Հյուրասրահ


 

Զավեն ԽՏԸՇՅԱՆ

«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ»

- Սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեկ բացվեց Ձեր ցուցահանդեսը: Ինչ աշխատանքներ են այնտեղ ընդգրկված:

- Գլխավորապես կներկայացվեն կոթողային աշխատանքներ` իմ ոճով և իմ ընկալումներով: Այնտեղ ես ներկայացնում եմ ինձ համար թանկ ու հարազատ երկու կոթող, որոնք նվիրված են Արցախին: Երբ Հայաստանն անկախացավ, մենք շատ ուրախացանք, սակայն առավել մեծ ուրախություն ապրեցինք, երբ Արցախը վերաազատագրվեց: Դա հայության մեծագույն երազանքներից մեկի իրականացումն էր: Մենք մեր Հայրենիքից զատված մեկ հատվածի վերադարձով ուրախացանք` այսպես հուսալով, որ վերամիավորումը հեռու չէ...… Շատ պիտի ցանկանամ, որ «Արցախի ազատագրումը,» կոթողը տեղադրվի Շուշիում: Այնտեղ պատկերված դրոշը մեր հույսերի ծածանումն է: Ես պատրաստ եմ նվիրաբերել այդ արձանը Արցախին, միայն թե գտնվեն բարեգործներ, ովքեր կհամաձայնեն լուծել գումարային խնդիրները: Այդ կոթողով աշխարհին պիտի ցույց տանք, որ Արցախի սավառնող Ոգին երբեք չի կարելի բանտել, երբեք չի կարելի այս ազատաբաղձ ու ազատատենչ հողը հանձնել ուրիշին:… Մեր Հայրենիքը վերջապես հզորացման ճանապարհն է բռնել նաև իր կորսված հատվածների վերադարձով: Վերադարձն անկասելի է հետայսու...…

Արձանագործ Զավեն Խտըշյանի անունը հայտնի էր ինձ վաղուց: Առաջին անգամ նրա մասին լսել էի եղբորից` լիբանանահայ ականավոր բեմադրիչ-նորարար Վարուժան Խտըշյանից: Օրերս նա զանգահարեց խմբագրություն և խնդրեց հանդիպել: Հանդիպման ժամանակ էլ ծնունդ առավ այս զրույցը: Ի դեպ, նրա խոսքը վերածեցինք արևելահայերենի, որպեսզի հասանելի լինի շատերին:

- Հաճելի է տեսնել Ձեզ Մայր Հայրենիքում, Երևանում: Գիտենք, որ Ձեր այցելության նպատակը ցուցահանդեսի բացումն է: Ինչպես ասում են` ինքնատիպ հաշվետվությունն արվեստասեր հանրությանը, որը Ձեր ստեղծագործություններին ծանոթ է հեռակա մերձեցմամբ:

- Այո´, առաջին հերթին ցուցահանդեսի խնդիրն է զբաղեցրել միտքս, չնայած այցելությունը Հայաստան արդեն իսկ կարևոր իրադարձություն է իմ կյանքում: Հայի համար, ով ապրում է հեռավոր երկրում, ով ունի հանգրվան, նաև բարեկեցություն, ամեն ինչ ածանցվում է Հայրենիքի գաղափարին, Հայրենիքի ներկայությանը: Արդեն շատերի համար սովոր միտք պիտի հայտնեմ, թե Հայաստան Հայրենիքը բոլորիս տունն է, ուստի այստեղ գտնվելը, այստեղ քայլելը մեծ երջանկություն է: Հայրենիքը ներշնչանքի աղբյուր է: Ցուցահանդեսի խնդիրը, հարկավ, շատ եմ կարևորում, բայց այս այցելությունս ուղիղ 21 օր տևողություն ունի: Իսկ սա նշանակում է, որ ավելի շատ միտքս ու հոգիս կփափագեին մեկ անգամ ևս տեսնել Հայրենիքը, ունենալ ժամանակ` առավել մոտիկից շփումներ հաստատելու և առավել մոտիկից ճանաչելու մեր երկիրը:

- Սփյուռքյան մամուլում հրապարակված Ձեր հոդվածներից և նոթագրություններից ծանոթ եմ Ձեր հայրենասիրական պոռթկումներին, կարդացել եմ Ձեր զգացական հոդվածները: Նաև գիտեմ, որ Ձեր տոհմից առաջիններից մեկն եք եղել վերապրածների ժառանգների մեջ, որ մշտապես պահել-գուրգուրել եք Հայրենիքի գաղափարը: Առաջին հերթին` կորուսյալ Հայրենիքի...

- Իրավ, այդպես է: Մանկությունից ինձ համար առեղծված է եղել ծնողներիս երկրի կերպարը, հասկացել ու չեմ հասկացել կորստի ցավի այն զգացումը, որով ապրում էին նրանք: Ուստի Փարիզում կրթություն ստանալուց հետո մի հետաքրքիր ճամփորդություն ձեռնարկեցի` Կեսարիա-Թումարձա-Թաղսա: Երջանկության ու ցավի, հիացումի ու ողբերգականության զգացումները միախառնվել էին հոգուս մեջ... Ես տեսնում էի մի հրաշք երկիր` դաժանորեն խլված-զատված մեզանից: Արվեստագետիս համար չափազանց կարևոր էր այդ ամենը տեսնելը, այդ ամենին մերձենալը: Ճամփորդությունս մեծացրեց Հայրենիքի հանդեպ ունեցած սերս: Հետո գրեցի ճամփորդական նոթերս, որոնք տպագրվեցին «Զարթոնք» թերթում, իսկ հիմա էլ լույս են տեսել առանձին գրքով: Միայն տպավորություններ չէին դրանք: Ես ծանոթացա գյուղում մնացած միակ հային, ով ճանաչում էր ծնողներիս, նրանից ու մյուսներից լսեցի սահմռկեցուցիչ պատմություններ: Ուզում եմ գիրքս թարգմանել անգլերեն, իսկ հետո ուղարկել որևէ սինեմայի ստուդիա: Ուզում եմ «Արարատի» նման մեկ սինեմա նկարել տալ... Այս ամենի մասին հիշեցի, որովհետև Հայաստանում ունեցա միանգամայն այլ զգացում: Այստեղ կորուստների միջից մի նոր երկիր է հառնում: Այստեղ էլ խոսում են Ցեղասպանության մասին, այստեղ էլ ամբարված են մեծ ցավերի փշրանքները, սակայն մեր Հայրենիքն է, ուր կա նաև լավատեսություն, կա արդար պայքար պատմական արդարության վերականգնման համար:

- Այս տարի լրանում է Ձեր ծննդյան 80-ամյակը: Մեծ ու իմաստավոր ճանապարհ եք անցել, իսկ ինչպե՞ս պատահեց, որ որոշեցիք արձանագործ դառնալ:

- Ծնվել եմ Բեյրութում: Այստեղ ստացել եմ կրթությունս` ուսանելով Գեղարվեստների ակադեմիայում: Մանկությունից էր ձգտումս արվեստի հանդեպ: Ծնողներս քաջալերում էին, ոգևորություն ներշնչում: Ես էլ հավատում էի իմ ներքին ձայնին, որ անպայմանորեն պիտի արձանագործ դառնամ: Ինձ միշտ հետաքրքրում էր նյութի կերպարանափոխումը: Բեյրութում ցանկացածս կրթությունը չստացա, որովհետև, բնականաբար, այն արձանագործական ավանդույթների քաղաք չէ, հետևաբար այստեղ քիչ էին լավագույն ուսուցիչները: Մեկնեցի Փարիզ` արվեստների մայրաքաղաք: Նաև գիտեի, որ հայ արձանագործներից շատերն էլ իրենք իրենց ճանաչելու և ինքնահաստատվելու, կարևոր կրթություն ստանալու համար Փարիզ են գնացել: Սովորեցի Արվեստների բարձրագույն դպրոցում` վեց տարի աշակերտելով և´ նշանավոր, և´ հետաքրքիր պրոֆեսորների: Նրանք ինձ իսկապես շատ բան սովորեցրին, հատկապես վերջին երկու տարում, երբ ուսումնասիրեցինք կոթողային արվեստ, որին դուք մոնումենտալ քանդակագործություն եք կոչում, ես ամբողջապես խորացա արձանագործության գաղտնիքների մեջ: Վերադարձա Լիբանան և 1964-ին ունեցա առաջին ցուցահանդեսս: Ամբողջապես դասական ոճի ցուցահանդես էր դա, որովհետև ես ուսումնասիրել էի դասական արձանագործություն: Ցուցահանդեսի բացմանը ներկա եղան Սիմոն Վրացյանը, Կոմսը, ուրիշներ, մարդիկ, որոնց ես չէի հրավիրել, սակայն եկան և քաջալերիչ խոսքեր ասացին ինձ: Մինչև հիմա հիշում եմ նրանց դրվատանքի խոսքերը: Այդ ցուցահանդեսից հետո ինքս իմ մեջ առանձնացա և սկսեցի որոնումներս նոր ձևերի և նոր ոճերի մեջ, ամեն ինչ սկսեցի պատկերել երկրաչափական հարթություններով` նրանցում տեղավորվող մարդուն դիտարկելով իրապաշտական սկզբունքներով: Այդպես եկա դեպի իմ ինքնաճանաչումը:

- Ես բախտ եմ ունեցել տեսնելու Լիբանանում Ձեր քանդակած կոթողը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Ինչքան գիտեմ` այն Լիբանանում տեղադրված առաջին նմանատիպ կոթողն է, որը նաև խորհրդանշում է Ձեր` արվեստագետի խիզախությունը: Ինչպե՞ս ծնվեց այն:

- Իմ առաջին ցուցահանդեսը բացելուց հետո ես մեկնեցի Փարիզ: Երկու տարին մեկ մեկնում եմ Փարիզ` կատարելագործվելու, առավել մոտիկից գիտենալու համաշխարհային արվեստում տեղի ունեցող նորացումները: Փարիզում հիշեցի, որ մեկ տարի հետո լրանում է Եղեռնի հիսնամյակը: Սկսեցի աշխատել մանրակերտի վրա: Երկու ձեռքերը վեր պարզած ֆիգուրը խորհրդանշում էր աղաչանքը` հանուն արդարության: Այն նաև խնկարկություն է բոլոր զոհերին: Վերադարձա Բեյրութ և աշխատանքիս մասին տեղեկացրեցի այդ ժամանակ եպիսկոպոս Գերաշնորհ Տեր Գարեգին Սարգսյանին, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Գարեգին Առաջին կաթողիկոս: Նա խանդավառվեց իմ աշխատանքով և խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի եկեղեցու միջոցներով իրականացվի նրա կառուցումը: Մանրակերտը ցույց տվեցինք Խորեն Վեհափառին, ով ասաց, որ ինքը շատ բան չի ընկալում արվեստից, ուստի առաջարկեց ստեղծել հանձնախումբ, որն էլ գնահատելով` սկսեց դրամահավաքի գործընթացը: Շատերը մեզ աջակցեցին, իսկ հետո նաև Գերմանիայում գտնվող մի ընկերություն խոստացավ երեք տոննա բրոնզ նվիրաբերել, սակայն երրորդ համասեփականատերը, հրեա լինելով, թույլ չտվեց գերմանացիներին, ովքեր ավելի գթասիրտ էին` նվիրաբերելու այդ բրոնզը: Այնուամենայնիվ, մեկ և կես տարի անց բացվեց կոթողը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ