ՄՏԱՀՈԳՈՂ ՀՈԴՎԱԾ, ԻՆՉԸ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ Է


 

Վերջին շրջանում ավելացել է Հայաստան այցելող մեր սփյուռքահայ հայրենակիցների թիվը: Բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք իրականացվում են պետական հովանավորությամբ, արդեն բացել են Հայաստանի դռները սփյուռքահայերի համար, նրանց տրամադրել` հաճախակի լինելու հայրենիքում, անգամ որոշում կայացնելու` տեղափոխվելու Հայաստան: Բայց ահա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վանդալիզմի երևույթը գրգռել է շատ սփյուռքահայերի, առիթ տվել, որ Սփյուռքի նշանավոր խմբագիրներից մեկը` Աբո Պողիկյանը, ում անաչառությանը ծանոթ են հայաստանցիները, հանդես գա նման հրապարակմամբ.

- Հայաստանի տարածքին ճաշարաններու կարևոր մէկ մասը օլիկարգներու կը պատկանի: Գոնէ այդպիսի տպաւորութիւն ունինք: Եթէ սխալ ենք, երջանիկ կըլլանք սրբագրելով մեր տպաւորութիւնը: Օլիկարգները, գիտենք, որ սանձարձակ գործելու ու իրենց շրջապատը արհամարհելու վարքագիծ ունին: Գիտենք, որ իրենց թիկնապահներն ալ նոյնքան ապաշնորհ են ու լկտի: Հիմա այս բոլորի լոյսին տակ, ինչպէ՞ս կուզէք տեղական սովորութիւններուն անծանօթ մարդիկ հանգիստ ու ապահով զգան իրենք զիրենք, Հայաստանի մէջ ճաշարան մը մտնելու եւ կտոր մը հաց ուտելու ատեն: Ի՞նչ երաշխիքներ կան, որ, օրինակ, երիտասարդ սփիւռքահայեր, կարճ տափատ հագած, կամ քիչ մը թափթփած հագուստով, հանգիստ զգան ու գրգռութեան մը զոհը չդառնան, եւ ի վերջոյ` ջարդուած ոսկորներով հիւանդանոց մը փոխադրուելու վտանգը չդիմագրաւեն, երբ ընդամէնը ճաշ մը ուտել է իրենց ուզածը: Այս մտահոգութիւնները թօթափելու համար յստակ քայլերու կը սպասենք Հայաստանի ոստիկանութեան ու դատախազութեան կողմէ. քայլեր` որոնք կը բացատրեն պատահածը եւ ցոյց կու տան, թէ նման պատահարներու պատասխանատուները ինչպէ´ս կը պատժուին, ինչպէ´ս կենթարկուին օրէնքի:

Սա արդեն նշանակում է, որ շատ ու շատ սփյուռքահայեր այլևս Հայաստան չեն գա, կփոխեն իրենց մտադրությունները: Ուրեմն, հարկավոր է հակառակն ապացուցող քայլեր ձեռնարկել, այլապես սույն հրապարակումը կարող է թարգմանաբար փոխանցվել նաև օտարալեզու լրատվամիջոցներին:

Ոստիկանության տարածած հայտարարությունը, բարեբախտաբար` հույսեր ներշնչում է, որ բացահայտումներն` անաչառ, պատիժներն արժանի կլինեն: