Տարեգրության էՋԵՐԻՑ
23 հուլիսի 1993 - Կասեցնելով նախորդ 2-օրյա ադրբեջանական լայնածավալ հարձակումը Ասկերանի ուղղությամբ` ԼՂՀ Պաշտպանության բանակը վճռական հակահարվածով գրավեց Աղդամ քաղաքը: Աղդամի ռազմական գործողության նախապատրաստման և իրագործման գործում մեծ է եղել Ասկերանի, Մարտունիի և Կենտրոնական ՊՇ-ների անձնակազմի, կենտրոնական ենթակայության հրետանավորների` 152 մմ-անոց առանձին հրետանային դիվիզիոնի և 82 մմ-անոց առանձին ականանետային դիվիզիոնի, Կենտրոնական ՊՇ-ի ականանետային (122 մմ-անոց) մարտկոցի, Ասկերանի և Մարտունիի ՊՇ-ի հրետանավորների դերը: 1993 թ. հուլիսի 24-ին ԱՀ նախագահի պաշտոնակատար է նշանակվել, ապա ԱՀ նախագահ է ընտրվել Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևը: 1987-ին Մ. Գորբաչովը նրան ազատել էր ԽՍՀՄ կառավարության, ԽՄԿԿ քաղբյուրոյի, 1989-ին` ԽՄԿԿ Կենտկոմի կազմերից: Ալիևը դատապարտել է 1990-ի հունվարին Բաքու խորհրդային զորքեր մտցնելը: 1991-ի հուլիսի 26-ին հեռացել է ԽՄԿԿ շարքերից: 1991-93-ին եղել է Նախիջևանի Հանրապետության ԳԽ նախագահ, 1993-ի հունիս-հոկտեմբերին` ԱՀ Միլի մեջլիսի նախագահ:Գալով իշխանության` Ալիևը իր հեղինակությունն ամրապնդելու համար փորձել է կրկին օգտագործել ղարաբաղյան հաղթաթուղթը` խոստանալով կարճ ժամանակում Ղարաբաղը վերադարձնել Բաքվի իշխանություններին: Այդ նպատակով ձեռնարկել է 1993-ի դեկտեմբերի 18-ից 1994-ի փետրվար ամիսը տևած ադրբեջանական բանակի (աֆղան և թուրք վարձկանների մասնակցությամբ) հարձակողական գործողությունները: