Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ՍՏԱՑԵԼ


 

ՀՀ նախկին վարչապետ և այժմ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մի խոստովանություն է արել.

- Կոնյակի գործարանում աշխատած ութ տարիների ընթացքում որպես աշխատավարձ ստացել եմ մոտ 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ` ամսական մոտ 7,5 միլիոն դրամ:

Ազնիվ լինենք և ասենք, որ Հայաստանում 7,5 մլն դրամ աշխատավարձ ոչ ոք չի ստանում: Իսկ ահա ֆրանսիացիները նրան նման աշխատավարձ են տվել: Եվ այն բանի համար, որ մեկ միլիոն շիշը հասցրել է չորս միլիոնի: Լա´վ է արել: Բայց ո՞ւմ հաշվին: Բնականաբար, հայ գյուղացու, ումից կոնյակի գործարանն ամեն տարի չնչին գներով խաղող է մթերել, երբեմն դիմելով խորամանկության` բարձրորակ խաղողը համարել արտադրության համար ոչ պիտանի, որպեսզի գյուղացին մի ինչ-որ գնով տա ու հեռանա: Դրանից էլ կուտակվել են գերշահույթները, որոնց հաշվին էլ Հրանտ Բագրատյանն ամսական 7,5 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել: «Հայրենասեր» գործիչը, «Արդարություն» կուսակցության առաջնորդը գոնե մի անգամ չի մտածել, որ ինքն ամենաիսկական հարստահարիչի կերպար է եղել, ֆրանսիացիների օգնությամբ հարստահարել է հայ գյուղացիներին, խախտել արդարության բոլոր նորմերն ու դարձել միլիոնատեր: Հիմա էլ եկել է ԱԺ և քննադատում է երկրի տնտեսական քաղաքականությունը: Այն քաղաքականությունը, որի «ճարտարապետներից» մեկն է եղել, որն էլ իրեն հնարավորրություն է տվել ազգային հարստությունը վաճառածների հետ վայելել կոնյակի գործարանի բարիքները:

Հիշեցնենք, որ այդ գործարանը կառուցվել է հայ աշխատավորներից գանձված եկամտահարկերի հաշվին: