ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ


Խորին խորհուրդ ուներ այս տարվա ավանդական «Թումանյանական օրը», որն անց է կացվում ամեն տարի աշնանը: Բայց այս տարվա «Թումանյանական օրը» տարբերվում էր նախորդներից, որոնք անց էին կացվել մինչ այդ: 40 տարի հետո առաջին անգամ Հայաստան և Դսեղ էին եկել Թումանյանի ժառանգները: Նրանք 23-ն են, իսկ 20-ը այստեղ են` Դսեղում: Բնականաբար, ուշադրության կենտրոնում հենց նրանք են` Թումանյանի 2 թոռները, 9 ծոռները և նրանց շառավիղները: Առաջինների թվում ձայն են ստանում Թումանյանի թոռները` Սուրմա Թումանյանը և Իրմա Սաֆրազբեկյանը: Առաջինը մասնագիտությամբ բժիշկ է, ապրում և աշխատում է Սանկտ-Պետերբուրգում, արդեն 80 տարեկան է, Թումանյանի Արեգ որդու զավակն է: Հուզված է տիկին Սուրման, խոսքն էլ` հակիրճ. «Շնորհակալություն նրանցից, ովքեր կարողացան այսպիսի ժողովրդական տոնախմբություն կազմակերպել: Սա ցույց է տալիս, թե որքան խորն է հարգանքը իմ պապի և հայ ժողովրդի մեծ զավակի` Հովհաննես Թումանյանի նկատմամբ»: Իրմա Սաֆրազբեկյանը` մյուս թոռնուհին, միակն է, ով իր ընտանիքով ապրում է Հայաստանում: Նա Թումանյանի մասունքները հանձնելով Դսեղի տուն- թանգարանին` խոսում է այն մասին, որ Թումանյանի գրական ժառանգությունը որքան ուսումնասիրված, նույնքան էլ նոր հետազոտությունների կարիք ունի: Իսկ այդ ուսումնասիրությունները հենց այստեղ` Դսեղի Թանգարանում են կատարվում` Վանաձորի մանկավարժական համալսարանի մասնագետների օգնությամբ և աջակցությամբ: Կազմվում է Թումանյանի 10 հատորյակի համաբարբառը: Օրվա մյուս բանախոսները ևս խոսքաշատ են և իրենց ասելիքը համեմում են թումանյանական պոեզիայի գոհարներով: Եվ այդ ամենը Մեծ Թումանյանի դասերն են, խոհափիլիսոփայական մտորումները, որոնցով ներկաներին դիմեցին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վանաձորի բաժանմունքի ղեկավար Մանվել Միկոյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը և ուրիշներ: Ինչ խոսք, որ օրվա առանցքը կազմեց նաև արվեստագետների` թումանյանական ստեղծագործությունների կատարումները: ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը, Արմենուհի Սեյրանյանը, Մհեր Խաչատրյանը ներկայացրին արիաներ «Անուշ» օպերայից, երգիչ Հենրիկ Սահակյանը, ասմունքողներ Հռիփսիմե Սարգսյանը, Լիանա Զարգարյանը ներկայացրեցին երգեր, պոեզիայի գոհարներ: Այնուհետև այստեղ ձևավորված «Թումանյանական օրվա» հարթակը, որը հանդիսավարը` Ջիվան Սարգսյանը ազատ համարեց, ու մեկը մյուսի հետևից այն զբաղեցնում էին դերասաններ, երգիչներ կամ պարզապես Թումանյանի ստեղծագործությունների սիրահարներ: Ինչ խոսք, ամենաարժանահիշատակը Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դերասանների` Թումանյանի մոտիվներով ստեղծագործությունների ներկայացումն է, որին այդքան ջերմությամբ արձագանքեցին ներկաները: «Թումանյանական օրվա» ավանդական կազմակերպիչները «Թումանյանական հաց» էին կազմակերպել հենց տուն- թանգարանի բակում, ուր գինով լի բաժակներ բարձրացվեցին Մեծ Լոռեցու հիշատակին: Խմեցին նաև նրա ժառանգների կենացը, ովքեր ուխտագնացության էին եկել դեպի իրենց այն ակունքները` Դսեղը, որն այդքան սիրում ու պաշտում էր Թումանյանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ