ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԼՌՈՒՄ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ


Դեպի Որմնանկարների սրահ ձգվող աստիճանները մի կերպ հաղթահարած այցելուն ընդարձակ նախասրահում դյուրությամբ է մոռացության մատնում դժվարահաճ վերելքը: Հովհաննես Զարդարյանի վրձնած մեծադիր կտավներից կենդանանում է, ասես, դաշնամուրին կռթնած Կոմիտաս Երաժշտապետը: Ու ասես մեր ազգային մեղեդիների զարթոնքից պայծառացած ու հյուրընկալ կազմակերպիչների օգնությամբ, կանչող հայացքով հրավիրում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի համերգասրահ: Արտիստիկ կանացիությամբ և բեմական առինքնող պահվածքով մերօրյա համերգավարներից շահեկանորեն տարբերվող գեղեցկատես Սոնա Վերդյանը հայեցի հարուստ խոսքով նորից ու կրկին արժևորում է «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի մշակութային գործունեությունը, ներկայացնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկնարկային համերգի երկացանկը: Բարձրաստիճան հյուրերով ու «Ազգային պատկերասրահի» անդավաճան երկրպագուներով լեփլեցուն հանդիսասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ հնչեցնում է Պերգոլեզիի «Ստաբատ մատեր»-ը, ուղղորդում սիրված օպերային մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո) և Քրիստինե Սահակյանի (մեցցո սոպրանո) սրտահույզ երգեցողութ յունը:

- Ի˜նչ աստվածահաճո երգեցողություն, լարայինների ներդաշնակ նվագակցություն,- հիացմունքը չի թաքցնում երաժշտական ինդուստրիայի աշխարհի կարևորագույն փառատոներից մեկի` 1966-ից Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվող Reed MIDEM-ի մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխը:- Ինձ անկեղծորեն հուզեց հայ արտիստների բարձրակարգ կատարումը, չնայած, գիտեք, աշխատանքի բերումով բազմիցս եմ ունկնդրել այս երաժշտակտավի ամենատարբեր մեկնաբանություններ:

Իր երկացանկում հաստատված 60-ից ավելի կոնցերտների, մոնոգրաֆիկ մենանվագային ծրագրերի ամբողջ փայլով հանդես եկավ «դաշնամուրային մոգական հրաբուխ» Սվետլանա Նավասարդյանը:

Միջմշակութային երկխոսության արտասովոր հայտնություն եղավ «Գործիքային երաժշտության երեկոն»: Համեմատաբար «երիտասարդ»` 100-ամյա բայանի նվագախմբային զգայացունց հնչողությամբ կախարդեց հռչակավոր ակորդեոնահար Իոսիֆ Պուրիցը (ՌԴ): Առաջին միջազգային մրցանակը նա շահել էր դեռևս 12 տարեկան հասակում` գերմանական Կլինգենթալի մրցույթում: Բարդագույն դասական ստեղծագործություններն այնքան բազմաձայն մեղեդայնությամբ էր մատուցում հայտնի ակորդեոնահարներից սերող երաժիշտը, որ ներկաներն առավել բուռն ծափերով էին գնահատում ամեն հաջորդ կատարում:

11-րդ «Ազգային պատկերասրահը» մտերմիկ կամերային միջավայրում ներկայացրեց դասական երաժշտությունը: Հատուկ ընտրված խորագրերով 5 տարբեր համերգներ` նոր մեկնաբանություններով ու նոր անուններով, որոնցից հատկապես խանդավառ ընդունվեցին վիրտուոզ թավջութակահար Հասմիկ Վարդանյանը և դաշնակահար Նարա Ավետիսյանը (ԱՄՆ):

Անմոռանալի էր նաև փառատոնի փակման հանդիսավոր համերգը: Երաժշտաթատերական գունագեղ հրավառության շուքով այն դաջվեց երաժշտասերների հոգիներում` Վարդուհի Խաչատրյանի (մեցցո սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանի (տենոր) և Դավիթ Բաբայանցի (բարիտոն) կերպավորած հանրածանոթ օպերային մեներգերով, զուգերգերով ու փոքրիկ դրվագներով, որոնց կենդանացման հենքն ապահովում էր Արմեն Աղաջանյանի դաշնամուրային նվագը:

- Փառատոնի հաջողության գրավականը նախորդը երբեք չկրկնելու մեր որդեգրած սկզբունքն է,- ասում է Մարիամ Շահինյանը: - Եթե անգամ նույն մարդը նորից է մեզ մոտ ելույթ ունենում, նորովի ուշագրավ ծրագրով է հանդես գալիս: Այժմ արդեն ունենք երաժիշտների մի կուռ բանակ` թե´ Հայաստանում, թե´ արտերկրում: Երբ նոր էինք սկսում, դժվարին փնտրտուքի մեջ էինք, իսկ հիմա ընտրության հնարավորություն ունենք: Ցանկացած գաղափար կյանքի է կոչվում, երբ համախոհների բանակ ես ունենում, թե չէ` գաղափարը գաղափար էլ կմնա` ինչքան էլ գրավիչ լինի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ