ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ Ի¬ՐՈ¬ՂՈՒԹ¬ՅՈՒՆ¬ՆԵ¬ՐԸ


Վերջապես տեղի ունեցավ այն, ինչի մասին շատ երկար խոսում էին, ինչը համարում էին քաղաքական և հանրային պահանջ: Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիան ներկայացնող կուսակցությունների ներկայացուցիչների անդրանիկ հանդիպումը, ինչպես և սպասում էինք, սենսացիաներ ու անակնկալներ չմատուցեց: Այդ հանդիպումից հետո իշխանությունների հետ երկխոսելու այլոց ախորժակը ևս բացվեց, իսկ որոշ քաղաքագետներ այն հույսը հայտնեցին, թե արտահերթ ընտրությունների խնդիրը կարող է աշնանն իրականություն դառնալ: Իսկ նման հետևության առիթը կոնգրեսականների հայտարարությունն էր, թե երկխոսության առարկան միայն արտահերթ ընտրություններն են: Ու քանի որ իշխանությունների դիրքորոշումը ներկայացնող կոալիցիան համաձայնել է երկխոսության, նշանակում է` նախագահ Սարգսյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները դեմ չեն արտահերթ ընտրություններին: Սա, իհարկե, Կոնգրեսի դիրքավորումները պաշտպանողների ցանկությունն է, որովհետև ՀԱԿ-ը չի ուզենա առաջիկա հանրահավաքին խոսել միայն երկխոսության ընթացքի մասին` չհայտարարելով իր «իդեա-ֆիքսի» մասին: Անչափ ձեռնտու էր կոնգրեսականներին` երկխոսության առաջին ռաունդից հետո հայտարարել, որ իրենք հանդիպման էին գնացել բացառապես արտահերթ ընտրություն ների գաղափարն առաջ մղելու մտադրությամբ, ու քանի որ իշխանություններն ընդառաջել էին, անգամ նշանակել հանդիպման վայրն ու ժամը` նշանակում է, արտահերթ ընտրությունները սարերի հետևում չեն: Այս տարբերակն, իհարկե, անընդունելի է իշխանությունների համար, քանի որ նրանք երկխոսության գաղափարաբանության մեջ դրել են բանակցությունները, որոնք պիտի նպաստեն երկրի քաղաքական առողջացմանը, բանավեճի մշակույթի ձևավորմանը: Անտարակույս, ոմանք չեն դադարում զարգացնել մի տեսություն, որն անչափ նման է անգլիական «Եվ´ գայլերը կուշտ կլինեն, և´ ոչխարներն անվնաս կմնան» ասացվածքին: Ըստ դրա` արտահերթ ընտրությունների արդյունքում նախագահ Սարգսյանը խորհրդարանում կպահպանի իր քաղաքական մեծամասնությունը, ընդդիմությունը կապահովի որոշակի մանդատներ` հայտարարելով, թե ունեցել ենք օրինական ու թափանցիկ ընտրություններ...: Ոմանք պնդում են, որ այս սցենարի կիրառման դեպքում, կոալիցիայից կարող են դուրս մնալ ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը», ինչն էլ կհանգեցնի նոր քաղաքական հավասարակշռությունների: Այս ամենից հետո արդեն ժողովուրդը կսկսի «այլ հայացքով» նայել իշխանություններին, մոռացության կտրվի տնտեսական անկման գոյությունը, ու մենք կապրենք բոլորովին այլ` ժողովրդավարական կյանքով: Բայց իշխանությունները բազմաթիվ անգամներ են հայտարարել, որ մեզանում արտահերթ ընտրություն ների նախադրյալներ չկան, և դրանք չեն բխում առկա քաղաքական իրավիճակից: Ճիշտ է, որոշ գործիչներ ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհին ձևավորված փակուղային վիճակի լուծման լավագույն միջոցն արտահերթ ընտրություններն են համարում, երբ հնարավոր կլինի «թայմ-աուտ» վերցնել: Սակայն իշխանությունները հակված չեն այս տարբերակին. մանավանդ հիմա, երբ համանախագահողների հերթական առաջարկության հիմքում խաղարար ուժերի տեղակայման հարցն է: Միայն հանուն «թայմ-աուտի»` իշխանությունները չեն գնա արտահերթ ընտրությունների` այսպես ապակայունացնելով վիճակը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀԱԿ¬ին (որը, մի շարք այլ ընդդիմադիրների կարծիքով, չի արտահայտում ողջ ընդդիմադիր դաշտի տրամադրությունները) միայն հետաքրքրում է իշխանափոխությունը, արտահերթ ընտրությունները, որպեսզի և´ տեղեր զբաղեցնի խորհրդարանում, և´ դիվիդենտներ շահի` այսպիսով արդարացնելով իր հանրահավաքային ակտիվությունը: Ուրեմն, իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը ոչ այլ ինչ է, քան սովորական ծխածածկույթ, որն այդպես էլ չի կարող օգտակար լինել երկրի ու նրա քաղաքական ինստիտուտներին: ՀԱԿ-ի ներկայացուցիչները երկխոսության առաջին ռաունդից հետո ընդամենը մի քաղաքական հայտարարություն արեցին` պահանջելով եթեր հեռարձակել երկխոսության տեսագրությունը: Այսինքն, ՀԱԿ-ը կամենում է ցույց տալ ժողովրդին, թե ինքն ինչպես է «բանակցել» և ինչպես է կարողացել հաստատել իր թեզիսները: Ընդամենը` այսքանը: Այսինքն` ամբոխավարության հերթական սեանսը, որը չափազանց անհրաժեշտ է այս ուժին: Նշանակում է, երկխոսությունը Կոնգրեսի համար մի նոր շոու է, որն անհրաժեշտ է «բարիկադների» վրա մնալու համար: Իսկ այդ բարիկադները, պարզվում է` չափազանց շինծու են, թատերային, հիշեցնում են տիկնիկային թատրոնի ավանդական վարագույրները, որոնց հետևից տիկնիկավարները շարժում են տիկնիկներն ու խոսում նրանց փոխարեն: Անկախ այս և մյուս մոտեցումներից ու գնահատականներից, երկխոսությունն, իհարկե, նոր քաղաքական իրողություններ է հաստատում, որոնց կարիքը զգում էինք: Չքննարկենք այն հանգամանքը, որ եթե Հանրապետականը երկխոսության էր եկել մարտական կազմով, եթե Բարգավաճ Հայաստանը դարձյալ «առաջին պլան» էր մղել Նաիրա Զոհրաբյանին, ապա «Օրինաց երկիրը» եկել էր անծանոթ անուններով, քաղաքական որևէ կշիռ չունեցող մարդկանցով: Կարևորն այն է, որ այս երկխոսության արդյունքում հիմնավորվեց մի գործընթաց, որն, անտարակույս, տևական է լինելու և մշակելու է մարտավարական մի շարք սկզբունքներ, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են թե´ իշխանություններին, թե´ Կոնգրեսին, որը կարիք ունի ստանալու ողջ ընդդիմադիր դաշտի «դաբրոն»: Կոնգրեսը ապացուցեց, որ ինքը տակավին մենակ է գործում` հանդես բերելով քաղաքական նարցիսիզմի տեսադրույթը, ինչն էլ ժամանակին դարձավ ՀՀՇ-ի կործանման պատճառը: Այսօր էլ նա մենակ է գնում երկխոսության` ի ցույց ամենքի կարծես պնդելով, թե մնացել է միակ ընդդիմադիր ուժը: Մինչդեռ կա մեկ այլ կայացած ընդդիմություն` հանձին «Ժառանգության», որը նույնպես արտահերթ ընտրությունների խնդիրն էր առաջադրում, սակայն հետագայում հասկացավ իր ձեռնարկի անհեռանկարայնությունը: Անհեռանկարայնության մասին հասկացան նաև մյուս ընդդիմադիրները, որոնք հրապարակից հեռացան` նախապատրաստվելով հերթական ընտրությունների: Իսկ ՀԱԿ-ը շարունակում է պնդել իր թեզերը: Իսկ գուցե իսկապե՞ս կան պայմանավորվածություններ նախագահ Սարգսյանի և ՀԱԿ-ի միջև: Եթե կան` ապա այս դեպքում փոխվում են խաղի կանոնները, և ամեն ինչ սկսում է զարգանալ այլ կերպ` առաջ մղելով բոլորովին այլ միտումներ և քայլեր: Այդ դեպքում, նշանակում է` Նախագահը ելնում է իր թիմի դեմ, «գցում« կոալիցիոն գործընկեր ներին և արտահերթ ընտրություններին գնում «շփոթված»` միայն ու միայն պահպանելով իր իշխանությունը: Այսինքն, երկրում ստեղծվում է մի պարադոքսալ վիճակ, երբ իշխանության երաշխավոր Նախագահը հենվում է ընդդիմության վրա կամ էլ ընդդիմությանը վերածում է իշխանության: Սա է հուշում ՀԱԿ-ի հայտարարությունների բնույթն ու ենթատեքստը: Եվ քանի որ սա ամենաանհավանական տարբերակն է, հետևաբար կարելի է ասել, որ ՀԱԿ-ը հայտնվել է քաղաքական հյուծանքի մեջ` միայն մտածելով իշխանության մեջ դիրքեր ունենալու մասին: Իսկ սա պետք չէր թաքցնել ժողովրդավարական կոչերով ու բազմապիսի քննադատական հայտարարություններով: Պետք էր պարզապես ասել. մենք կարոտել ենք իշխանությանը, ԱԺ նախագահի, վարչապետի, նախարարների ու պատգամավորների «քաղցր կյանքին», էլ չենք ուզում ընդդիմություն լինել, որովհետև ասելիք չունենք: Սա առավել ազնիվ կլիներ: Հիմա մնում է միայն եզրակացնել, որ ՀԱԿ-ը երկխոսությունը կերկարաձգի մինչև հունվար ամիս, հետո կհայտարարի, թե իշխանությունները խոչընդոտեցին ու կանցնի հերթական ընտրությունների նախապատրաստությանը: Դա էլ կլինի ՀԱԿ-ի բարոյական հաղթանակը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ