Չոչավազք


Հետաքրքիր այս «մարաթոնն» արդեն ավանդական է Նյու Յորքում: Մասնակիցները դեռևս քայլել չկարողացող մանկիկներն են, ովքեր իրենց ոտիկ-թաթիկներով սողեսող պետք է հաղթահարեն 3,5 մետր տարածություն (տեղեկացրել է «Միր 24»-ը):

Արտասովոր այս մրցավազքում յուրաքանչյուրը «պայքարում» է ինքն իր համար` առանց ծնողների օգնության ու չեն էլ գիտակցում, որ իրենց կյանքի առաջին ինքնուրույն ճամփան են հատում: Նրանց ծնողները 3,5 մետր հեռավորությունից հետևում են «մրցարշավորդ» փոքրիկներին, լուսանկարում նրանց ու գույնզգույն խաղալիքներ, քաղցրավենիք ցույց տալիս, որպեսզի մանկիկները շտապեն:

Այս տարի վերջնագիծն առաջինը հատել է 11 ամսական Սկառլետը, ում հայրիկը համեստորեն պարզաբանել է, թե արտասովոր ոչինչ չկա, պարզապես աղջնակը շտապել է` շուտ հասնել մայրիկին:

Փոքրիկների մրցավազքը ընտանեկան ժամանցային միջոցառումներից մեկն է, բայց ոչ` միակը: