Վրեժ` չինացիներից


Բեն Լադենի համախոհները սպառնում են չինացիների սպանդ կազմակերպել` ի պատասխան մուսուլմանների դեմ նրանց ճնշումների: Վրեժխնդրության կոչով «Ալ-Քաիդան» հանդես է եկել Հյուսիսային Աֆրիկայում: Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում արյունահեղությունը բողոքներ է հարուցել Թուրքիայում: Պեկինը հերքել է ցեղասպանության մեղադրանքը, սակայն, որպեսզի կանխվի բախումը իսլամական աշխարհի հետ, ՉԺԿ-ն ստիպված կլինի արագ խաղաղեցնել անհանգիստ շրջանը: Ույգուր ների ինքնակոչ պաշտպանի դերը ստանձնել է «Ալ-Քաիդա»-ին հարող իսլամադավան «Իսլամական Մահրիբ» կազմակերպությունը` պահանջելով վրեժարշավ սկսել Չինաստանի դեմ: Լոնդոնում հիմնավորված և հետախուզական աղբյուրներին մոտ կանգնած Sterling Assynt գործակալության տվյալներով` նախկինում Բեն Լադենի կողմնակիցները Չինաստանի ու արտասահմանում աշխատող նրա քաղաքացիների դեմ սպառնալիքներ չեն հնչեցրել: Մինչդեռ Չինաստանը վերջին 10-նամյակում տնտեսական զավթողականություն է ծավալել զարգացող այն երկրներում, որոնք հարուստ են հանքային պաշարներով: Պեկինյան ղեկավարների խնդիրն ավելի բարդանում է նրանով, որ Սինցզյանի իրադարձություններն ալեկոծել են ոչ միայն Բեն Լադենի համախոհներին, այլև թուրքերին, որոնք ույգուրներին ազգակից են համարում իրենց լեզուներով ու մշակույթով: Թուրքիո վարչապետ Ռեջեփ Էրդողանն էլ Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում կատարվածը եղեռն է որակել, իսկ արդյունաբերության նախարարը կոչ է արել բոյկոտել չինական ապրանքները: Չինական China Daily պաշտոնաթերթը հերքելով Էրդողանին, պահանջել է, որ նա ետ վերցնի իր խոսքերը և ընդգծել, որ 184 զոհվածներից 137-ը չինացիներ են: Առայժմ, իհարկե, անդորրը պահպանել հաջողվում է` ոստիկանական հսկողությամբ: Սակայն երկրի սահմաններից դուրս մուսուլմանների վրա ազդելու Պեկինի հնարավո րությունները սահմանափակ են: Նախկինում էլ չինացի մասնագետների վրա հարձակումները քիչ չէին, իսկ այս դեպքերից հետո նրանց պաշտպանության համար Չինաստանը լրացուցիչ միջոցներ պետք է ձեռնարկի: