Զոհեր` անվճար հագուստի հերթում


Կարծում եք` հերթերը միայն սովետմիությա՞ն բնորոշիչն էին, կամ մարդասիրական օգնություն կոչվածի համար միայն երկրաշարժից աղետյալ Հայաստանո՞ւմ էին «գլուխ կոտրում»:

Որտեղ անվճար ապրանք, այնտեղ` անզիջում չքավորներ: Բանգլադեշում կատարվածը վկա:

Առնվազն 23 մարդ զոհվել ու մի քանիսն էլ մարմնական վնասվածքներ են ստացել Բանգլադեշի Միմենսայն քաղաքում տեղի ունեցած «բարեգործական» հրմշտոցում:

Մուսուլմանների համար ամեն տարի բարեսիրության օր կա` զաքյաթը, և մարդիկ փորձել են օգտվել նվիրատվությունից (տեղեկացրել է The DΖily SrΖr-ը` վկայակոչելով տեղական ոստիկանության աշխատակցի պատմածը):

Ականատեսները պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին` ճանաչված ֆաբրիկատեր բարեգործ Մերիլենդ Շամիմի տան մոտ, ուր հավաքված է եղել շուրջ 1500 մարդ: Առավոտյան աղոթքից հետո սկսվել է նվերի բաշխումը, իսկ երբ ծայր է առել հրմշտոցը, ֆաբրիկայի ծառայողները ռետինե մահակներով փորձել են կարգուկանոն հաստատել…

Բժիշկների հավաստմամբ` բոլոր զոհվածների մահվան պատճառը շնչահեղձությունն ու ճզմվածությունն է (21 կին և 2 երեխա): AFP-ն էլ հստակեցրել է, որ հագուստ ձեռք բերել ցանկացողները սարսափելի աղքատ են եղել. մահացածների մարմիններից զգացվում է, որ տառապել են հյուծվածությունից:

ԶԼՄ-ներն էլ նշել են, որ Ռամադանի կապակցությամբ կազմակերպվող ավանդական նվիրատվությունները Բանգլադեշում վերջին տարիներին միշտ ուղեկվում են զանգվածային զոհերով (Newsru.coΗ):

Կարիքը ոմանց վայրագացնում է, ոմանց էլ մղում է գեթ մի պատառ ձեռք գցել` թեկուզ կյանքի գնով: