ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ


ԿԱՐԵԿՑԱՆՔ ՀԱՐՈՒՑՈՂ ՆԵՐԱՇԽԱՐՀՈՎ ԿԱՆԱՅՔ «Կինոյում ես մարդ եմ զգում ինձ ու դերասանուհի, դառնում եմ ինքնավստահ»: Գալյա ՆՈՎԵՆՑ Մինչ թատրոնի պաշտամունքիս անմնացորդ նվիրվելը Գալյա Նովենցին գնահատում էի որպես կանացի կոլորիտային մոտ երեք տասնյակ կերպավորումներով հայկական կինոարվեստին ուրույն հմայք ու տիպականություն հաղորդող տաղանդավոր կինոդերասանուհի: Հավասարապես հետաքրքիր` թե° դրամատիկական, թե° կատակերգական դերերում: Ինչ էլ խաղար` մայր, քույր, դուստր, միշտ հավաստի էր, խորունկ ու հարազատ: Սկսած առաջին կինոդերից` քրդուհի Նազիից (Ֆ. Դովլաթյան. «Բարև, ես եմ», 1965) մինչև միջազգային ճանաչման արժանացած Սիրանույշը (Ա. Մկրտչյան. «Մեր մանկության տանգոն», 1984) , ռուսական որբանոցի տնօրինուհի Գայանեն (Կենտրոնական հեռուստատեսության պատվիրած «Ռիսկի խումբ» եռամաս հեռուստաֆիլմում, 1989) և հայ կնոջ կերպարի վերջին էկրանավորումը (Ար. Աղաբաբով, «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 1991): ... Շուրջ 20 տարի նրա անունը չիջավ մեր էկրանից` ուշագրավ աշխատանքներ ներկայացնելով ժամանակի բոլոր հայ կինոբեմադրիչների ֆիլմերում: Լավագույն կինոկերպարը, անշուշտ, Սիրանույշն էր` Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» կինոպատումի մեջ: Հրաշալի դերասանական զույգ կազմելով Մհեր Մկրտչյանի (Ռուբեն) հետ` Նովենցը ծիծաղի ու արցունքի ներդաշն համադրությամբ ստեղծում է հետպատերազմյան հայ կնոջ հավաքական կերպար` արտահայտելով մեկուկես տասնյակ դրվագային կինոդերերով կուտակած կատարողական ողջ ներուժը: Եվ պատական չէ, որ հանրապետական, միութենական և միջազգային բարձրագույն պարգևներում, որոնց արժանացել է «Մեր մանկության տանգոն», առանձնակի նշվել է Գալյա Նովենցի դերակատարման վարպետությունը: Վենետիկի համաշխարհային 42-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը շնորհելիս այսպես բնութագրեցին նրա արվեստը. «Ֆիլմում գերիշխողը դերասանուհի Գալյա Նովենցն է, Աննա Մանյանիի խիստ արևելյան տեսակը»: Ոչ մի կասկած չկար, որ Սիրանույշով սկսվելու է մի նոր վերընթաց շրջափուլ Նովենցի էկրանային կյանքում: Ավաղ, անցյալ դարի 90-ականների հեղաբեկումնային իրադարձությունների համընդհանուր փլուզման ուժգին թափին անկարող եղավ դիմագրավել նաև հայրենական կինոարտադ րությունը (հոգեվարք, որ չգտնելով վերականգնողական որևէ հզոր ազդակ, շարունակվում է մինչև օրս): Ոմանց նման Նովենց դերասանուհին էլ իր ստեղծագործական եռանդը կենտրոնացրեց թատրոնում: Ասենք, բեմարվեստում նա վաղուց էր հաստատվել, չնայած համաժողովրդական սեր ու ճանաչում վայելում էր որպես կինոդերասանուհի: Ընտանեկան-բարեկամական թատերական միջավայրում ամրապնդված մանկական նախասիրությունները նրան առաջնորդել են Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Սովորելով անվանի բեմադրիչ-մանկավարժ Արմեն Գուլակյանի դերասանական արվեստանոցում` ի հայտ է բերում բնավորություն կերտելու բնատուր կարողություններ: Իր Գալչիխայով («Անմեղ մեղավորներ») և Նադինկայով («Կտակ») վաստակելով հեռատես մանկավարժի հուսադրող գնահատականը. «Գալյա Նովենցը ունի մեծ առավելություն` նա երբեք չի կեղծում: Ունի կերպարի զգացողություն, դերից դեր փոխվում է: Ունի ամեն ինչ լավ դերասանուհի դառնալու համար»: Ինստիտուտն ավարտելուց հետո, Երվանդ Ղազանչյանի հետ նոր թատերական ընտանիքի դաշինք կազմած, շրջանավարտների խմբի հետ Նովենցն էլ ոտք է դնում Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոն: Սկսնակ դերասանուհու խաղացանկը ձևավորվում է շատերի համար այդպես էլ երազանք մնացած հերոսուհիների դերակատարումներով: Երվանդ Ղազանչյանը ավարտում է նաև Վարդան Աճեմյանի ռեժիսորական կուրսը, և խաղընկեր ամուսինների ստեղծագործական որոնումների ուղին ձգվում է դեպի Գ. Սունդուկյանի անվան (1962-70), Լենինականի Ա. Մռավյանի անվան (1970-76), Երևանի դրամատիկական (1976-80) թատրոններ, որտեղ Նովենցը հանդես է գալիս Ղազանչյանի մի շարք բեմադրություններում. Ֆ. Գ. Լորկա. «Բեռնարդա Ալբայի տունը»-Մարտիրիո, Ալ. Շիրվանզադե.«Պատվի համար»-Մարգարիտ, Բ. Բրեխտ. «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները»-Կատրին, Ա. Չխաիձե. «Կամուրջ»-Մարիկա Չոդրիշվիլի, Ժ.-Պ. Սարտր. «Անշիրիմ մեռյալներ»-Լյուսի, Ժ. Հարությունյան. «Հունիս էր, արև…»-Սուսան… Դարաշրջաններով և մարդկային նկարագրերով անգամ իրարամերժ կերպարներ: Դեպի թատերաշխարհ առաջին ինքնավստահ քայլերն էին անում երկու որդիները` Հակոբը և Ստեփանը: Այնուհետև Գալյա Նովենցը հաստատվում է իր անդավաճան կինոխաղընկերոջ` Սոս Սարգսյանի հիմնած Համազգայինի թատրոնում (1991): Մութ ու ցուրտ 90-ականներին ստեղծված այս միակ թատրոնում դերասանուհին իրեն հատուկ հոգեբանական անձնավորման արտահայտչամիջոցներով, խաղաղ դրամատիզմով մարմնավորում է մի շարք հուզառատ կերպարներ` գրեթե բոլորը վիշտ ու հոգս ունեցող, կարեկցանք հարուցող ներաշխարհով կանայք: Անջնջելի են մնացել տպավորություններս Գալյա Նովենցի Լիսիստրատեից` Արիստոփանեսի համանուն կատակերգության Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ: Նրա հերոսուհին պարզ ու հասարակ մի կին էր` մյուսներից իր խոհեմությամբ ու կամքի ուժով առանձնացող: Մերթ քնքուշ էր ու կանացի, մերթ` անկիրթ ու աղմկոտ: Հանդիսատեսը կրակոտ ու անհանգիստ խառնվածքով նրա աթենուհուն սպասում էր միշտ որպես կենտրոնական դեմքի, որպես ներկայացման առաջատար ուժի: Եվ դերասանուհին մինչև վերջ կարողանում էր մնալ այդ ուժը: Գալյա Նովենց-մարդուն առիթ ունեցա ճանաչելու նրա վերջին դերակատարումից (միսիս Սևիջ-Ջ. Պատրիկ. «Տարօրինակ միսիս Սևիջը», բեմ.` Հրաչյա Աշուղյան) հետո: Ինչպես Արմեն Ջիգարխանյանն է դիպուկ արտահայտվել. «Դժվար է ասել` որտեղ է սկսվում Նովենց մարդը, և որտեղ վերջանում նրա ստեղծագործությունը»: Զուսպ ու համեստ, անաղմուկ ու սակավախոս հայոց պարկեշտ տիկին, մայր, անձնուրաց տատիկ, ով կյանքի ճակատագրական հարվածներից ամենևին չի չարացել, չնայած աչքերում մշտապես դառնաղի թախիծ ես կարդում: Եվ ակամա համեմատում եմ իր Լիսիստրատեի հետ, ով իր գրկում գուրգուրած նորածին մանկան հաղթական ճիչո°վ վերջակետեց երկարատև արյունոտ պատերազմը...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ