Երկանուն ու երկխաղ Արմենթել-Բիլայնը


ԱՅՆՊԵՍ է ստացվել, որ երկանուն «Արմենթել-Բիլայնը» իր հետ առնչվել համարձակվող բոլոր քաղաքացիներին վաղուց արդեն ոչ այնքան զարմացնում, որքան զայրացնում է: Դիցուք, կարող է պատահել այնպես, որ այս հեռախոսակապի բաժանորդը հաշվի վերծանում ստանալու ցանկություն հայտնելու պարագայում ստիպված լինի նոտարի կողմից վավերացված և 10-15 հազար դրամ արժեցող փաստաթուղթ ներկայացնելու խնդրի առաջ հայտնվել… Համաձայնեք` հազիվ թե գտնվի այնքան համբերատար մեկը, ով մի քանի հազար դրամի ենթադրյալ (բայց, անկախ ամեն ինչից, անապացուցելի) հավելագրման «բացահայտման» նպատակով պատրաստ լինի այդքան նյարդեր քայքայել ու մի քանի անգամ ավելի շատ գումար վատնել: Կարճ ասած` երկանուն այս կառույցում բոլոր պայմաններն են ստեղծված ցանկացած հարց լղոզված անպատասխան թողնելու պրակտիկան մինչև վերջ պահպանած լինելու համար: Ու լավագույն դեպքում անչափ սիրալիր աշխատակիցը ձեզ հետ մի կզրուցի կամ ավելի ճիշտ` կմենախոսի, իսկ այդ անդուր կառույցի գրասենյակից դուրս գալուց հետո հաստատ կդժվարանաք մտաբերել, թե ինչ էր ապացուցում, ինչ էր համոզում ու ինչու էր այդքան վախվորած ու զգուշավոր ձեր զրուցակից «արմենթելցին»: ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ոչինչ չի խանգարում «Բիլայնին» բաժանորդների նոսրացող շարքերին շարունակաբար նորանոր ծառայություններ առաջարկել: Այսպես, տևական ժամանակ գովազդվում է «Հայերի աշխարհ» անվամբ նոր առաջարկը: «Բիլայնի» «տեսադաշտում» տվյալ դեպքում ներառվել են երկրներ, որոնց հետ հեռախոսային կապ հաստատելու ցանկության դեպքում մարդիկ պետք է հեռախոսահամարը հավաքելուց առաջ ինչ-որ թվեր նույնպես մուտքագրեն և մինչև հարյուր դրամ արժեցող սակագնից օգտվեն: Փաստորեն կոդի բացակայության դեպքում նույն ընկերության նույն ծառայությունը տարբեր սակագներով է հրամցնում: Նպատակը, երևի նույնպես բաժանորդներին մոլորեցնելն է: Այլապես ինչու նույն կապով հնարավոր չէ պարզապես էժան ծառայություն մատուցել: Ավելին, ինչ-որ «8»-եր հավաքելուց հետո ամեն բաժանորդ էլ կարող է օգտվել մատչելի գներից: Այսինքն` կուզեք այսպես, կուզեք այնպես, բայց հանկարծ չսխալվեք… Ապշեցնողը, սակայն, բոլորովին այլ իրողություն է. «Հայերի աշխարհը» հայաթափ Ադրբեջանն է գլխավորում` մյուսներից շատ ավելի ցածր` 59 դրամ սակագնով: Իսկ թե սույն անհեթեթ ծառայության գոյության ընթացքում մեր քանի հայրենակից է Ադրբեջան զանգահարել, ճշտելու փորձերն անգամ անիմաստ են, քանի որ արդեն կասկածելի է` «Բիլայնից» ինչ-որ բան ճշտելը հնարավո՞ր է, թե՞ ոչ: Մի բան պարզ է. Ադրբեջանում արդեն քսան տարի հայ չի ապրում, ու հազիվ թե «Բիլայնում» այդ երկրի տարածքային ամբողջականության կողմնակիցներ գտնվեն ու պնդեն, թե, ասենք, Լեռնային Ղարաբաղն այս երկրի անբաժանելի մասն է: ՏԽՐԱՀՌՉԱԿ հեռախոսային օպերատորի մեղքերը սկիզբ միգուցե ունեն, բայց դրանց վերջը հաստատ չի երևում: Իբրև հարկատու` «Բիլայնը», ինչպես հայտնի է, առաջատարներից է, բայց նրա տրամադրած ՀԴՄ կտրոնները պարզվում է, որ լիարժեք ու ամբողջական չեն: Պետեկամուտների կոմիտեի տվյալներով` շուրջ 1200 քաղաքացիներ արդեն միջնորդագրեր են ստացել` կտրոնների դիմաց տրամադրվող բոնուսները ձեռք բերելու համար: Այստեղ էլ պարզվել է, որ հեռախոսային օպերատորի տվյալները պարունակող կտրոններում այս ապրանքանիշի նշագրումները շատ հաճախ բացակայում են: Մնում է ենթադրել, որ այս կազմակերպության գրասենյակներում տեղադրված կտրոն տպող մեքենաները երբեմն իրենց տերերի փոխարեն ամաչում ու հաճախորդներին «չեն ներկայանում»: