Ծայրահեղությո՞ւն է, բայց…


Չեչնիայի նախագահի վերջին որոշումներից մեկն իսկապես ծայրահեղ է, սակայն դրանում իր երկիրը սիրող տանտիրոջ մտահոգությունը կա:

Գուդերմեսում նորաբաց մանկական սննդի կոմբինատ այցելելուց հետո Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիան հաջողությամբ լուծում է ներմուծումները տեղական արտադրանքով փոխարինելու խնդիրը և որոշել է հրաժարվել իր երկրից դուրս արտադրված մթերքներից: Նա նույնիսկ սպառնացել է ամուսնալուծվել, եթե կինը անտեսի իր արգելքը: Իհարկե, այս սպառնալիքի համար Կադիրովը ստիպված է եղել կարմրել մոր առջև: Ինչպես ինքն է պատմել`

- Հենց շեմից սկսեց (մայրը-խմբ.) հանդիմանել, թե ինչու եմ այդպես կատակել: Դե արի ու ասա, որ դա լուրջ է: Ստիպված էի կանգնել գլուխս կախ (գրել է «Ռոսիյսկայա գազետա»-ն):

Իսկ փաստն, իրոք, նախանձելի է: Նշյալ կոմբինատը 48 տեսակի մթերք պետք է արտադրի: Դրանից բացի, ինչպես նշել է Կադիրովը.

- Այս տարածքում գործում են պահածոների և մսի արտադրամասեր, հրուշակեղենի ֆաբրիկա և կաթի կոմբինատ…

Ի դեպ, Չեչնիայում բյուջետային աշխատողները պարտավոր են իրենց եկամուտների 10 %-ը նվիրաբերել Ահմատ Կադիրովի անվան բարեգործական հիմնադրամին (տեղեկացրել է «Կոմերսանտ» թերթը): Իսկ միջին աշխատավարձն այս երկրում կազմում է շուրջ 20 հազար ռուբլի:

Ուրիշների եկամուտները չհաշվենք, բայց փաստենք, որ պետության ղեկավարի նման որոշումը իսկապես կխթանի ձեռնարկատիրության զարգացումը: Դե, իսկ եթե իրենց արտադրանքից երկրի առաջին դեմքն է օգտվելու, այդ ո՞ր ձեռնարկատերը, դիցուք, մսամթերքը գրեթե առանց մսի, կաթնամթերքը չգիտես որտեղից բերված կասկածելի փոշիներով կարտադրի: