Շերոնը կվճարի 200.000 դոլար


Աստղի առանձնատան ձայնալսելիության համակարգը տեղադրող վարպետը դատարանի միջոցով նրանից այդքան գումար է պահանջել` աշխատանքի ժամանակ ծունկը կոտրելու պատճառով: Պիտեր Քրաուսի պատմածով` նա լուրջ վնասվածքներ է ստացել` Շերոն Սթոունի` Կալիֆոռնիայի տան այգում բարձրախոսներ տեղադրելիս: Աստիճանով տանիք բարձրանալիս` նա ընկել է 6 մետր բարձրությունից ու հիմա չի կարող առանց հենակների տեղաշարժվել: Լոս-Անջելեսի դատարանի վճռով Շերոնը նրան պետք է 200 հազար դոլար վճարի` որպես անփութության փոխհատուցում: Տանտիրուհու անփութություն է համարվել այն, որ այն պարիսպը, որին հենել են աստիճանը, ամուր չի եղել և չի դիմացել վարպետի ծանրությանը: Ուշագրավ է, որ Քրաուսն իր ստացած մի քանի քերծվածքներն ու վնասված ծունկը շատ ավելի թանկ է գնահատել` Սթոունից պահանջելով կես միլիոն դոլար, սակայն դատարանն իր վճռով մեղմել է նրա ախորժակը: