ես էլ մտածում ու չեմ իմանում` ինչո՞ւ ես եկել ու մտել նախիրը,- նորից բղավեց նախրապանը:

Նախիր մտածն ուշադրություն չդարձրեց Մուկուչի խոսքին, որովհետև ցուլը Ծաղիկ երինջին շատ էր անհանգստացնում: Ծռանցն էստեղ չհամբերեց. ձեռքը խանչալին դրած վազեց, ասելով. «Տո սարի անասուն, էրինջիս ցուլի գալու վախտը չի, հեռու մնա»:

Ցուլը հավանական է Բեգլարի ճղճղոցներից անակընկալի եկավ, ընկրկեց, աջ ոտքով տեղում մի քանի անգամ դոփ-դոփեց և քիչ կողքի քաշվեց` պատրաստ դիմագրավելու: Բեգոն իրեն հաղթած համարեց և ուզում էր հետ դառնալ, ցուլը նորից մոտեցավ նույն էրինջին:

- Տո խուլիգան շուն, ես ո՞ւմ հետ եմ, հիմա կգամ ընենց տեղդ կկտրեմ, որ եզ կդառնաս, Եզո ջան...

Սեփականատիրոջ զայրույթն այն աստիճանի հասավ, որ վայրկյան անց հայտնվեց Եզո ջանի կողքին: Անորոշ վիճակից ցուլը ծառս եղավ: Ծռանցը որոշել էր խանչալը սիրտը խրել, բայց հազիվ պոչն ընկավ ձեռքը ու զարմացավ, որ այդ մեծ ավարից մի կտրած պոչ մնաց ձեռքում:

***

Գյուղի նախրից մի պոչ էր պակասել, բայց գյուղացիները ցավում էին. դա իսկի մեր գյուղին վայել բան չէր: Էդ մարդն ինչո՞ւ է լարվել Համազասպի դեմ: Կովին խփեց, ցուլին խփեց էդ խփնվածը: Լավ չի, վերևն Աստված կա, չի ների:

Եվ, ի զարմանս բոլորի` եղավ երրորդ արյունահեղությունը: Մի երեկո, երբ նախիրը մտնում էր գյուղ, շատերի հետ Բեգոն իր տան դարպասների մոտ սպասում էր իր քայլող սեփականությանը: Եվ, չնայած նախրի բարձրացրած փոշուն, Համազասպի պոչատ ցուլը նկատեց իր ախոյանին ու էլ չհամբերեց. վրեժի ցասմամբ լցված, կատաղի հարձակվեց նրա վրա: Հանկարծ մարդիկ տեսան ցուլի պոզերի ծայրին թպրտացող Բեգլարին: Մինչ կփորձեին օգնել իրենց հարևանին` ցուլն արդեն նրան գցել էր ոտքերի տակ ու անխնա կոխկրճում էր` ջարդելով ողնաշարն ու կողերը: Փրկարարները փրկեցին միայն Բեգլարի անշունչ մարմինը:

***

Շրջանային դատարանում քննվում էր հանցագործ պոչատ ցուլի գործը: Դատական կազմն այս աննախադեպ դեպքի շուրջ շատ վիճեց և գցել-բռնելուց հետո դատավորը հայտարարեց.

- Դատական ակտի պատճառաբանական մասում անհերքելի ապացույցներ կան այն մասին, որ սույն քրեական գործում առկա է վենդետայի փաստը: Ելնելով վերոգրյալից, դատարանը որոշեց` հանցագործ ցուլին չդատապարտել ցմահ բանտարկության, կանխել հանրության և կենդանիների համար խիստ վենդետայի տարածումը: Ցուլին դատապարտել պայմանական 3 տարի ժամկետով, տալ գոմային կալանք, դուրս չգալ կովերի միջավայր, թույլ տալ միայն արածել: Ցուլի սեփականատիրոջը տուգանել 650 հազար դրամ:

Հակառակ կողմը բողոքարկեց.

- Շատ եք բարդել ցուլի վրա, կենդանու մսի վաճառքը 350 հազար դրամից չի անցնում:

Վիճահարույց հարցը ձգձգվեց. կենդանի ցուլի՞ն, թե՞ միսը վաճառել: Դատարանը երկմտեց և հայտարարեց. գնում ենք խորհրդակցական սենյակ:

Հետո հայտարարվեց.

- Գործն ուղարկվում է դատահոգեբանական փորձաքննության` վերջնական պարզելու, որից հետո կհրապարակվի պոչատ ցուլի դատավճիռը:

Ներկաներից մեկը ձայնեց.

- Էդ խեղճ ցուլը պոչ չունի, էլ ո՞ւր եք գործն ուղարկում նոր պոզ ու պոչ կպցնելու:

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ