Համբույրի հուշաքար


 

Ո՞ւմ չի թևավորել առաջին համբույրը` որը հասուն սիրո նախաքայլն է: Երևի ոչ մեկը հետո չի մոռանում դրա համն ու բույրը, բայց ոչ բոլորն են, որ այդ վայրը հուշաքարով են զարդարում: Դե, նախ բոլորի համար մոլորակը փոքր է, բացի այդ` բոլորը գերտերության սիրագորով նախագահ չեն:

Մի խոսքով` Բարաք Օբաման իր ապագա կնոջը` Միշելին, առաջին անգամ համբուրել է 1989 թ.` իրենց հարազատ Չիկագո քաղաքի պաղպաղակ-սրճարաններից մեկում: Ու այսուհետ դարակազմիկ այդ իրադարձության մասին կպատմի այնտեղ տեղադրված գրանիտե քարը` հուշատախտակով (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական մամուլի հրապարակումները):

Բարաք-Միշել զույգը ծանոթացել է 1988 թ., երբ երկուսն էլ աշխատել են իրավաբանական «Սիդլի Օստին» խոշոր ընկերությունում: Ինչպես պատմել է Միացյալ Նահանգների նախագահը` Միշելը համաձայնել է իր հետ հանդիպել մի քանի խնդրանքներից հետո: Նրանց հանդիպավայր BΖskin Pobbins սրճարանի տեղում հիմա SubwΖy ուտեստարանն է:

Շուրջ 1,5 տոննանոց հուշաքարը տեղադրվել է ծաղկաբլրակի վրա: Հուշաքարին ամրացված է ոսկեգույնասևավուն ցուցանակ` Օբամաների լուսանկարներով, որոնց ներքևում Բարաք Օբամայի խոսքերն են դաջված. «Մեր առաջին ժամադրության ժամանակ ես նրան հյուրասիրեցի BΖskin Pobbins-ում եղած ամենալավ պաղպաղկով: Ես համբուրեցի նրան և զգացի շոկոլադի համը»:

Ցուցանակի ամենաստորին մասում էլ գրված է` «Այս վայրում նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ համբուրել է Միշել Օբամային»:

Անկեղծ ասած` այստեղ մի փոքրիկ անճշտություն կա` այն ժամանակ Միշելը դեռ Օբամա չէր: