ՀԱՐԿԱԴԻՐ «ԻՆՔՆԱՉԱՓԱՎՈՐՈՒՄ»


Հին անեկդոտ կա. մեկն ընկերոջը տեղեկացնում է բենզինի գնի հերթական բարձրացման մասին: Սա էլ թե. «Ինչքան ուզում են` բարձրացնեն. ես իմ մեքենան միշտ 1000 դրամի բենզին եմ լցնում»: Այս շրջանում ճիշտ նույն իրավիճակն է ստեղծվել հայաստանյան վառելիքաէներգետիկ շուկայում: Եվ քանի որ սկսեցինք բենզինի թանկացման մասին անեկդոտով, ուրեմն նախ անդրադառնանք այս շուկայում տեղի ունեցող զարգացումներին: Բենզինի գնաճն ամենաաննկատ ընթացքն ունի և, ասենք, նախորդ տարեվերջից, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամը մեր հանրապետությունում ևս իր անսպասելի ներկայությունը հաստատեց, վառելիքի այս տեսակը զարմանալիորեն միանգամից չթանկացավ: Գնաճն այստեղ մեկ-երկու շաբաթը մեկ էր արձանագրվում և այն էլ տասական դրամով: Արդյունքում, ներկայում արդեն 350 դրամ արժեցող բենզինի 1 լիտրը վեց ամսվա ընթացքում շուրջ 100 դրամով թանկացել է, ինչը տոկոսային առումով ահռելի թիվ է կազմում: Փաստորեն իրականացել է այս ոլորտի մագնատներից մեկի` նշված վառելիքի տեսակը միայն հանրության հարուստ հատվածի «մենաշնորհը» դառնալու մասին կանխատեսումը, և շուրջ մեկ դոլար արժեցող բենզինը մեքենատերերի ճնշող մեծամասնութ յան համար այլևս անմատչելի է: Կարելի է ենթադրել, որ հեռու չէ նաև այն օրը, երբ հազար դրամի բենզին սպառող վարորդները ստիպված լինեն հետիոտնի կարգավիճակը նախընտրել:Իսկ եթե Երևանի ռելիեֆը թույլ տար, ամենանախընտրելին, երևի, հեծանիվները կդառնային (առողջարար փոխադրամիջոց): Այսուհանդերձ, ինչպես միշտ, այսօր էլ քիչ չեն պնդումներն այն մասին, որ համաշխարհային շուկայում առկա սակագների հետ մեզանում գործող գներն ու դրանց տատանումներն առնչություն չունեն: Անկախ ամեն ինչից` մեծագույն հարվածը հանրապետության տնտեսությունն է կրում, քանի որ թեև բեզին ներկրող մի քանի ընկերությունները դեռևս կարողանում են խոշոր հարկատուների առաջին տասնյակում պահպանել իրենց առաջատար դիրքերը, բայց սպառման ծավալների նկատելի անկման հետևանքով նրանց վճարած հարկերն են զգալիորեն նվազել: Ավելի քիչ վճարումները կատարելու փաստի առաջ է հայտնվել նաև երկրորդ-երրորդ հարկատուն` «Հայռուսգազարդը»: Տարեսկզբին արձանագրված սպառման ծավալների կրճատումից հետո որքան էլ հակառակ միտումն ակնկալվեր, այդուհանդերձ ճգնաժամի առայժմ հաստատուն ու աներեր ներկայությունը, և, որ հատկապես կարևոր է, սակագնի բարձրացումն այստեղ առայժմ ավելի տխուր հեռանկարներ են նախանշում: Եթե նույնիսկ ընդունենք, որ տնտեսական իրավիճակն է թելադրում ձեռնարկությունների սպառելիք գազի պահանջարկի նվազումը, ապա բնակիչ-բաժանորդների շրջանում սկսել է գործել «հազար դրամի բենզին» սպառելու պարզ մոտեցումը: Նման իրավիճակում պարսկական գազը «Հայռուսգազարդի» համար կարող է կատարյալ գլխացավանք դառնալ, քանի որ, ինչպես նշեցինք, ոչ միայն պահանջարկն է նվազել, այլ նաև պահեստավորելու հնարավորությունն էլ բավական սահմանափակ է: Իր հերթին անհայտ են մնում նաև Իրանին տրամադրվելիք էլեկտրաէներգիայի մոտավոր ծավալները: Իսկ մինչ այդ` արդեն քանի տարի, գազի սպառման ծավալների դանդաղ աճին զուգահեռ, մեր հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումը նվազում էր: Եվ սա այն դեպքում, երբ հոսանքի մեկ կիլովատի սակագինը, հակառակ երկնագույն վառելիքի գնի շարունակական բարձրացման, անփոփոխ էր մնում: Տնտեսական ճգնաժամի պայմաններում էլեկտրաէներգիայի սակագինն էլ վերանայվեց, և որքան էլ էներգետիկները շարունակեն լռել, այնուամենայնիվ, այստեղ նույնպես սպառման ծավալների նվազումն անխուսափելի է լինելու: Եվ ինչպես նախորդ դեպքերում, այստեղ նույնպես «1000 դրամի» հարկադրանքն է գործելու, բնականաբար ասվածից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ