Երբ կյանքին նայում ես մանկան աչքերով


Նպատակ չունենալով «Ոսկե ծիրան»-ի վեցերորդ ֆիլմացանկի մանրազնին վերլուծությամբ միտքս զբաղեցնելու (միանշանակ պարզ դարձավ, որ կազմակերպիչները մամուլի էջերում ոչ թե անաչառ լուսաբանություն են որոնում, այլ` վերամբարձ գովազդ)` հակիրճ ուզում եմ տպավորությունս կիսել իմ ընթերցողի հետ խաղարկային ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակակիր «Մյուս ափը» (ռեժիսոր` Գեորգի Օվաշվիլի) և «Հայկական համայնապատկեր»-ի դիպլոմանտ «Մեր աշխարհը (ռեժիսոր` Ֆրեդերիկ Բալեգջյան) գեղարվեստական կինոժապավեններից: Միանգամայն տարբեր իրականություններ պատկերող այս ֆիլմերի առանձնակի ուշագրավությունը վրացի և ֆրանսահայ կինոբեմադ րիչների ընտրած հնարքն է` մանկան պարզ ու անկեղծ ընկալմամբ ներկայացնել կենսական բազմաբարդ իրավիճակները: Վրաց-աբխազական պատերազմի ու ֆրանսիական քրեածին միջավայրի թոհուբոհում հայտնված պատանիների` Թեդոյի (Թեդո Բեխաուրի) և Նեոյի (Անտոն Բալեգջյան) անձնական դրամայի բացահայտմանն ու ամբողջացմանը զուգընթաց հավատընծա տիպականանում է նրանց վաղաժամ հասունացրած, անմեղ տարիքային զվարճություններից բռնի զրկած «մեծերի» աշխարհի դատապարտելի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձնելով այն Թեդոյի ու Նեոյի անկեղծ հայացքներում` բեմադրիչները հնարամտորեն խորացնում են իրենց կինոպատումների գլխավոր ասելիքի համամարդկային նշանակությունը` մարդկանց թշնամացնող կենսահանգամանքների հաղթահարման գիտակցություն սերմանելով հանդիսատեսի իներտ մտքում: Հուզառատ գեղարվեստականությամբ համակելով արմատական խնդիրների հանգուցալուծման հանդեպ ներփակ նրա հոգին` միաժամանակ սեփական դերակատարության կարևորությամբ է մտահոգում: Ռայներ Ֆրիմելի (Ավստրիա) զբոսայգում լքված երկամյա Ասյայի («Աղջնակը») ճակատագրի հանդեպ էլ անզոր ես անտարբեր մնալ, բայց կինոբեմադրիչին ակնհայտորեն պակասում է խաղարկայինի ու վավերագրականի անհամամասնությամբ էկրանավորած իր ժապավենին կուռ գեղարվեստականություն հաղորդելու մասնագիտա կան վարպետությունը: Կինոն, իսկապես, ամենաազդեցիկ մշակութային զենքն է մարդկանց հոգին ու միտքը կրթող, ազնվացնող (զուր էր ծաղրվում Կարմիր հոկտեմբերի առաջնորդի այս միտքը այլախոհական կինոգործիչների կողմից): Եթե մեր պետությունը կարողանա թատերարվեստին զուգընթաց պատշաճ ապրեցնել նաև հայկական կինոն, վստահ եմ, անհամեմատ դյուրին կլինի համազգային ազատագրումը «նորին մեծություն ռաբիսի» գերիշխանությունից: Ներկայիս պրոդյուսերների ու տասնյակ բեմադրիչների համոզմունքը, իբր, «Տաքսի «Էլի լավ ա»-ների մասսայական թողարկումներով կարելի է ի վերջո բարձր գեղարվեստական մակարդակի հասնել, առնվազն մանկամտություն է:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ