Անկոչ բրդոտ հյուրերը


 

«Արջն ու աղջիկը» հեքիաթը իրականություն է դարձել նորվեգական Յաֆորդ գյուղում: Չնայած` «դեպքերը» զարգացել են ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Ոչ թե աղջիկն է հայտնվել երեք արջերի տանը, այլ հսկա բրդոտների ընտանիքն է ներթափանցել մարդկանց տուն: Եվ ոչ թե երազում` ինչպես հեքիաթում էր, այլ` իրականում: Իսկ հետո տանտերերն են սկսել բղավել`

- Ո˜՞վ է նստել իմ աթոռին:

- Ո˜՞վ է խմել իմ գարեջուրը…

- «Արջերը երեկույթ են կազմակերպել ամառանոցում»` ծանուցել են նորվեգական թերթերը: Երկրի հյուսիսում 4 գիշատիչ գազաններին հրապուրել է այդ տունը, որտեղ նրանք մի լավ քեֆ են արել. ոչ ավել-ոչ պակաս` 100 բանկա գարեջուր են խմել, վայելել մարդկանց ուտեստներն ու հյութերը (հաղորդել է NRK ռադիոկայանը:

Ամառանոցի տերերն այդ գիշեր տանը չեն եղել, այլապես հումորի պես հնչող այս պատմությունը ողբերգության կվերածվեր:

Արջերը չէին կարող բանալով բացել փակ դռները և փուլ են ածել պատերից մեկը, մյուս պատերից պոկել են դարակները, կոտրտել մահճակալները: Նրանք անտարբեր չէին կարող մնալ նաև քաղցրավենիքի հանդեպ. խժռել են մի քանի բանկա մեղր, շոկոլադի մածուկ, կոնֆետներ: Հետաքրքիր է` գարեջրից առա՞ջ, հետո՞, թե՞ հենց գարեջրախառն… Ու բրդոտների բախտն այնքան է բերել, որ պաշարով հարուստ տուն են մտել: Բացի այդ` նրանց պատասխանատվության կանչող չի լինի: Ամենակարևորը` իրենց գիշերը վայելել են առանց զոհերի ու առանց վնասվելու:

Տանտերը` Իվեն Նիլսենը, մտավախություն ունի, որ անկոչ հյուրերը կարող են նորից վերադառնալ: