ՉԻՆԱՐ ԵՍ, ԿԵՌԱՆԱ´Լ ՄԻ

Աշխարհից հեռու իմ փոքրիկ, դրախտային գյուղակ


 

Ուզում եմ գրել քեզ և ասել, որ դու սովորական գյուղ չես: Ուզում եմ այդ մասին իմանան նաև նրանք, ովքեր չգիտեն: Դու ուրիշ ես, որովհետև Չինար ես: Երևի դրա՞ համար Էր, որ հինգ տարի շարունակ բոլոր ուսանող ընկեր- ընկերուհիներս ինձ կանչում էին ոչ թե իմ, այլ քո անունով` Չինար: Տարբեր էիր նաև տարիներ-տարիներ առաջ, երբ մենք անհոգ մանուկներ էինք ու այնքան ապահով պատսպարված էինք քո գրկում: Գարդմանա սարերը հպարտությամբ շրջապատել էին քեզ` ստեղծելով պաշտպանվածության և ապահովության մի ամուր պատվար: Ամեն առավոտ, Աստծո օրհնությամբ, «Խորանաշատ» վանքի վրայով սահելով` ծագում էր արևը և բոցավառվելով անհետանում «Հաչա քարի» հետևում, որպեսզի հաջորդ վաղորդայնին նորից ծագի. մեր մանկական հոգիներում դա ինքը` հավերժությունն էր` անխախտ, անխոցելի, հարատև… Անկրկնելի էին նաև քո գիշերները` զարմանալի լուսավոր, խաղաղ, անդորր. ամենաշատ աստղերը քո երկնքում էին, և մենք մանկական միամտությամբ հաշվում էինք այնքան, մինչև ապահով քունը հաղթեր մեզ: Մենք հավերժ սիրահարված էինք քո բնությանը, քո գրկում երջանիկ էինք:

Դու հիմա էլ դրախտային գյուղակ ես` քո կուսական թավ անտառներով, կակաչապատ դաշտերով, հազարաբույր ծաղիկներով. Արարիչը ոչինչ չի խնայել և իր տան բոլոր բարիքներից բաժին է հանել քեզ` քո բերրի հողի արքայանարինջն ու խաղողը, նուռն ու թուզը, փշատն ու հոնը, դեղձն ու ծիրանը ավելի արևահամ են, քան ինքը` արևը: Քո կենարար օդն էլ ուրիշ է: Բացի այն, որ հագեցած է զգլխիչ ծաղիկների բույրով և շատ մաքուր է, մի ուրիշ, անբացատրելի բան նույնպես կա այդ օդում, երևի այն, որ նախնիներիդ` Գարդմանա հզոր իշխանների կենդանի ոգին է սավառնում այնտեղ` օդը հագեցնելով էպիկական շնչով հայրենասիրությամբ` որպես կենարար թթվածին: Քո որդիներին դու այդ օդով սնեցիր, այդպես մեծացրիր այն իմաստուն մոր նման, որը նրանց փայփայում է, բայց նաև նախապատրաստում կյանքում սպասվող վերահաս աղետներին: Դու դա նրանց արյան մեջ ներարկեցիր: Դրա համար նրանք էլ են տարբեր, ինչպես դու. մարդասեր, հյուրասեր, աշխատասեր, ուսումնասեր, ըմբոստ, մի քիչ կոշտ, բայց նաև պոետիկ: Մեր մեծերից մեկը նրանց մասին ասել է. «Այս մարդկանց պետք է սերմացու պահել…»:

Ասում են` կայծակը կիսել է Չինարի ծառդ, այն ծառը, որի անունն ես կրում դու: Բայց ծառը դեռ ապրում և վերընձյուղում է` տերևների սոսափի մեջ պահելով քո բոլոր ջահելների սիրո խոստովանությունները, այն հավերժ մեր ուխտատեղին է` քեզ նման հավատարիմ, քեզ նման անկոտրում: Ասում են` գիշերներդ խաղաղ չեն և վտանգված են քո արևացող արշալույսները: Հիմա ավելի են կարմրել քո կակաչե դաշտերը: Շատ են տներդ` կողպած ու դատարկ, որտեղ ավանդապաշտ մեր նաները, իրենց ուրցաբույր փեշերը հավաքելով, ամենահամով կերակուրն էին եփում: Անտեր են մնացել այգիներդ, ուր ճղակոտոր արքայանարինջը սպասում է տիրոջը և, անհույս սառելով, ցրտահարվում: Ասում են նաև, որ քո աշխարհասփյուռ որդիները ամենուր ապրում և արարում են քո հանգույն, բայց ամենաշքեղ կյանքն անգամ չի շիջեցնում կարոտը այն դրախտային հողի նկատմամբ, որի անունն է Չինարի: Բայց ավելի շատ պատմում են քո բնակիչների անկոտրում կամքի, աննկուն ոգու, հաստատակամության մասին. այն մասին, որ չեն լքի քեզ, չեն լքի դրախտավայր Չինարին:

Այսօր վտանգված են արշալույսներդ, բայց քո ամենափոքր բալիկները, ի պատասխան թշնամու կրակոցների, ավելի բարձր են երգում` ցանկանալով լռեցնել դավադիր հրազենի ձայնը: Այնպես են երգում, որ լռեն նույնիսկ թնդանոթները… Այդպես քո խրոխտ ոգին է հնչում նրանց ձայներում:

Ո´չ, դու չես դառնա կորուսյալ դրախտ, քանզի քո տան անդամները հաստատակամ են, ինչպես քո հավերժող լեռները:

Այսօր բոլորս քո ականջին շշնջում ենք շարունակ.

- Դու չե´ս կեռանա երբեք, իմ բարձրուղեշ Չինարի…

Լարիսա ՊԵՏՐՈՍՅԱՆ