ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՍՏՂԵՐԸ ՄԻԱՅՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՆ»


-Երաժշտական կրթությունն անհրաժեշտ է` երգը ճիշտ մատուցելու համար. առաջնայինը դա է: Ես, օրինակ, ավարտել եմ կոնսերվատորիայի օպերային վոկալի բաժինը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Նվագում եմ նաև ջութակ և դաշնամուր: Երգ- երաժշտությունը մի հրաշագեղ աշխարհ է: Շատ եմ սիրում դասականը: Մեծ հանգստություն եմ զգում հոգևոր երգեր կատարելիս: Շարականներն ու սաղմոսները, երբ յուրաքանչյուր բառ ընկալելով ես երգում, թվում է` բուժում են հոգիդ: Պատահական չէ, որ պատարագից հետո բոլորն են իրենց հանգստացած զգում: Մեծ ցավ է, որ երիտասարդների մի մասը հեռացել է իրական արվեստից: Հոգևորը հիմա ոչ բոլորն են ընկալում: Այն բարձրակարգ երաժշտություն է. ռաբիսով տառապողը աստվածայինն ընկալել չի կարող,- համոզված է Գյումրու «Ս. Յոթվերք» եկեղեցու երգչախմբի մեներգչուհի Արևիկ Գրիգորյանը - Արևիկ, երբվանի՞ց ես սկսել երգել: - Որքան ինձ հիշում եմ, միշտ երգել եմ: Ասում են` 2 տարեկանից: ԴԵռ 3 տարեկան էի, երբ Վ. Աճեմյանի անվան թատրոնում Վ. Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգեր» պիեսում խաղացի հրեշտակի դեր և այդ ժամանակ առաջին անգամ բեմից երգեցի, այն էլ` ֆրանսերեն: Այսինքն` արդեն 22 տարի երգում եմ: - Երեք տարեկան երեխայի համար դժվար չէ՞ր բեմում երգելը, այն էլ օտար լեզվով: - Չէի ասի, թե դժվար էր: Երգի բովանդակությունը գիտեի, բառերը հիմա էլ հիշում եմ: Հետերկրաշարժյան շրջանն էր: Պիեսը սիրվեց բոլորի կողմից: Դահլիճը թնդում էր հոտնկայս ծափահարություններից: Բեմադրիչը Երվանդ Ղազանչյան էր, շատ լավ դերասաններ էին խաղում: Ցավում եմ, որ այդ ներկայացումն այլևս չկրկնվեց: - Իսկ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբին ե՞րբ ես անդամագրվել: - Արդեն սովորում էի կոնսերվատորիայում, ծանր քննաշրջան էր, մայրս, որ «Ս. Յոթվերք» եկեղեցու երգչախմբի ղեկավարն է, հոգնածությունս թոթափելու և մի քիչ ցրվելու համար առաջարկեց իրենց հետ երգել: Գնացի, երգեցի ու.. մնացի խմբում: Դա 2001-ին էր: Արդեն հաջորդ տարուց խմբի մեներգիչն եմ: - Դժվար չէ՞ մոր հետ աշխատելը: -Ոչ, բայց պատասխանատվությունս է շատ, չէ՞ որ ես պիտի միշտ արդարացնեմ իր վստահությունը: - Իսկ մորդ համա՞ր: - Չգիտեմ, ինքը երբեք չի դժգոհել: Տանը մենք գործից գրեթե չենք խոսում, թեև, բացի երգչախումբը, երկուսս էլ աշխատում ենք նաև 7-րդ երաժշտական դպրոցում, «մրցակիցներ» ենք: - Արդի շոու բիզնեսում ո՞ր աստղին ես բարձր գնահատում: - Աստղերն ինձ համար երկնքում են, իսկ երկրայինները, որ այդպես են կոչվում, մատուցում են հիվանդ երաժշտություն և դրանով փչացնում մարդկանց ճաշակը: Ինձ համար խնկարկելի են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը և այլք. նրանք, ովքեր իսկական հայկական երգ ու երաժշտություն են ստեղծել: - Ինչպե՞ս կարելի է բուժել մեր հիվանդ ճաշակը, արդյո՞ք ուշ չէ: Հնարավո՞ր է կրկին հայ երիտասարդի հայացքն ուղղել բարձր մակարդակի արվեստը, դեպի իր ակունքի երգն ու երաժշտությունը: - Արդեն որոշ քայլեր նկատվում են: Այն երգերն ու պարերը, որոնք մոռացության էին մատնվում, կրկին մատուցվում են հասարակությանը: Ողջունելի է, բայց այսքանը բավական չէ, նման ծրագրերը պետք է շատ լինեն: Մեր երկրային աստղերը, հասկանալի է, իրենց երգ- երաժշտությունը մատուցելուց հրաժարվել չեն կարող. դա եկամտաբեր է: Բայց նման «փառավոր տիտղոս» կրողներն իրենց պատճառով հիվանդացած ճաշակը և հետզհետե ապականվող հոգիները թող ապաքինեն` երբեմն էլ ազգայինը կամ թեկուզ օտարների, բայց մակարդակ ունեցողը, դասականը մատուցելով: Օրինակ, մի՞թե հնարավոր չէ գոնե անվճար համերգներին (տեղական և պետական տոների, նախընտրական համերգաշրջագայությունների և այլնի ժամանակ) բարձրակարգ երգեր կատարել: Թե՞ վախենում են չկարողանան... Անդադար խոսում ենք 1915 թվականի մասին, պատասխան պահանջում: Հիմա մենք եղեռնի մեջ ենք` առանց սրի: Ազգային երաժշտությունը, հոգևոր երգը, ողջ հայ մշակույթը եղեռն է ապրում, կործանվում է այն, ինչ ստեղծել են մեր մեծերը: Երիտասարդները հեռացել են ազգայինից, մոտեցել են արաբական ու թուրքական երաժշտությանը, մոռացել հայկական արվեստը և նույնիսկ պորտապարն են փորձում ներմուծել մեր առօրյա: Իրական եղեռնը սա է, ու չգիտես, թե ումից պահանջես հարցի լուծումը… - Լինելով հայուհի, ում անչափ սիրելի են մեր մշակույթը և ավանդույթները, ի՞նչ կհորդորեիր քո տարեկիցներին: - Ուղղակի գնահատեք ու պահպանեք այն ամենը, ինչ դարերի ընթացքում մեր նախնիները կարողացել են պահպանել: Սիրեք ազգային երգն ու պարը, հավատարիմ մնացեք ձեր արմատներին: Մի տարվեք ռիթմերով այն ազգերի, որոնք սպանել, լլկել են մեր ժողովրդին: Հիմա էլ նրանց մշակույթին տրվելով, մեր իսկ ձեռքերով մեզ չկոտորենք: Ամուր կառչեք հայրենի հող ու ջրից, որ ոչ մի քամի ձեզ տեղահան չանի: - Երգից բացի ի՞նչ նախասիրություններ ունես: - Գորգ և գոբելեն եմ գործում: Իմ ձեռագործ աշխատանքները ցուցադրվել են գեղագիտական կենտրոնում: Ազատ ժամերիս ձգտում եմ ավելի խորությամբ ուսումնասիրել իմ սիրած լեզուները` անգլերենը և իտալերենը: - Ո՞րն է ամենաարժեքավոր խորհուրդը, որ երբևէ ստացել ես: - Իմ ամենամեծ խորհրդատուն մայրիկս է, և նրանից ստացած բոլոր խորհուրդները ջանում եմ կիրառել: -Հուզվու՞մ ես բեմ բարձրանալիս: - Հուզմունքը միշտ էլ կա: Ձգտում եմ չտրվել հույզերին ու զգացմունքներին: Ամեն կերպ ջանում եմ հաղթահարել այն և երգը մատուցել այնպես, ինչպես պահանջում է գրագետ ունկնդիրը: -Միջազգային «Վերածնունդ» փառատոնին ինչո՞ւ չմասնակցեցիր: - Որովհետև «Վերածնունդ» անդրանիկ միջազգային փառատոնին եմ մասնակցել և արժանացել առաջին կարգի մրցանակի ու ոսկե մեդալի: Դրանից հետո մասնակցել և դիպլոմների են արժանացել իմ սաները: Այս տարվա փառատոնին երեք սաներս դիպլոմակիր դարձան: Հայկական երգն ու երաժշտությունն ինձ բախտ է վիճակվել ներկայաց նելու նաև Վիեննայում, ուր երգել եմ Կոմիտասի «Կռունկը», «Քելե-քելեն» և այլն: Երգում էի մեծ ոգևորությամբ ու սիրով: Օտար երկրում էի, մեջս արթնացավ հայրենի հողի կարոտը, և երգեցի ամբողջ հոգով: Ունկնդիրներն հոտընկայս ծափահարում էին ու արտասվում: Նրանք թողել էին արտասահմանյան ռիթմիկ երգերը և ցանկանում էին լսել իրենցը` ազգայինը, կոմիտասյանը: Ուստի երգերը կատարեցի նաև երկրորդ անգամ: - Լյա-լյաները երբևէ օգնե՞լ են քեզ նեղ վիճակում: - Մի անգամ նման բան եղել է: Այդ համարը նախատեսված չէր, բայց համերգի կազմակերպիչներն անսպասելիորեն որոշեցին, որ պետք է կատարեմ: Երգի բառերը չէի հիշում և օգտվում էի թերթիկից: Հանկարծ միջանցիկ քամին թղթերս խառնեց: Այդ ամբողջ ժամանակ լյա- լյա-լյա էի անում, մինչև որ տեքստս գտա: - Սիրո՞ւմ ես խնջույքներում երգել: - Միայն այն դեպքում, երբ շրջապատված եմ մտերիմներով ու հարազատներով, և մթնոլորտը տրամադրող է: Հարցազրույցը` Աննա ՄԱՐԳԱՐՅԱՆԻ և Արմենուհի ՍԻՐՈՒՆՅԱՆԻ ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի