«Արտուտիկ»-ների երրորդ սերունդը


Մանկապատանեկան ստեղծագործական համահայկական ամառային ճամբարի կազմակերպման գաղափարով երաժշտագետ Լյուդմիլա Մելիքյանը 6 տարի շարունակ փորձում էր ոգևորել ՀՀ մշակույթի իրարահաջորդ նախարարներին: Աղքատիկ բյուջեով մեր երկրում թանկարժեք այդ ծրագրի կենսագործումը ավելորդ շռայլություն էր որակվում` մնալով երբևէ լավ օրերի գալստյան հույսին: Լավ օրերը չէին շտապում սակայն: Ընդհակառակը: Երկիր մոլորակով շրջում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի ուրվականը` «թեժ» կետերում երևալով իր մոտալուտ գերիշխանության իրատեսական պատկերներով: Ի հեճուկս նրա հաղթական առաջընթացի` 2006-ին ստեղծագործական հանգստի ճամբարի նախագիծն ընդգրկվեց հաջորդ տարվա մշակութային միջոցառումների ցանկում: Եվ սկսեց գործել «Արտուտիկը»` ՀՀ մարզերում մշակութային կյանքը աշխուժացնելուն միտված կառավարական որոշմամբ կազմված համալիր ծրագրի շրջանակներում, Կոմպոզիտորների և երաժշտագետների միության Դիլիջանի ստեղծագործական տան բազայի վրա: Մարզային մրցույթի արդյունքում ընտրված 73 պատանի երաժիշտներ ու նկարիչներ` ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցների սաներ, երրորդ անգամ մեկշաբաթյա ակտիվ հանգիստ անցկացրեցին բնության գողտրիկ անկյունում: Վարպետության դասեր քաղելով գեղանկարիչներ Սոնա Բանոյանից ու Անժելա Ստեփանյանից, ԵՊԿ բազմափորձ դասախոսներ Հասմիկ Լեյլոյանից ու Գեորգի Մինասովից, Նորա Այվազյանից ու Մարգարիտա Թովմասյանից, Ֆելիքս Մովսիսյանից և մոտ 2 տասնյակ այլ հմուտ մասնագետ մանկավարժներից` հրաժեշտի խարույկից առաջ հրապարակային հաշվետությամբ ներկայացան տիկին Պողոսյանի անմիջական գլխավորությամբ իրենց ստեղծագործական հասունացման մասնակի խնամքը ստանձնած նախարարության հանձնախմբին: Մոտիկից ծանոթանալով «Արտուտիկ»-ների երրորդ սերնդի ներկայացուցիչներից շատերի հետ, հնարավորինս ամբողջական պատկերացում կազմելով բնատուր շնորհների զարգացման ողջ ընթացքի մասին` սրտապնդվում եմ, որ հեղաբեկումնային հայտնի իրադարձություններով գլխիվայր շրջված մեր ներկա հասարակական կեցության վայրիվե րումներով երերուն նրանց կայացման ուղին արվեստի ոլորտում այնուամենայնիվ չի անապատանում: Ի հայտ եկած ունակությունները հիմնականում գտնում են զարգացման ռեալ հնարավորություններ: Մասնագիտական հմտությունների խորացմամբ` ոմանք ընտրած ասպարեզում հաստատվելու իրականանալի հույսեր են ներշնչում: Տարաստիճան մրցույթների մասնակցելով` ճշգրտում են կարողությունների առկա ներուժը: Ամենաուշիմներն ու համառները համապատասխան շրջահայաց հետևություններով շարունակում են յուրացնել մասնագիտության «այբուբենը»` ապավինելով առավելապես իրենց դպրոցների ուսուցիչներին: Նաև` վաղ մանկությունից իրենց նախասիրությունների լիարժեք դրսևորմամբ լրջորեն մտահոգված ծնողներին: Բեթհովենի անվան համերգասրահում «Արտուտիկ»-յան եզրափակիչ համերգի առաջին կատարումներն ունկնդրում եմ Հենրիկ Իգիթյանի հիշատակին նվիրված գեղանկարչական ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները զննելուն զուգընթաց: Մոտ մեկ տասնյակ նվագարանների հնչեցման գաղտնիքներին տիրապետելու իրենց գիտելիքների ողջ «պաշարով» հանդես են գալիս Լիլիան ու Հովհաննեսը, Նելլին ու Զարեն, Դավիթն ու Արեգը… Համերգասրահը խանդավառ ծափերով է ողջունում մենակատարների, ֆլեյտահարների ու ժողգործիքների նորակազմ համույթների ելույթները` ներողամտորեն ընդունելով ակնհայտ ինչ-ինչ վրիպումներ: Ասենք` մեկ շաբաթում գուցե անհնար էր ավելի բարձր ցուցանիշների գրանցումը: Երկարատև ու տքնաջան աշխատանք է պահանջվում նորահայտ շնորհալիների ստեղծագործական նկարագրի բյուրեղացմանը, ցանկալի հասուն արտահայտչականությանը հասնելու համար: Այդուհանդերձ ակներև են «Արտուտիկ»-յան ջանքերի մատղաշ արդյունքները, թող որ անխաթար ծլարձակման հետագա խնամքին կարոտ: Համատեղ բազմազբաղ կարճատև կեցության մտերմացնող ուժով ծնված, ստեղծագործական առողջ մթնոլորտի զորեղ լիցքերով հավելյալ հոգևոր-բարոյական լիցքեր ստացած «Արտուտիկ»-ները, անշուշտ, արվեստաշնորհ զվարթ դայլայլով կշարունակեն հղկել իրենց ունակությունները բնօրրաններում` ճամբարային հեքիաթ-օրերի տպավորությունները փոխանցելով տեղի իրենց ընկերներին, ծանոթ-հարազատներին: Էդուարդ Թոփչյանի, Վլադիմիր Մսրյանի, Արսեն Ասլանյանի, «Արևիկ»-ցիների հետ ունեցած հանդիպումներից ու վարպետության ամենօրյա դասերից քաղած իմաստնությունից բաժին հանելով: Նկարիչների պատմությունները անհամեմատ կհյութեղանան «Դիլիջանի իմ ընկերները» նոր աշխատանքներով, որոնցում անկարելի էր չորսալ ճամբարային նրանց ուսուցիչների ձեռագրին հարազատությունը: …Թավջութակահար Հայկը հնչեցնում է Ալեքսանդր Հարությունյանի «Էքսպրոմտը», իտալական միջազգային մրցույթից վերջերս վերադարձած ստեփանակերտցի փոքրիկ ջութակահար Դավիթը` Նովաչեկի «Անընդհատ շարժումը»` արմավիրցի շվիահար Հերբերտի «Սոխակի կանչը» ժողովրդական մեղեդուց հետո: Ես մտերմանում եմ Մասիս քաղաքի արվեստի դպրոցի սան` 13-ամյա Էդուարդ Ղազարյանի հետ, ով հուզմունքից թրթռացող աչուկներով հանդարտ ներկայացնում է դեռևս 5 տարեկանում ցայտուն արտահայտված նկարչական ունակությունների բացահայտման կարճ, բայց բովանդակալից ճամփան` ուշագրավ նաև իր աշխարհագրությամբ: Հոր աշխատանքային պայմանագրի բերումով` Էդուարդը 7 տարի ապրել է Մոսկվայում: Առաջին փորձերն անելով ամսագրերից արտանկարելով` անցել է հեքիաթային թեմատիկային: «Կար ժամանակ, որ միայն ոսկե ձկնիկներ էի սիրում վրձնել,- անկեղծանում է փոքրիկ նկարիչը:- Մոսկվայում հանրակրթականին զուգահեռ հաճախելով գեղարվեստի դպրոց` տարվեցի արկածային սյուժեներով, հետո` պատմական: Պլաստիլինե քանդակներ եմ նաև ծեփում: Սիրում եմ իմ երևակայությամբ լրացնել բնաշխարհի ինձ գրաված իրական պատկերները: Տեսնո՞ւմ եք այս ծաղիկները, ինքս եմ հորինել»: Հայոց լեզուն 2 տարի է ընդամենը, ինչ դարձել է Էդուարդի մայրենին, Արարատի մարզում վերաբնակվելուց հետո, բայց նա չի դժվարանում համատեղել ուսումնառությունը միջնակարգում և արվեստի դպրոցում: Պիկասոյի և Միքելանջելոյի, կուբիստական գեղագիտության երկրպագու լինելով` ավելի վստահ է զգում գրաֆիկական ոճամտածողությամբ ստեղծագործելիս: Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանի առիթով անցկացված «Ես և տիեզերքը» հանրապետական մրցույթում նկարված` «Աստծո ձեռքը» և մանկապատանեկան ստեղծագործությունների առաջին Տարեգրքում ընդգրկված «Հանդիպումը» գործերը, ինքնին վկայում են այդ մասին: Տարիների հետ հմտանալով ու որոշակի փորձ ձեռք բերելով` շնորհալի պատանյակն ավելի լրջորեն է նախապատրաստվում ամեն հաջորդ աշխատանքին, ջանում հստակեցնել ասելիքը: Արմենուհի Կարապետյանի կազմակերպած ֆլեյտահարների համույթի ելույթին շուտով հաջորդում է միացյալ նվագախմբի «Կաքավիկը»: Հայկական փոքրիկ դրոշների փողփողումով 2009-ի «Արտուտիկ»-ները, ոգևորված Լյուդմիլա Մելիքյանի հանդիսախմբավարությամբ, ճամբարային երգով ավարտում են հաշվետու համերգն ու հյուրերի հետ միասին բարձրանում ցուցասրահ: Բոլոր 19 նկարիչները անմիջական զրույցի են բռնվում իրենց աշխատանքներով առանձնակի հետաքրքրվածների հետ, պատմում «մինչար տուտիկային» իրենց անցած ճանապարհից: Վանաձորցի Արմենը հպարտանում է հանրապետական մրցույթում լավագույնը ճանաչված իր դպրոցով: Արդեն մոտ 70 նկար հեղինակած աբովյանցի 15-ամյա Մովսեսը Երևանի գեղարվեստի ինստիտուտում սովորելու հեռանկարով է լրջորեն մտահոգված: Գյումրեցի Սոնան Մերկուրովի անվան արվեստի դպրոցի բազմաբովանդակ առօրյայի նպատակասլաց ռիթմով է վարակում զրուցակիցներին` տարբեր մրցույթներում նրա սաների հաջողության փաստերով կարևորելով իր կրթօջախի նշանակությունը հանրապետության մշակութային կյանքում… 2009-ի 73 «Արտուտիկ»-ներից քանի՞սը մնայուն հետք կթողնեն մեր վաղվա երաժշտարվեստի ու կերպարվեստի տարեգրության մեջ, առայժմ ժամանակավրեպ է կանխագուշակել: Բայց որ Գեղեցիկի որդեգրած պաշտամունքով, ստացած կանոնավոր գեղագիտական դաստիարակությամբ ու կրթությամբ կնպաստեն համազգային հոգևոր-մշակութային զարթոնքին, կասկածից վեր է: Մնում է հուսալ, որ նրանց ճակատագրով պետական հոգատար մտահոգվածությունը ավելի զորեղ լծակներ կունենա առաջիկայում և ոչ մի շնորհառատ մանուկ կամ պատանի չի արժանանա Թումանյանի Նեսոյի դառը բախտին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ