Դասական ընտրանու նորացված հմայքը


«Նարեկացի» արվեստի միության փոքրիկ դահլիճում ֆլեյտահար Զարուհի ՓԱՐՎԱՆՅԱՆԻ մենահամերգի առաջին իսկ կատարմամբ հաստատվեց ընտանեկան-կամերային հոգեհմա մի մթնոլորտ, որի ջերմացնող-հարազատացնող լիցքերը մի շունչ-մի հոգի դարձրին հանդիսասրահում հավաքվածներին: Կարծում եմ, դյուրահաղորդ փոխըմբռնման գաղտնիքը պետք է փնտրել մեր մոսկվաբնակ հայրենակցուհու հարուստ, զգացմունքառատ ներաշխարհից բխող անմիջականության և կատարողական բարձր վարպետության մեջ: Ունկնդրին ներկայանալով իր իսկ հեղինակած «Առնչվելով տիեզերականին» դաշնամուրային գողտրիկ ստեղծագործությամբ` Զարուհին, փաստորեն, սեփական հույզերի ու խոհերի մասին որոշակի պատկերացում տվեց` կաշառելով բանաստեղծական սիրառատ էության առհավատչյա այդ փոքրիկ երաժշտական մենախոսությամբ: Այնուհետև, խորացնելով մտերմիկ շփումը հանդիսասրահի հետ, ուշագրավ միջանկյալ մանրապատումներով առավել տպավորիչ դարձնելով դասական երաժշտության ընտրանուց քաղված յուրաքանչյուր հաջորդ կատարումը, հասավ իր նախընտրած ստեղծագոր ծական դավանանքի լիակատար հաղթանակին. մասսայական ունկնդրի համար անձանձիր դարձնել երաժշտական դասական գոհարները` լրացնելով դրանց մատուցումը թատրոնի սինթետիկ տարրերով: Եվ սոլֆեջիոյից ու գամմաներից գաղափար չունեցող երաժշտասերը ոչ միայն չհորանջեց, այլև սիրեց Զարուհու կախարդական ֆլեյտայի հնչեցրած քնարաշունչ մեղեդիները` Բոցայի «Արիան», բոլոր 4 տարանտելաները` Գավրիլինի, Ռեգերի, Ռոսինիի և Ցիբինի, սիրո և խանդի հավերժական պատմությունը յուրատիպ արտահայտող կավատինոն` «Նորմա» օպերայից: Թատերականացված մենաներկայացման նմանվեց Անդերսենի մեղմածոր «Օրորոցայինը» փոքրիկ Աբիի շնորհալի մասնակցությամբ, Զարուհու` բանաստեղծությունից երաժշտության վերափոխված մարմնավորմամբ: …Միագիծ ու հարթ չի եղել Զարուհի Փարվանյանի երաժշտական ուղին: Նախնական մասնագիտական կրթությունը ստանալով դաշնամուրի գծով` ստիպված է եղել միառժամանակ խզել կապը իր կյանքն իմաստավորող արվեստի հետ: Ապա, ի զարմանս վարպետ ջութակահար հոր և գուցե թե` նաև իրեն, ընտրել է ֆլեյտան: Պատահաբար, Բախի «Կատակի»-ի (II սյուիտ) ունկնդրության ազդեցությամբ: 2001-ին ավարտում է հանրահայտ Գնեսինների անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարանը (մանկավարժ` Մ. Չեպուրինա)` ուսումնառության տարիներին արդեն աչքի ընկնելով բնատուր ունակություններով, բացառիկ աշխատասիրությամբ: Հենց այդ ժամանակներից էլ զուգահեռ ծավալվում է Զարուհու համերգային գործունեությունը: Ամենահիշարժանը «Գնեսինյան վիրտուոզներ» կամերային նվագախմբի կազմում հյուրախաղային շրջագայությունն էր Ճապոնիայում (2000 թ.): 2002-ին աչքի է ընկնում կամերային երաժշտության «Վերադարձ» V փառատոնում և դառնում մշտական մասնակիցը մոսկովյան Տավղային ամենամյա փառատոնի: Նաև` զուգահեռ դասավանդում Ալյաբևի անվան մանկական երաժշտական դպրոցում: 2006-ին գերազանցությամբ ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա յում (պրոֆ. Վ. Կուդրյայի դասարանը)` վարպետության լրացուցիչ դասեր է ստանում Իտալիայում, հանդես գալիս «Պատկերասրահ Պրեսնյայում» մասսայական բաց դասով` նպատակ ունենալով վարակել օժտված երեխաներին ֆլեյտայի հանդեպ տածած իր անսահման սիրով: Ի դեպ, Զարուհու սաները բազմաթիվ հաջողություններ են արձանագրել «Գարնանային աստղաթափ» համառուսական ամենամյա փառատոներում` խանդավառելով ուսուցչուհուն երաժշտական փոքրիկ կտավներ ստեղծագործել իրենց համար: Զարուհի Փարվանյանի երևանյան մենահամերգին նախորդել են հյուրախաղերը Բուլղարիայում` Գնեսինների անվան մանկական երաժշտական դպրոցի մանկավարժների փողային նվագախմբի կազմում: Գնալով ընդարձակ վում է երիտասարդ երաժշտի գործունեության դաշտը: Հասունացող վարպետությամբ ու պրպտուն ստեղծագործական մտքով նա շարունակում է հստակեցնել իր մշակութային կարողություն ների սահմանները` կատարելության ձգտող համառ աշխատասիրությամբ, սովորելու, անվերջ նորանալու չմարող ցանկությամբ: Ուրեմն չի նվազել XIX դարից իր բարձրարվեստ մասնագիտական ներուժով, ավանդույթներով ակնածանքի արժանի Գնեսինյան երաժշտական եռաստիճան կրթարանի կայացնող զորությունը, որին մեծապես պարտական ենք Արամ Խաչատրյան, Հարո Ստեփանյան, Առնո Բաբաջանյան և հայ երաժշտարվեստում մնայուն հետագիծ թողած շատուշատ ուրիշ հնչեղ անուններ ունենալու համար: Վստահ եմ, նույն եռաստիճան արվեստանոցում թրծվելը կպայմանավորի նաև նորահայտ բազմաշնորհ երաժիշտ Զարուհի Փարվանյանի ստեղծագործական վերընթացը: Աստված մի արասցե, որ կողմնակի խութերը վերստին սպառնան խզել Զարուհու քնարի լարերը, ինչպես ոչ հեռավոր մանուկ օրերում…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ