«Աղմկեմ, որ չմոռացվեմ»


Այսօր նշանակալի օր է մոլորակի բնակչության համար. 21-րդ դարում արևի ամենաերկարատև խավարումն է տեղի ունենալու… Նման իրադարձությունները սովորաբար մարդիկ առանձնապես չեն կարևորում թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ դրանք առանձնապես չեն խոչընդոտում մեր բնականոն կենսագործունեությանը: Ուստիև խոսքն էլ այս դեպքում ոչ թե երկնային-տիեզերական, այլ ամենաերկրային մի խնդրի մասին է: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, խավարմանը նախորդող օրերին շնչավորներիս ինքնազգացողությունը վատանում է` տրամադրությունը մռայլվում, գլխացավերն էլ մի քանի օր անբաժան ընկեր ու այս դեպքում անցանկալի ուղեկից են դառնում: Այս ամենն ակնհայտորեն նախորդող օրերին բավական արտահայտիչ դրսևորվեց նաև հայրենի քաղգործիչների շրջանում: Թեև նրանք բոլորից լավ գիտեին, որ ոչ մի իշխանություն հայտնի ձևակերպմամբ «ոչ մի թիզ հող» որևէ մեկին չի զիջի ու չի վաճառի, և այս առումով գործող իշխանությունն էլ արդեն վեց անգամ «փորձության» է ենթարկվել: Բայցևայնպես` «Ղարաբաղը ծախում են» անհեթեթ արտահայտության թարմացված և ակտիվ շրջանառումից քաղաքական շրջանակներն այս անգամ ևս չկարողացան խուսափել: Թե ում է ձեռնտու ներքաղաքական մթնոլորտի անտեղի լարումը, դժվար չէ կռահել… Ղարաբաղյան թեման այն «հազվագյուտներից» է, որի շուրջ միշտ կարելի է խոսել` հայրենիքն անսահմանորեն սիրելու իրողությունն ապացուցած-վերահաստատած լինելու համար: Ահա թե հերթական անգամ ինչպես ստացվեց, երբ արևի խավարմանը նախորդող օրերին հասարակությանը «բախտ վիճակվեց»` տեսնել և լսել բոլոր այն մռայլադեմ քաղգործիչներին, որոնց այդչափ ոգևորված մեկ էլ ընտրական գործընթացներից առաջ ենք հայտնաբերում: Իսկ հասարակությո՞ւնը. ժողովուրդը բարեբախտաբար շատ ավելի լավատես ու իրատես է և ի տարբերություն` հեռու է «աղմկեմ, որ չմոռացվեմ» ծիծաղելի մղումներից: Համենայն դեպս մոսկովյան հանդիպմանը նախորդող օրերին տեղական ինտերնետային կայքերի քվեարկություններում հոռետեսներն աննշան տոկոս էին կազմում` չնայած, որ համացանցից օգտվողների հետաքրքրությունը Սարգսյան-Ալիև հանդիպման նկատմամբ չափազանց մեծ էր: Նախապես «չարագուշակ» ներկայացված ուրբաթը վերջապես հետևում մնաց. Սերժ Սարգսյանի` Մոսկվայում «ոչինչ չի ստորագրվելու» խոստումը իրականության վերափոխվեց, բայց, ինչպես սովորաբար շատախոս դարձած քաղուԺերին հատկապես «գործընթացներն» են հետաքրքրում… Ավելի ճիշտ, կոնկրետ իրադարձությունը նրանք միշտ էլ ձգտում են տևական գործընթացի վերածել, քանի որ այն որքան երկար ձգձգվի, այնքան վերջիններիս ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու հնարավորությունը կմեծանա: Այստեղ հատկապես հոռետեսական անհաշվելի կանխատեսումներն են առանձնանում… Եվ իրոք, արդեն դժվար է վերհիշել, թե ասենք Կոնգրեսը երբվանից էր խոսում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթանալիք անցանկալի զարգացումների մասին: Եվ կամ` ինչու ՀՅԴ-ն իր ստեփանակերտյան հավաքը հատկապես մոսկովյան հանդիպման ուղղությամբ զարգացրեց` խոստանալով Երևան հասնելուն պես հանրահավաքներ կազմակերպել, Արտգործնախարարի ու եթե հարկ լինի, նույնիսկ Հանրապետության նախագահի հրաժարականը պահանջել: Այնպես որ, բոլորովին էլ պատահական չէր, որ այս աղմուկ-աղաղակի ալիքը նույնիսկ ԼՂՀ հասավ` իր հերթին բորբոքելով տեղի կուսակցութ յուններին ու հասարակական կազմակերպություններին: Այսքանից ու առավել ևս Ռուսաստանի մայրաքաղաքում խաղաղ ելքով ու կայուն հեռանկարներով եզրափակված հանդիպումից հետո մի հարց այնուամենայնիվ մնում է օդում կախված. ո՞ւմ էր ձեռնտու այս ամենը: Ներքին անկայունության, անշուշտ, հայրենի քաղուԺերը չեն ձգտում, բայց անվիճելիորեն ակնհայտ է նաև, որ անհարկի շոուները մոսկովյան բանակցություններին նույնպես ոչնչով չօգնեցին…