Եվս մեկը


Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգում հաստատել են վրաց-հարավօսական հակամարտության գոտում ռուսաստանցի զինվորի դասալքության փաստը: Ռուս զինծառայող Դմիտրի Արտեմևը ծառայել է Սաչխերսկի շրջանի Պերևի գյուղում տեղակայված զինմասում: Նա ասել է, որ ծառայել է ծանրագույն պայմաններում և այդ պատճառով էլ որոշել է օգնության խնդրանքով դիմել Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: Զինվորը հայտարարել է, որ իր հարաբերությունները լարված են եղել նաև սերժանտների հետ, որոնք իրեն ֆիզիկական անարգանքներ են հասցրել: - Ես գիտեի, որ Վրաստանում է գտնվում ևս մեկ զինվոր, դրա համար էլ որոշեցի օգնության համար ձեզ դիմել,- ասել է Արտեմևը: ՄԱԿ-ի գրասենյակն արդեն միջնորդել է Վրաստանի փախստականների և արտագաղթի գործերով նախարարությանը` ռուս զինվորի հարցով: Հիշեցնենք, որ ոչ շատ առաջ Ախալգորսկի շրջանում տեղակայված զորամասից փախել էր նաև զինծառայող Ալեքսանդր Գլուխովը, ում արդեն փախստականի կարգավիճակ է տրվել: Իսկապես, նախանձելի չէ այն բանակի վիճակը, որի զինվորները կարող են ապաստան խնդրել հակառակորդից: Հայրենիքի հեղինակությունը չգիտակցող զինվորը ապաստան տվողին ևս հավատարիմ լինել չի կարող: Բայց զինվորին անարգող սպաները արդյո՞ք չպետք է պատասխանատվության ենթարկվեն: