Բախտակից էքս-երը


 

Համակրե՞լ են միմյանց Բեռլուսկոնին ու Սարկոզին, թե՞ ոչ` հիմա արդեն էական չէ: Պաշտոնավարման ընթացքում երևի իրենք միմյանց միջև ընդհանրություն չեն որոնել: Բայց ահա ճակատագիրը նույնականացրել է նրանց կյանքի ա´յս ժամանակահատվածը: Նախ` պաշտոնանկություն, ապա` կաշառասիրության մեղադրանք: Եվ ազատազրկման սուրն է ճոճվում երկու նախկինների գլխին:

Սարկոզիին պատասխանատվություն է սպասվում միանգամից երեք գործով: Ընդ որում` երկու գործով` դատարանում: Դրանցից ամենահին ակունքները 1990-ականներում են` հայտնի «Կարաչիգեյթ» անունով: Հետագայում բյուջեի նախարար դառնալ հավակնող Նիկոլան այդ ժամանակ օգնել է իր ղեկավարին` նախկին վարչապետ Բալանդյուրին, որպեսզի նա հաղթի ընտրություններում: Ինչպես ենթադրում են քննիչները` Սարկոզին մասնակցել է Պակիստանին ֆրանսիական սուզանավեր վաճառելու գործարքին և ստացած եկամուտների մի մասը ներդրել Բալանդյուրի նախընտրական քարոզարշավում: Սակայն հաղթել էր Ժակ Շիրակը և չեղյալ էր հայտարարել գործարքը: Դա կարող էր և մոռացվել, եթե 2002 թ. Կարաչիում չպայթեր այդ սուզանավերից մեկը և չզոհվեին ֆրանսիացի 11 ինժեներներ: Ենթադրվում է, որ այդ ահաբեկչությունը կազմակերպել էին վրեժխնդիր պակիստանցիները` իրենց խաբված զգալով:

Հաջորդ մեղադրանքը դիմահարդարման L&undefined;OreΖl-ի առնչությամբ է. այս արտադրողը 800 հազար եվրո է տվել Սարկոզիին` ընտրությունների համար և փոխարենը ազատվել է հարկերից: Եվ, իհարկե, արդեն աղմուկ բարձրացրած` Մուամար Քադաֆիից ստացած 100 միլիոն եվրոն:

Ինչ վերաբերում է կանանց մեծ երկրպագու Սիլվիո Բեռլուսկոնիին, ապա արդեն իսկ նրա պատժաժամկետն է արդեն նշվում` 3 տարի և 8 ամիս: MediΖset լրատվաընկերությունում նրա ֆինանսական մեքենայությունների գործը հետաքննող դատախազությունն այդքան է պահանջել Իտալիայի էքս-վարչապետի համար: Բացի այդ, փակված չէ նաև «պարուհի Ռուբիի գործը». Բեռլուսկոնին մեղադրվում է պոռնկուհիների ծառայություններից օգտվելու մեջ: Օրենքը դա չի արգելում, բայց Սիլվիոյի հոմանուհիներն անչափահասներ են եղել:

Չար լեզուները պնդում են, որ երկու էքս-նախագահներին առնվազն բանտային կալանք է սպասվում: Բայց նրանք այլ բախտակիցներ էլ ունեն. Իսրայելի նախկին ղեկավար Մոշե Կացավը ևս ազատազրկված է (7 տարով)` իրեն ենթակա մի տիկնոջ բռնաբարելու մեղադրանքով: Իսկ Եգիպոտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքը ցմահ բանտարկության է դատապարտվել` խաղաղ ցուցարարների սպանության համար: