Վտանգավոր ճամփաբաժան. հավատի կորուստ


 

Հասարակության ամենատարբեր շերտերում տեղի ունեցող ձևախեղումների մասին վերջին տարիներին շատ է խոսվում: Ցավալի է, բայց` փաստ. մարդկանց որոշակի հատվածի ոչ ճիշտ պահելաձևի պատճառով այսօր բարոյական մի շարք արժեքներ հողին են հավասարվել: Եվ անչափ մտահոգիչ այս իրողության մեջ իրենց «պատկառելի ներդրումն» ունեն նրանք, ում համար խորթ են մեր հարատևության համար անչափ թանկ և անհրաժեշտ բարոյականություն, ազնվություն, հավատ և շատ այլ կարևոր հասկացություններ: Եվ ամենացավալին այն է, որ մեր հավատը խարխլող ու սասանող այդ մարդիկ ոչնչի առաջ կանգ չառնելով` մոռանում են բնության այն օրինաչափությունը, որ իրենց խորթ վարքուբարքով առաջին հերթին վնասում են հենց իրենց ու իրենց զավակներին` ճիշտ և ճիշտ նմանվելով ժողովրդական առածի այն սուտասանին, ում տունը օրերից մի օր հրդեհ է ընկնում, սակայն իր ու իր նմանների պատճառով ոչ ոք այլևս ականջալուր չի լինում նրա աղերսներին...

Հավատի կորստին առնչվող համանման մի պատմություն բոլորովին վերջերս տեղի է ունեցել Երևանի հենց կենտրոնում: Ոստիկանություն է դիմել Կորյունի փողոցում գտնվող հագուստի խանութի տնօրենն ու հայտնել, որ օրը ցերեկով խանութ է մտել անծանոթ մի կին և ներկայանալով որպես մոտակայքում գտնվող ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Աերոֆլոտ»-ի տնօրեն` խնդրել է 40.000 դրամ` գումարը 15 րոպեից վերադարձնելու պայմանով: Մարդը, որ մանկուց դաստիարակվել է դիմացինին հավատ ընծայելու, նեղն ընկածին օգնելու և ձեռք մեկնելու ոգով, պատրաստակամորեն տվել է անհրաժեշտ գումարը: Սակայն ժամեր անց, երբ չարաչար խաբված տնօրենը կորցրել է հույսը և այդ դեպքից հետո նաև հավատը` իրենից աջակցություն ակնկալողների նկատմամբ (պատկերացնու՞մ եք, նրանց մեջ կլինեն նաև իրական օգնության կարիք ունեցողներ)` քայլերն ուղղել է ոստիկանություն: Մինչ իրավապահները միջոցառումներ էին ձեռնարկում «Աերոֆլոտ»-ի տնօրեն ներկայացած կնոջը հայտնաբերելու ուղղությամբ, ոստիկանության Անիի բաժնից ահազանգ ստացվեց, որ անհայտ չարագործների խաբեբայության թիրախ է դարձել իր ամբողջ կյանքում բնության գրկում անցկացրած մի հովիվ, ով, ինչպես պարզվեց, նույնպես տուժել էր անծանոթներին հավատ ընծայելու պատճառով:

Հովիվը ոստիկաններին պատմել է, որ դաշտում ոչխարներն արածացնելիս` «ՎԱԶ-2106» մակնիշի սև գույնի ավտոմեքենայով 2 անծանոթներ իրենից գնել են 2 գառ` վճարելով 80.000 դրամ, և միայն հետո է նկատել, որ վճարված 20.000 դրամանոց 4 թղթադրամները կեղծ են:

Դեպքից երկու օր անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել խարդախներին` 1970 թ. ծնված, նախկինում դատապարտված Մկրտիչ Զիլֆիմյանին և 1979 թ. ծնված Բագրատ Հարությունյանին: Պարզվել է, որ նրանք կեղծ թղթադրամները տպագրել են գունավոր պատճենահանող սարքով, որը հայտնաբերվել է Մ. Զիլֆիմյանի տնից:

Գառները հայտնաբերվել և հանձնվել են տիրոջը: Հովիվը խոստովանել էր, որ թեև այդ դեպքից հետո կորցրել էր հավատը մարդկանց նկատմամբ, սակայն իրենց գործին նվիրված ոստիկանների շնորհիվ` այն նորից վերականգնվեց:

-Չարժե մեկ-երկուսի ոչ աստվածահաճո պահվածքի պատճառով կորցնել բնության մեծագույն պարգևը` հավատը,- բաժնում հավաքվածներին վերջում ասել էր բնության մեծ գիտակ հովիվը: