ՄԻ՞ԹԵ ՆՈՐ ԵՆ ԻՄԱՆՈՒՄ


 

Օրերս շատերի ուշադրությունը սևեռվեց այն «առատաձեռնությանը», որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում գտնվող «Թեժլեռ» ռեստորանում ճաշացանկի հետ նաև... մարմնավաճառներ են հրամցնում: Ու այդ ծառայությունն էլ համակարգում է ռեստորանի սեփականատեր ոմն «Սեկոն»:

Այն, որ հատկապես քաղաքներից դուրս գտնվող ռեստորաններից շատերը հենց մարմնավաճառներ առաջարկելու վայրեր են դարձել` կարծում ենք, որ զարմանալու բան չկա: Ու ոչ միայն Լոռու մարզում: Բայց մարմնավաճառներ են առաջարկվում նաև մի շարք քաղաքների մեջ գործող ռեստորաններում ու անգամ սրճարաններում, որոնց համար սա օժանդակ ֆինանսական միջոցներ վաստակելու աղբյուր է դարձել:

Վանաձորի կենտրոնում, Հայքի հրապարակից մի քանի քայլ ներքև գտնվող սրճարաններից մեկում նույնիսկ առանձին սենյակ է տրամադրված, իսկ սրճարանի մատուցողներն էլ կատարում են կավատի գործառույթներ: Նույնպիսի սրճարաններ ու ռեստորաններ կան Գյումրիում, Երևանում և այլուր: Փաստորեն սրճարանները, ռեստորաններն ու հյուրանոցները մեզանում փոխարինում են հասարակաց տներին: