ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Աիդա ԹՈՓՈՒԶՅԱՆ. Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ «Ամենադժվարն այն է, երբ անզոր և անկարող ես օգնել, փրկել...» Ծնվել է Լիբանանում, Բեյրութում£ Սովորել և արծաթե մեդալով ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգը, այնուհետև` Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը, ինչպես նաև Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան£ Դեռևս դպրոցական տարիներից ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքով£ Համալսարանը ավարտելուց հետո ընտրվել է համալսարանի կոմերիտմիության քարտուղարի տեղակալ, կոմերիտմիության Մյասնիկյանի շրջանային կոմիտեի քարտուղար, 1975-1984 թթ. ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, երկրորդ, իսկ հետագայում` առաջին քարտուղար£ Այնուհետև եղել է ՀԿԿ բյուրոյի անդամության թեկնածու, կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար, Հայաստանի գերագույն խորհրդի նախագահության անդամ, պատգամավոր£ Երկար տարիներ եղել է Հայաստանի ժողովրդական կրթության նախարարի տեղակալ, ապա` ՀՀ կրթության և գիտության փոխնախարար£ Այժմ աշխատում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Փոքր հասակից սովորել եմ դժվարությունները հաղթահարել£ Երբեք չեմ կարողացել հարմարվել ստի, կեղծիքի, լկտիության, բռնության, մարդուն նվաստացնելու և մանավանդ անարդարության հետ£ Դժվար է եղել ծնողներիս, ընկերներիս կորուստը, ամենադժվարը` երբ անզոր և անկարող ես օգնել, փրկել£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակն ըստ Ձեզ£ - Չեմ պատկերացնում ինձ «ոչ հայ»£ Մանկուց են դա իմ մեջ «սրսկել»£ Չնայած 5-8 տարեկանում սովորել եմ ֆրանսիական դպրոցում, սակայն տանը միայն հայերեն էինք խոսում£ Հայի տեսակն ըստ ինձ` իր հայրենիքը, երկիրը սիրող, գնահատող, զարգացմանը նպաստող, նրա պատմությունն ու ավանդույթները, գիտելիքն ու ընտանիքն արժևորող հայ մարդն է, որի մեջ զուգորդվում են ազգայինն ու համամարդկայինը, ունի պետական մտածելակերպ և հպարտ է, որ հայ է£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Մարդկանց հետ աշխատող, կադրեր պատրաստող մարդը միշտ ավելի տեղեկացված է լինում£ Ես շատ գաղտնիքներ եմ իմ մեջ պահում, սակայն դրանք բարձրաձայնել չեմ կարող, որովհետև դրանց մի մասը մարդիկ ինձ վստահել են, մի մասն էլ պատմելու դեպքում կարող եմ մարդկանց ցավ պատճառել£ Դա չի կարելի անել£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Բնության ինքնակարգավորումը, մարդկային բնության հակասականությունը և շատ այլ երևույթներ£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի դեպք, որ երբեք չեմ մոռանա£ Սփյուռքահայ գրող Կ. Զարյանի ընտանիքի հետ ծնողներս մտերիմ էին£ Զարյանի կինը` Ֆրենսիզը, ծանր հիվանդացավ և բուժվում էր Երևանի թիվ 8 հիվանդանոցում£ Մայրիկիս հետ հերթական անգամ այցելեցինք նրան և գտանք ահավոր զայրացած վիճակում£ Պարզվեց, որ հիվանդանոցի բուժքույրերից մեկը հիվանդի քնած ժամանակ մտել է հիվանդասենյակ, պայուսակից հանել շրթներկը և սկսել քսել շրթունքներին£ Այդ ժամանակ Ֆրենսիզն արթնացել է և կարկամել£ Հետո հասկացել է, թե ինչ է կատարվում ու սկսել է բղավել£ Այս դեպքն ինձ վրա շատ էր ազդել, և մինչև հիմա հիշում ու զարմանում եմ, թե ինչպես կարելի է ուրիշի պայուսակը խառնել, առանց հարցնելու ուրիշի իրը վերցնել և մանավանդ` ուրիշի շրթներկն օգտագործել£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Իմ ծնողները շատ լավ ընկերական շրջապատ ունեին, և մեր տուն շատ հաճախ ընտանիքով հյուր էին գալիս նկարիչներ Հարություն և Արմինե Գալենցները, Արա Բեքարյանը, քանդակագործ Երվանդ Քոչարը, Արտո Չաքմաքչյանը, լուսանկարիչ Սամվել Խանդիկյանը և այլն£ Մինչև հիմա հիշում եմ այն հետաքրքիր, ջերմ, բազմաժանր զրույցները, բանավեճերը, որոնք տեղի էին ունենում մեր տանը£ Երվանդ Քոչարը հենց տուն էր մտնում, նստում էր, ծխամորճը հանում, ինձ ու եղբորս նստեցնում դիմացը, ամեն մեկիս հինգ բառ էր տալիս և ուղարկում դրանցով փոքրիկ պատմվածք հորինելու£ 15 րոպեից պետք է պատրաստ լինեինք£ Ամեն անգամ ավարտելիս մեզ գովում էր, մեր գրածն արժևորում, բոլորին ստիպում ծափահարել£ Իհարկե, գնալով բառերը դժվարանում էին, և առաջին հայացքից դրանց մեջ կապ գտնելը բարդանում էր£ Սակայն մինչև հիմա հիշում եմ, որ ամեն անգամ այդ «ներկայացումը» ավարտելիս զգուշացնում էր. «Երբ մի բան ես գրում, կամ ասում, թեկուզ երկու նախադասություն, միտք, իմաստ պետք է արտահայտել և ունենալ ելակետային բառեր, որոնք անպայման անհրաժեշտ է շեշտել»£ Այս պատգամն ուղեկցում է ինձ մինչև այսօր£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ