Մեղվածեփը


Մեղվաբույծների անհավատալի մրցույթի հաղթող չինացին` 42-ամյա Վան Դալինը, ամբողջ 1 ժամ մերկ մարմինը պատել էր 26,8 կգ մեղուներով: Մրցույթ ասվածն ընդամենը 2 մասնակից է ունեցել: Երկուսն էլ` մերկանդամ, ինչպես ասում են` մազերից մինչև ոտքերի ծայրը պետք է պարուրվեին մեղուներով: Իսկ ժրաջան ու խայթող այս միջատներին գրավելու համար որպես խայծ նրանց մարմիններին մեղվարգանդ է դրվել, ինչն ամբողջ պարսեր է ձգել դեպի մրցակիցները: Նրանցից մեկը կարողացել է դիմանալ 22 կիլոգրամ խայթողներին, իսկ մարմնի մի մասը բաց է մնացել: Տեսարանը երևի շատ գայթակղիչ է եղել, որովհետև բոլոր ներկաները, հաշվի չառնելով, որ իրենք էլ կարող են խայթողների թիրախ դառնալ, ինքնամոռաց նետվել են` տեսագրելու և լուսանկարելու արտառոց մրցույթը: Այդուհանդերձ, նրանցից ոչ մեկը չի հաղթահարել իրենց առաջ սահմանված ռեկորդը, որի հեղինակ ամերիկացին մարմնի վրա հավաքել է 350 հազար մեղու, որոնց ընդհանուր կշիռը կազմել է 39,5 կիլոգրամ: Այսօրինակ մրցակցությունը հնարել է ռուս մեղվաբույծ Պյոտր Պրոկոպովիչը` 1830 թվականին: Այն ստացել է «Մեղվային մորուք» անվանումը և ամեն տարի անցկացվում է գրեթե բոլոր երկրներում: