Փրկարար կճեպը


Գիտնականները հիմնավորել են, որ սոխի կճեպը բազմաթիվ կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում: Դրանք օժտված են հակաքաղցկեղածին հատկություննե րով և զորացնում են սիրտ¬անոթային համակարգի աշխատանքը (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն): Ավանդապահ ընտանիքներում Սբ. Զատկի ձուն մինչև օրս էլ սոխի կճեպով են ներկում` թերևս չպատկերացնելով դրա արժեքավոր հատկանիշները: Իսկ ընդհանուր առմամբ այն աղբ է համարվում. միայն Եվրամիության սահմաններում սննդարդյունաբերական ձեռնարկություններն ու տնային տնտեսուհիները տարեկան 500 հազար տոննա սոխի կճեպ են թափում: Մինչդեռ Մադրիդի ինքնավար համալսարանի իսպանացի և բրիտանացի կենսաբանները հաստատել են, որ նույն այդ «թափոնը» շատ օգտակար կլինի` որպես սննդային հավելում և դեղային պատրաստուկ օգտագործելու դեպքում: Նրանք հայտնաբերել են, որ սոխի կճեպում առկա բջջանյութի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունները և նպաստում սիրտ¬անոթային համակարգի ամրացմանը: Բացի այդ, դրանում պարունակվող կարբոլաթթվային ֆենոլային միացությունները հակաքաղցկեղածին ուժեղ հատկանիշներով են օժտված: Սոխի մեջ գիտնականները նշանակալի քանակությամբ ֆրուկտաններ` աղիքների ֆլորայի առողջացման խթանիչներ են հայտնաբերել: Ինչպես նաև` ծծմբի օրգանական միացություններ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի արյունատար անոթներում խոլեստերին կուտակվի: Այնպես որ` փոքր¬ինչ ձևափոխելով ժողովրդական ասացվածքը, գիտնականների անունից խորհուրդ ենք տալիս` սոխը կերեք, կճեպն էլ մի գցեք: Ամեն տնային տնտեսուհի սեփական մտահղացմամբ կարող է գտնել առողջարար այդ «թափոնը» օգտակար սննդահավելում դարձնելու եղանակը: