Ուժեղ մարդկանց 7 սովորույթ


1. Դժվարությունները չեն կասեցնում նրանց. Զգացմունքներին չտրվող այս մարդկանց կարելի է անվանել նաև հասուն անհատականություններ: Երբ նրանք բախվում են դժվարությունների ապառաժներին, անձնատուր չեն լինում ու չեն արտասվում մտերիմների մոտ` բողոքելով անարդար և ծանր կյանքից: Դրա փոխարեն` դասեր են քաղում իրենց սխալներից և ավելի ուժեղ են դառնում:

2. Ամեն իր ու առարկա նրանց չեն երջանկացնում. Ժամանակակից հասարակության գուցեև ամենամեծ դժբախտությունը սպառողի հոգեբանությունն է: Շատերն էլ կարծում են, թե կարելի է գնել դեպի երջանկություն տանող ճանապարհը: Բայց ով փորձել է երջանկություն գտնել, ի վերջո հասկացել է, որ դա անկարելի է: Փողով կարելի է շքեղ իրեր գնել, որոնք առժամանակ կարող են ուրախություն պարգևել, բայց ոչ` երջանկացնել: Երջանկությունը հոգուց է բխում:

3. Ուրախանում են ուրիշների հաջողությամբ. Զգացմունքներով ուժեղ անձինք հասկանում են, որ մարդն ավելի լավ է աշխատում, երբ բոլորն են լավ աշխատում: Եվ ուրիշների հաջողությունը տեսնելով` նրանք խանդ ու նախանձ չեն զգում: Որովհետև սեփական փորձով գիտեն, որ ցանկացած հաջողություն ձեռք է բերվում մեծ ջանքերով, և` որ հաջողությանը վաստակ է: Ուրիշների հաջողությամբ մռայլվելու փոխարեն, նրանք ձգտում են ավելի ջանալ:

4. Իրենք են հարթում սեփական ճանապարհը. Ավելին, համոզված են, որ դա է ճիշտը: Ի վերջո, գիտեն, որ հեշտ ճամփաները չեն կոփում անհատականությունը: Աշխատանքը, որոնումները զարգացնում են միտքը, և հասուն մարդը գիտակցում է, որ առանց զարգացած մտքի ու կամքի, սոսկ հովանավորչությամբ առաջ չես գնա: Չէ՞ որ քեզ առաջ մղողները մի օր կողքիդ չեն լինում կամ դադարում են ամենակարող լինել:

5. Նրանցից երբեք չես լսի «չեմ կարող» արտահայտությունը. Նախապես «չեմ կարող» ասելը միշտ խանգարում է ծրագրածն իրականացնել և ընդհանրապես` ինչ-որ բանի հասնել: Ուժեղ մարդիկ երբեք այդպես չեն վարվում: «Չեմ կարող»-ով իրենց չբարդույթավորելով` նրանք ուղիներ են գտնում ամենադժվարին գործն իսկ իրականաց նելու:

6. Սովորույթներից չեն կառչում ու չեն նստում նույն տեղում: Անգամ ամենասիրելի աշխատանքն ու մտերիմ մարդիկ, մտերմիկ հարաբերությունները չեն կարող նրանց համար անշարժության խարիսխ դառնալ ու թույլ չտալ նոր ձեռնարկումներ ստանձնել: Ներքին ուժով օժտված մարդիկ միշտ ձգտում են լավին, կատարելագործման: Ու եթե աշխատանքը, մտերիմների շրջապատը խանգարում է դրան, ապա նրանք հեռանում են ու գտնում նորը:

7. Փոփոխությունների են ձգտում. Հաճախ փոփոխությունները վախեցնում, զգուշավոր են դարձնում մարդկանց: Բայց ոչ` ուժեղ անհատներին: Չէ՞ որ հոգեկան, գիտելիքների ու գիտակցականության զարգացման նախապայման են փոփոխությունները, որոնց ընթացքը ինքդ պետք է կարողանաս կառավարել: Ուժեղ մարդը հասկանում է, որ կյանքը կարգավորելու լավագույն միջոցը հենց փոփոխություններն են:

Եթե հակիրճ, ապա հաջողության բանաձևը հավատն է սեփական անձի, սեփական ուժերի հանդեպ: Ոչ մի պարագայում թևաթափ մի եղեք և ձեզ ու ուրիշներին մի համոզեք, թե տվյալ իրավիճակից ելք չկար: Հաջողությունն անկոչ հյուրի նման պատահական դռներ չի թակում. այն պետք է նվաճել: Իսկ դրա համար նախ հարկավոր է ցանկանալ: