Բարվոքենք մեր հիշողությունը 


Գիտնականների կարծիքով` մարդը միջին հաշվով իր լսածի 30 %-ը մոռանում է 20 րոպե հետո, իսկ կես ժամ անց նրա հիշողությունից ջնջվում է լսածի 50 տոկոսը:

Ինչպե՞ս բարելավենք մեր հիշողությունը. ի՞նչ մեթոդներով կարելի է բարվոքել հիշողությունը:

ՄՏԱՎԱՐԺԱՆՔ.Մտքում հաշվարկներ կատարելը, տրամաբանական խնդիրներ (նույնիսկ` խաչբառեր լուծելը), բանաստեղծություններ անգիր անելը, օտար լեզուներ սովորելը հիշողությունը մարզելու լավագույն միջոց են: Ուղեղը պետք է մշտապես ծանրաբեռնել, և դա կամրապնդի հիշողությունը:

ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԱՐՏԱԲԵՐՈՒՄ.Երբ լսելի ձայնով կրկնում կամ արտաբերում ենք հեռախոսահամարները, հասցեները կամ մարդկանց անունները և, ընդհանրապես, այն ամենն, ինչ կամենում ենք մտապահել, ուղեղը դրանք ամրագրում է շատ ավելի արագ, քան, երբ դրանք գրում ենք: Ֆրանկլին Ռուզվելտը մարդկանց անունները մտապահելու գերազանց ունակություն ուներ: Ծանոթանալիս նա մարդկանց անունները մտովի գրում էր նրանց ճակատին, և այդ «տեխնոլոգիան» ևս նրան օգնում էր չշփոթել:

ԽԱՂՈՂԻ ՀՅՈՒԹ. Ամերիկյան գիտնականներն ապացուցել են, որ խաղողի հյութի մշտական օգտագործումը 20 %-ով բարելավում է հիշողությունը: Այդ հյութը պետք է մանուշակագույն լինի. այն պարունակում է շատ հակաօքսիդանտներ, որոնք երիտասարդացնում են ուղեղը:

ԱՉՔԵՐԻ ՄԱՐԶԱՆՔ.Եթե ամեն առավոտ 30 վայրկյանի ընթացքում աչքերը տարուբերենք աջ ու ձախ, ապա մեր հիշողությունը կլավանա 10 %-ով: Այս մարզանքի ընթացքում ուղեղի երկու կիսագնդերն «աշխատում» են համաչափորեն` նպաստելով ուղեղի աշխատանքին:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ.Քայլելը, վազքը, պարելը, լողը, դահուկասահքը բարվոքում են ոչ միայն մարմինը, այլ նաև` հիշողությունը: Ֆիզիկական ակտիվությունն ուղեղը հարստացնում է թթվածնով, ինչն էլ նպաստում է հիշողության զարգացմանը:

ՔՈՒՆՆ առողջության գրավականն է: Կանոնավոր քնողներն ավելի երկար են ապրում: Քնած ժամանակ մեր օրգանիզմը հանգստանում-թուլանում է, ակտիվանում է երիտասարդացնող հորմոնների արտադրությունը: Քնած մարդը 2 անգամ ավելի շատ է հիշում ինֆորմացիան, քան` անքնությամբ տառապողները:

ՍՆՈՒՆԴԸ. Առողջ և ճիշտ սնվելը նպաստում է գերազանց հիշողությանը: Խոսքն ամենից առաջ հակաօքսիդանտների մասին է. հապալասը, բրոքոլին, սպանախը, ընկուզեղենը, ցիտրուսները, սխտորը, սև սալորը, չամիչը…

B 12 վիտամինի պակասը (ձուկ, միս, ձու, թռչնամիս) կարող է հանգեցնել հիշողության կորստի: Այս վիտամինն ուղեղի հավատարիմ օգնականն է` հատկապես C և E վիտամինների հետ:

Իսկ անոթների կարծրացման հիվանդության դեմ պայքարելու համար հարկավոր է սահմանափակել կենդանական յուղ և խոլեստերին պարունակող մթերքների օգտագործումը: Անհրաժեշտ է շատ ձուկ, թարմ բանջարեղեն ու մրգեր ուտել: Յոգուրտը, կաթը և կաթնաշոռը պետք է լինեն յուղազրկված: