Օբաման բռնազավթի՞չ


Իսկապես, ամենաանվտանգը, երևի, բարձր պաշտոնյաներին պիտակավորելն է: Ամերիկյան բանակի պահեստային սպա, մայոր Ստեֆան Ֆրեդերիկ Կուկն, օրինակ, հրաժարվում է մեկնել Աֆղանստան, որտեղ իր հայրենակից զինծառայողները Միջազգային անվտանգությանն աջակցող ուժերի կազմում մարտնչում են թալիբների դեմ: Կուկը նույնիսկ ուրախ կլիներ մեկնել, սակայն չի կարող, որովհետև Միացյալ Նահանգների բանակի գերագույն գլխավոր հրամանատար` երկրի Նախագահ Բարաք Օբաման, մայորի «հաշվարկներով» օրինական ընտրված չէ. ահա թե ինչու նրա հրամանները կատարել չի կարելի: Կուկի նման գերպահպանողական բարեպաշտ շատ ամերիկացիներ գտնում են, որ Օբաման ԱՄՆ-ի տարածքում չի ծնվել. հետևաբար իրավունք չուներ նույնիսկ առաջադրվել որպես Նախագահի թեկնածու: Մայորին չեն բավարարում Օբամայի ծննդյան վկայականի լուսանկարչական պատճենները, որոնք դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածել է թեկնածուի շտաբը: Այդ փաստաթղթում հավաստիացվում է, որ Նահանգների 44-րդ նախագահը ծնվել է 1961 թ. օգոստոսի 4-ին Հոնոլուլուում (Հարավային նահանգ): Իսկ այդ կղզին նրա ծննդից 2 տարի հետո է միայն ստացել նահանգի կարգավիճակ: Իր ճշմարտացիությունը Կուկը մտադիր է ապացուցել դատարանում: Եվ իր շահերի պաշտպան էլ ընտրել է փաստաբան Օռլի Թաիցին, ով բազմիցս հայցեր է ներկայացրել տարբեր դատարաններ` Օբամային անվավեր նախագահ ճանաչելու պահանջով: Կուկն իր հայցադիմումում մատնանշում է, որ իշխանությունը բռնազավթած Օբամայի ղեկավարությամբ ծառայելը «միջազգային իրավունքի խախտում» կլինի, ինչի արդյունքում յուրաքանչյուր զինծառայող հետագայում կարող է մեղադրվել ռազմական հանցագործության մեջ: