Կենսագրական մութ բծե՞ր


Չնայած Անգելա Մերկելն անդամակցել է Գերմանական ազատ երիտասարդական միությանը (ինչպես ԽՍՀՄ-ում կոմերիտմիությունն էր), և հանրային ժողովների մասնակցել, սակայն որևէ կուսակցության անդամ այդպես էլ չի դարձել: Նաև հրաժարվել է աշխատել ԳԴՀ պետական անվտանգության նախարարությունում: Այդուհանդերձ, հետագայում Մերկելի քաղաքական հակառակորդները ժամանակ առ ժամանակ փորձում էին նրան մեղադրել գաղտնի ծառայությունների, մասնավորապես` «Շտազի»-ի հետ կապեր ունենալու մեջ: Եվ իրենց մեղադրանքները փորձում էին հիմնավորել, թե սոցիալիստական համակարգում նրա գիտական փայլուն առաջընթացն անհնար էր` առանց անվտանգության նախարարության հետ կապերի: Վերջերս «քնքուշ ազդեցիկություն» տիկինը հեռուստաշոուներից մեկում պատմել է, որ 1970-ական թթ., որպես երիտասարդ ֆիզիկոս Իլմենաուի համալսարանում գիտաշխատողի պաշտոն ստանձնելու համար, իր հետ զրուցել է Պետանվտանգության նախարարության մի սպա: Զրույցի ընթացքում իրեն առաջարկվել է համագործակցել, սակայն ինքն «անկեղծորեն խոստովանել» է, որ նման աշխատանքի համար պիտանի չէ, որովհետև չի կարողանում գաղտնիք պահել և ամեն ինչ պատմում է ընկերուհիներին: - Սրանով ամեն ինչ ավարտվեց, քանի որ լռել կարողանալը հիմնական նախապայմանն էր` պիտանի ճանաչվելու համար («Շտազի»-ում աշխատելու),- պարզաբանել է կանցլերուհին` հավելելով, որ այդ համալսարանում գիտաշխատողի հաստիք նույնպես ինքը չի ստացել: Ֆրաու Մերկելի երջանկությունը - Երջանկություն է, երբ արևոտ օրերին մակույկով լողում ես ծովում: Իսկ մեծագույն բավականություն է կուշտ քնելը,- ասել է Անգելա Մերկելը լրագրողներին: Չնայած խիստ ծանրաբեռնվածությանը, նա չի անտեսում հանգիստը և ժամանակ գտնում է ալպինիզմով զբաղվելու: Գերմանացի նշանավոր ալպինիստ Ռայնհոլդ Մեսները մի անգամ ուղեկցել է նրան` 2181 մ բարձունքը հաղթահարելիս: ԳԴՀ վարչապետուհին, ասում են, երազում է երբևէ Մոսկվայից Վլադիվոստոկ սլանալ տրանսսիբիրյան ճեպընթացով: Ազատ ժամանակը, եթե նա լեռներում չէ, ապա ամուսնու` Յոահիմ Զաուերի հետ անցկացնում է մտերիմների շրջապատում: Ամուսինները նախկինում աշխատել են գիտությունների ակադեմիայում, և եթե Մերկելը քաղաքական բարձունքներ է նվաճել, ապա ամուսինը` քիմիայի բնագավառում է մեծ համբավ վաստակել: Ընտանիքում տերը ամուսինն է, և կանցլեր կինը չի տարբերվում գերմանացի մյուս տանտիրուհիներից, սիրում է բանջարանոցով ու խոհանոցով զբաղվել: Օբամայի խորհուրդը Այս տարին ոչ միայն հոբելյանական, այլ նաև վճռորոշ է Անգելա Մերկելի համար: Սեպտեմբերին պարզ կդառնա` նա շարունակելո՞ւ է կառավարել, թե՞ ընտրություններում հաղթելու է իր ներկայիս տեղակալ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Մի անգամ նա ամերիկյան Նախագահին ասել է, որ ինքը պետք է լրջորեն նախապատրաստվի ընտրարշավին: Օբաման բարեհոգի քմծիծաղել է. - Չեմ հասկանում` անհանգստանալու ի՞նչ ունեք: Դուք արդեն իսկ հաղթել եք: Ի պատասխան` Մերկելը միայն զուսպ ժպտացել է: