ՀԱՅ ԹԱՏԵՐԱԳԻՐԸ` ԲՐՈԴՎԵՅՈՒՄ


Նյու-Յորքում ապրող թատերագիր և բեմադրիչ Հրանդ Մարգարյանի «Հայելիներ» պիեսը բեմադրվել է Բրոդվեյի թատրոններից մեկում և մեծ ճանաչում բերել հայ հեղինակին: Միաժամանակ` նաև այս ստեղծագործության միջոցով ամերիկյան հանդիսատեսը մեկ անգամ ևս աղերսվել է Ցեղասպանության թեմային: Ժամանակակից սփյուռքյան թատերգությունը մեզ է ներկայանում անսպասելի հայտնություններով, ձևի ու բովանդակության ուշագրավ հաստատումներով, մերթ` նորարարական ու զարմանալի թռիչքներով, մերթ` անսովոր պահպանողականությամբ վերհառնելով ավանդական դրաման ու նրա պայմանաձևերը: Նորարարականի կրողները գլխավորապես հենվելով 20-րդ դարի թատերգության մեջ ինքնատիպ դրսևորումներով ակնբախված «անտի դրամայի» կամ` «աբսուրդի դրամայի» առանձնաձևերի վրա, ստեղծեցին կոմպոզիցիայի և կերպարաստեղծման նոր ավանդույթներ` իրենց համար առաջնային դարձնելով աշխարհի ընկալման և գոյաբանական խնդիրների մեկնաբանման էկզիստենցիալիստական սևեռումները: Հրանդ Մարգարյանը, բնավ խանդավառ վերաբերմունք չունենալով «աբսուրդի դրամայի» հանդեպ, կարևորեց և ընդգծեց խաղի ներկայությունը` խաղը դիտարկելով որպես թատերական գործողության և արտահայտչականության հիմնառանցք: 1993-ին անգլերենով գրված ու բեմադրված, իսկ նորերս հայերենով թարգմանված «Հայելիներ» թատերախաղի ժանրը հեղինակը չի հստակեցնում: Անցյալն ու ներկան հայելային անդրադարձ են, մարդուն պարզված ինքնասուզումի և ինքնաստուգման միջոց, ինքնության հաստատման, սեփական գոյի ընթացքի արժևորման նախապայման: Այս ամենի միջոցով անցյալը դառնում է ներկա, ներկան` անցյալ, և այդ հավերժընթաց դեգերումների մեջ անհատը գալիս է դեպի ինքնաճանաչման ու ինքնահաստատման, հոգեբանական յուրօրինակ պայծառացումի: Ուրեմն, հայելին իր ֆիզիկական-նյութական ներկայությունից փոխակերպվում է այլաբանական-փիլիսոփայական ներկայության: Իր թատերախաղը Հրանդ Մարգարյանը կառուցում է մարդկային երեք ճակատագրերի և երեք տեսակների բացահայտումների վրա` միավորելով նրանց որպես բացառիկ-պարադոքսալ հոգեբանական տիպերի և տեսակների: Նրանց միավորողը նաև անցյալի ու ներկայի մասին պատկերացումներն են, իրականության չբնորոշված սահմանները, որոնց մեջ դեգերում են` փնտրելով ինքնության հաստատման տիրույթները: Մարդ և ժամանակ փոխհարաբերությունը յուրովի է ընկալել-բացահայտել Հրանդ Մարգարյանը` ստեղծելով զարմանալի-ինքնատիպ եռապատկեր. դոկտոր Պրաունն իր գոյություն չունեցող անցյալն է փնտրում` ստեղծելով գոյություն չունեցածի յուրովսան տեսությունը: Վարդենի-Թենին ապրում է անցյալի մեջ` ժխտելով-մերժելով իրականությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ