ՈԳԵԿՈՉՈՒՄ


ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան 50-ամյակը և մահվան 20-րդ տարելիցը ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հիշատակին: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցմամբ կատարվել է խնկարկման արարողություն: Այնուհետև Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին մասնակցել են հերոսի մարտական ընկերները, հարազատները և զինվորականները: Մարտի դաշտում Ազգային հերոսի կատարած սխրանքների մասին ներկաներին պատմել են Հատուկ գնդի 1-ին հրամանատար Սերգեյ Առաքելյանը, «Հատուկ գունդ վետերանների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը: Ջիվան Աբրահամյանի մայրը` Բավական Աբրահամյանը, իր խոսքում նշել է, որ հպարտ է հերոս որդի ծնելու և հայրենիքն ամեն ինչից վեր դասող զավակի մայր լինելու համար: Դիմելով դահլիճում ներկաներին` հերոսի մայրը նշել է. - Շնորհակալ եմ, որ հիշում եք մեր ազգի հերոսներին, ովքեր զոհվել են մեր երկրի և մեր ժողովրդի լուսավոր ապագայի համար: Փառք մեր զինվորներին: Խոսելով Արցախյան պատերազմի և ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ունեցած ավանդի մասին` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. - Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ մոտ է եղել զինվորի մասնագիտությանը, անընդհատ մարտնչել ու պայքարել է իր գոյության համար: Մեր ժողովրդի նվիրյալ շատ որդիներ օժտված են հրամանատարի կարողություններով: Նրանցից էր Ջիվան Աբրահամյանը: Ջիվանը գաղափարի մարտիկ էր: Մենք այսօր հպարտություն ենք ապրում, որ ունեցել ենք նրա նման մարտական ընկեր, ում օրինակը ուսանելի է մատաղ սերնդի և հատկապես մեր զինվորների համար: Կարծում եմ` Ջիվան Աբրահամյանի և մեր բոլոր մյուս հերոսների գործը կիսատ չի մնացել. նրանց գործի ամենամեծ ծնունդը Հայոց բանակն է, որը, պաշտպանելով մեր երկրի սահմանները, ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը և հետագա զարգացումը: Հավերժ փառք Ջիվան Աբրահամյանին, փառք նրա ծնողներին: Իմ խոնարհումն եմ բերում բոլոր նրանց, ում շնորհիվ Արցախյան գոյապայքարը պսակվեց հաղթանակով: Մենք պարտավոր ենք պահպանել մեր նահատակների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները: