ՄԵԿ ՁԱՅՆԸ` ԵՐԵՔ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ  


 

Գյումրիից մեր իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքում լուրեր են շրջանառվում առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի քվեարկության համար սահմանված ընտրակաշառքների մասին: Ըստ տարածված լուրերի, ֆավորիտ հանդիսացող Սամվել Բալասանյանը որոշել է մեկ ձայնի համար վճարել երեք հազար դրամ: Իհարկե, հազիվ թե գյումրեցիները նման չնչին վճարին համաձայնեն, քանի որ ԱԺ ընտրությունների սակագինը շատ ավելի բարձր էր: Սակայն չի բացառվում, որ մեկ կիլոգրամ միս գնելու հեռանկարով ապրող որոշ ընտրողներ ձայն ծախեն նաև այդ գումարով:

Քաղաքապետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց.

- Չեմ պատրաստվում ինչ-որ գումար տրամադրել ձայներ հավաքելու համար: Նախ` համոզված չեմ, որ մարդիկ վերցնում են գումարն ու ձայն տալիս այն բաժանողին: Երկրորդ, եթե ես այնքան գումար ունենայի, որ կարողանայի բաժանել մարդկանց, ապա դրանք կուղղորդեի սոցիալ-մշակութային նշանակության խնդիրների լուծմանը:

Հովսեփ Սիմոնյանը նաև համոզված է, որ բաժանվող գումարները որևէ նշանակություն չեն կարողանալու ունենալ, քանի որ գյումրեցիների մեծ մասն արդեն ուղղորդված է և սեպտեմբերին 9-ին ձայն է տալու այն թեկնածուին, ով ամեն օր քնել ու արթնացել է այս քաղաքում, տեսել է մարդկանց ցավն ու հոգսը...