ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կայացած քաղաքական համակարգ ունեցող պետություններում երբեք չեն կարող առաջանալ այն խնդիրները, որոնք ամեն հերթական խորհրդարանական ընտրություն ներից առաջ, սովորականի պես, ալեկոծություններ են առաջացնում հայրենի ներքաղաքական դաշտում: Երբ հայտնի է, որ երկրում գործող կուսակցություններից միայն նույն երկուսը, երեքը կամ հինգը կարող են երբևէ դառնալ խորհրդարանական, ապա ընտրությունները որքան էլ լարված պայքարում անցնեն, արդյունքների տարբերակները շատ սահմանափակ են, խորհրդարանական ուժերի հարաբերակցության կանխատեսումներն էլ` հստակ: Գերտերությունների, աշխարհի ուժային ու ազդեցիկ կենտրոնների, միջազգային կառույցների, անմիջական ու հեռավոր հարևանների, նույնիսկ չճանաչված ու անգամ մեզ հետ որևէ կապ չունեցող պետությունների հետ Հայաստանի արտաքին հարաբերությունները, նաև մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումները միանգամայն հստակ ու բոլորին հայտնի են: Արտաքին աշխարհի համար մենք հասկանալի ու կանխատեսելի ենք, թեև ներքին կառուցվածքով մնում ենք հանելուկային: Աշխարհի համար մեր ներքաղաքական անկանխատեսելիությունը մտավախություններ չի առաջացնում, քանի որ կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներն աշխարհում ընդամենը մի քանիսն են, իսկ աշխարհաքաղաքական հստակ դիրքորոշում ու հեռանկար ունեցող պետությունները ցանկալի բացառություններ են համարվում: Հետևաբար, հայրենի ներքաղաքական խճանկարի բազմատարր խառնաշփոթը միայն մեզ է հուզում, ու ինքներս էլ պետք է դրանից գլուխ հանենք, քանի որ առաջիկա ու հերթական համապետական ընտրություններին արտաքին միջամտություններ, գունավոր _ հեղաշրջումային պատվերներ այս անգամ չեն լինելու: Իհարկե, նախընտրական հավակնությունների ու հնարավորությունների ամբողջական և լիարժեք վերլուծություն կատարելու համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ մեկ առ մեկ անդրադառնալ Արդարադատության նախարարությունում գրանցում ունեցող յոթ տասնյակից ավելի կուսակցություններին: Սրանց գերակշիռ մեծամասնությունը ոչ միայն կազմակերպական կառույցներ չունեն, այլ նույնիսկ ղեկավար մակարդակում հեղհեղուկ քաղաքական կողմնորոշումները ճշտում են ըստ իրավիճակի, իրենց նկատմամբ բարեհաճության կամ այսրոպեական տրամադրությունների: Առանձնակի կարողություններ պետք չէ` կանխատեսելու համար, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ևս սրանց առնվազն երկու տասնյակը կմասնակցի: Եթե անգամ բոլոր կուսակցությունները նման հայտ ներկայացնեն, միևնույն է, սահմանված 5 կամ 7%-ի արգելանքը տեսականորեն կարող են հաղթահարել միայն վեց քաղաքական ուժեր` Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ՀՀՇ-ն: Հենց այստեղ է, որ բախվում ենք մեր ներքաղաքական դաշտի անկատարությանը և բացահայտում, որ իրականությունը էականորեն է տարբերվում տեսական դատողություններից, քանզի բացառված չէ, որ գործնականում հինգերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված լինի մեկ կամ երկու կուսակցություն: Ինքնին հասկանալի է` խորհրդարանում խմբակցություն ձևավորելու համար անհրաժեշտ ու բավարար է, որ կուսակցությունը ընտրությունների ժամանակ կարողանա համապատասխան քանակի քվեներ ստանալ, իսկ դա 2012-ին կարող են անել նույնիսկ նշված վեց քաղաքական ուժերից ոչ բոլորը: «Ժառանգությունը» և ՀԱԿ-ՀՀՇ-ն ընտրական նվազագույն ցանկալի արդյունք ստանալու հնարավորություն կունենան միայն շատ էֆեկտիվ դաշինքներ կազմելու կամ նախընտրական շրջանում բարենպաստ իրավիճակներում հայտնվելու դեպքում: Հետևաբար, արդեն հիմա կարելի է վստահորեն պնդել, որ քաղաքական ընդդիմադիր ճակատում դաժան, անողոք ու անզիջում մրցակցություն կամ պայքար կարող է ծավալվել, սակայն արդյունքում այսօրվա ընդդիմությունն ապագա խորհրդարանում խիստ սահմանափակ ներկայություն կարող է ունենալ: Իսկ սա նշանակում է, որ հիմնական քաղաքական մրցակցությունը ծավալվելու է այսօրվա կոալիցիոն դաշնակիցների միջև: Եթե ՀՀԿն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը որոշեն, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով, ապա մրցակցությունը կլինի բնույթով նախընտրական, սակայն էությամբ կմնա կոալիցիոն շրջանակներում ու կլուծվի միջկուսակցական պայմանավորվածությունների հարթությունում: Հավանաբար հենց դաշինք կազմելու տարբերակը կարող է ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին դարձյալ խորհրդարանում լինելու շանս տալ: Հանրապետականն ակտիվ ու արդյունավետ գործող կազմակերպական կառույցներ ունի հանրապետության բոլոր երկու հազար համայնքներում և սկզբունքային քաղաքական մրցակցության պարագայում ոչ մի դժվարութ յուն չի ունենա` ստանալու իշխանամետ տրամադրված բոլոր ընտրողների քվեները: Միայն առաջին հայացքից է թվում, թե սոցիալական ծանր իրավիճակի առաջացրած բողոքական տրամադրությունները, ինչպես նախկինում էր, քվեներ են գումարելու հակաիշխանական, ընդդիմադիր ուժերի ձայներին: Ամենայն հավանականությամբ, կլինի հակառակը, քանզի քվեատուն արդեն հասկացել է, որ աշխատավարձերն ու թոշակները տասնապատկելու, մեկ-երկու տարում տնտեսական դրախտ կառուցելու խոստումները սին խաբկանքներ են, իսկ ՀՀԿ-ն, որպես իշխանության պատասխանատու, հետևողականորեն իրագործում է այն, ինչ խոստացել է ու հնարավոր է անել ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում: Իր քաղաքական հեռանկարի մայրամուտը, հավանաբար տեսանելի է նաև ՕԵԿ-ին: Իրենք էլ հասկանում են, որ ռեալ մրցակցային պայմաններում, ինչպես արդեն կրկնակի անգամ եղել է, հենց կուսակցական շարքերը չեն քվեարկի սեփական կուսակցության օգտին: Գուցե հենց այս նկատառումներով է պայմանավորված, որ ՕԵԿ առաջնորդը մամուլի միջոցով շրջանառում է առաջիկայում ԱԺ նախագահի պաշտոնը վերադարձնելու և 2017-ին երկրի նախագահ դառնալու անձնական հավակնությունները£ Զուգահեռաբար էլ անդամագրում է առանց կուսակցական հովանավորության մնացած ու ակտիվանալու հավակնություններ ունեցող նախկին օլիգարխիկներին, քաղաքական ներդրումների պատրաստ նորահարուստներին: Այսուամենայնիվ, նախընտրական զարգացումների ճարտարապետները ՕԵԿ-ի քաղաքական հեռանկարը տեսնում են ՀՀԿ-ին ձուլվելու տեսքով: Այս լուծումը թույլ կտա միաժամանակ խուսափել դեմագոգիկ քննադատությունից և բոլոր գլխացավանքներից ազատվել ընտրացանկում չորս կամ հինգ օեկականներ ներգրավելու միջոցով: 120 տարի շարունակ կուտակած ու վերանկախացած Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում արձանագրած քաղաքական կապիտալը յուրաքանչյուր ընտրութ յան ժամանակ դիվիդենտի վերածելու և առարկայական արդյունք գրանցելու ապահովագրված երաշխիքներ է ընձեռում միայն Դաշնակցությանը: Հինգ հազար անդամ ունեցող կուսակցությունն առնվազն հարյուր հազար մնայուն, հստակ կողմնորոշված ընտրողներ ունի: Այս հանգամանքը ընտրություններին նույնիսկ բացարձակ` երկու միլիոն քվեատուների մասնակցության պարագայում Դաշնակցությանը կապահովի անցողիկ 5 % արդյունք: Այս երաշխիքը չունի ոչ մի այլ կուսակցություն: ՀՅԴ երաշխավորված քվեն բավարար չէ իշխանութուն լինելու համար, սակայն միանգամայն բավարար է` միշտ խորհրդարանում ներկայություն և քաղաքական դաշտում ազդեցիկ ու ակտիվ դերակատարություն ունենալու համար: Իսկ ԲՀԿ-ն իր ողջ կարողությունները մոբիլիզացրել է` նոր դաշնակիցներ գտնելու առաջադրանքը օր առաջ կատարելու համար: Բնականաբար, այս գործընթացն ուղեկցվում է կուսակցական շարքերի «ռևիզիայով», ներկուսակցական իրավիճակի սրացումներով, բհկականների միջև առճակատումներով ու փոխադարձ մեղադրանքները ԲՀԿ առաջնորդին ներկայացնելով: Նույնքան կանխատեսելի էր, որ առաջին «վերանայումը» ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանից պետք է սկսվեր: Նա անցած մոտ երեք տարիների ընթացքում կուսակցական որևէ տեսանելի գործունեություն չծավալեց, ինչն էլ ավելի թեժացրեց բհկական ամենաբարձր պետական պաշտոնի համար առանց այդ էլ սրացող պայքարը: Գործընթացը նոր է թափ առնում, ուստի հետաքրքրական ու անակնկալ զարգացումները դեռ առջևում են: Փոխխոսնակի պաշտոնում շրջանառվում են երեք անուններ, որոնցից մեկին անդրադառնալն իսկ ավելորդ է: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի և Արամ Սաֆարյանի թեկնածություններին` ընտրությունն, իսկապես, դժվար է լինելու, թեև Ն. Զոհրաբյանն արդեն հիմնավորել է, որ կուսակցական ու հանձնաժողովի նախագահի ծանրաբեռնված աշխատանքները չի կարող երկրորդել` նախընտրելով նոր պաշտոնը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ