Ոչ թե ընդդիմություն, այլ այլընտրանք


 

Այն օրվանից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց «Հանրապետականի» և «Օրինաց երկրի» հետ կոալիցիա կազմել, չէին դադարում վերլուծությունները կուսակցության հետագա հնարավոր կեցվածքի մասին: Իսկ վերջին շրջանում հարցական էր մնում հատկապես կառավարության ծրագրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը:

Ինտրիգն ավելի էր սրում Հայաստանից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը, քանի որ կուսակցության անդամներն առանց նրա կարծես խուսափում էին պատասխանատվություն ստանձնել ներքաղաքական զարգացումներում իրենց թիմի դիրքորոշումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալու համար: Սակայն ԲՀԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթում սուր քննադատությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանի, նրա կառավարության ու վերջինիս ծրագրի մասին` մասնավորապես նշելով, որ կառավարությունը խոստացել էր աղքատության նվազում, բայց այսօր դրա փոխարեն այն հասել է 35,8 տոկոսի: Ըստ Ն. Զոհրաբյանի, ավելացել է նաև արտագաղթը, և այսօր մեկ օրում միջինը 1 գյուղի բնակչության չափով մարդիկ են արտագաղթում:

- Ես մեծ վերապահումով եմ «նոր կառավարություն» և «նոր ծրագիր» բառերն օգտագործում: Երկրում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ: Ըստ էության, որևէ լրջագույն փոփոխություն չի կատարվել. նույն թիմը` նույն վարչապետի գլխավորությամբ, նույն քաղաքականությամբ, նույն փիլիսոփայությամբ հավակնում է շարունակել այն գործը, որում չի հաջողել նախորդ կառավարության ծրագիրն իրականացնելիս: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության այս ծրագրին:

Խմբակցության քարտուղարի ելույթից հետո «Ավանգարդը» կարճ զրույց ունեցավ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ` փորձելով հստակեցնել` արդյո՞ք ԲՀԿ-ն այսուհետ որպես ընդդիմություն է հանդես գալու:

- «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունները նախօրոք հայտարարել էին, որ ընդդիմություն լինելով դեմ են քվեարկելու ծրագրին: Բայց ԲՀԿ-ն ընդդիմություն լինելու մասին ոչինչ չի հայտարարել :

- «Բարգավաճ Հայաստանը» անընդմեջ ասել է` մի պարտադրեք մեզ որևէ ձևակերպում անել: Թող մեր գործելակերպը տա դրա պատասխանը:

- ԲՀԿ-ն ըդդիմություն լինել-չլինելու մասին որևէ խոսք չի ասել, սակայն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթից ընդդիմադիր կեցվածքի տպավորություն ստացանք:

- Նորից ասեմ. մենք այլընտրանք ենք` և թող մեր այլընտրանքային գործունեությունը պատասխան տա նաև մեր գործունեության ձևակերպման առումով: Ֆուտուրիզմի հետևից, ինչպես բազմիցս ասել եմ, չենք ընկնելու: Թող մեր աշխատանքը դառնա նաև մեր գործունեության հետ կապված ձևակերպման համար առաջնային հիմք:

Կառավարության ծրագրին դեմ քվեարկելը Դուք համարում եք պարզապես այլընտրանքային մոտեցում և ոչ թե ընդդիմությո՞ւն:

- Իհարկե: Ես ձեզ ուզում եմ ասել, որ մեր գալիք տարիների քայլերն ամբողջ գործունեության ընթացքում հանդիսանալու են այլընտրանքային առաջարկներ` օրենսդրական դաշտում փոփոխություններ իրականացնելու համար:

Վերջերս հասարակական հնչեղության մի միջադեպ պատահեց. խոսքը «Հարսնաքար» ռեստորանի միջադեպի մասին է: Կխնդրեի դրա վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը հայտնեիք:

- Որևէ իրադարձություն, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղավորվի օրենքի և օրինականության շրջանակներում: Մեր թիմը կողմ է Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայությանը` այդ և առհասարակ նմանատիպ միջադեպերի հետ կապված:

Ա.Դ.