«Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» 


Բազմաբովանդակ է մշակութային աշունը: Ամառային հանգստի հոգևոր նիրհից իրենց մշտական ունկնդիրներին սթափեցրին գրեթե բոլոր համերգասրահները: Կինոյի սիրահարներին գայթակղում են իրարահաջորդ «Ֆրեսկո», «Սոսե» ու «Ես եմ» կինոփառատոները: Առաջնախաղերին նախապատվություն տվող թատերասերները, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում Թումանյանի «Հեքիաթների» վերածնունդին հաղորդակցվելուց հետո, շտապում են Պատանի հանդիսատեսի թատրոն` Արտաշես Քալանթարյանի «Բումերանգի» նոր մեկնաբանությանը ծանոթանալու: Օրերն են հաշվում, թե երբ Համազգայինը ֆրանսահայ Ժիրայր Փափազյանի հեղինակած Սաշա Գիթրիի «Արի երազենք...» կատակերգությունից հետո հանդիսատեսի դատին կհանձնի Արմեն Էլբակյանի նոր սարոյանապատումը: Դրամատիկում պատրաստվում են նշել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 70-ամյակը... Հորձանք է տալիս մշակութային սեպտեմբերը` ալիքվելով նոր ուշագրավ նախաձեռնություններ ի հայտ բերում:

Մեջընդմիջվող ընթացիկ ցուցահանդեսներով աննախադեպ աշխույժով է լցվում նաև թանգարանների անդորրը: Հայաստանի ազգային պատկերասրաhում (ՀԱՊ) կազմակերպված աշնանային առաջին ցուցադրությունը ոչ միայն թիֆլիսահայ անվանի նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակին է նվիրված, այլև նորովի ուշագրավ է ներկայացնում նրան` մեկտեղելով շնորհաշատ գերդաստանի վրձնակերտ աշխարհները: Դատելով «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» խորագրից` ՀԱՊ մշտական ցուցադրությունից և պահոցներից, Բաժբեուկ-Մելիքյանների ընտանեկան ու մի շարք մասնավոր հավաքածուներից ժողովված շուրջ 100 ստեղծագործութ յուններով սեփական ձեռագրի ինքնատիպությունն ու հոգեհարազատությունն են հաստատելու Ալեքսանդր հայրն ու Լավինիա, Զուլեյկա, Վազգեն ժառանգները: Ի դեպ` նորարական նկրտումներով մյուսներից էապես տարբերվող վերջինիս 75-ամյակն էլ անուղղակիորեն նշանավորվում է այս ընդգրկուն ցուցահանդեսով: Ասենք, աննկատ չի մնացել նրանցից յուրաքանչյուրի նորամուտը կերպարվեստի ասպարեզ: Բնության ամենազոր կամքով, սակայն, ընտանեկան արարչական ներկայացուցչական տոնակատարությանը մասնակցում էր միայն Զուլեյկան` «Վրձինը ձեռքին երաժիշտը»: Եթե դատելու լինենք անմահության չափանիշներով` պիտի անվերապահորեն ընդունենք, որ նախանցյալ դարակեսին արևելահայերի մշակութային Մեքքայում բախտավոր աստղի տակ էր ծնվել Ալեքսանդրի Ալեքսանդր որդին: Եվ «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդը» հրաշալի առիթ է` անմիջականորեն հաղորդակցվելու ստեղծագործ ընտանիքի 4 անհատականությունների թատերային գունագեղ արվեստին:

Կանացի փարթամ գեղեցկության նկարիչը

Մեզ Հովնաթանյաններ, Բաշինջաղյան, Գեորգի Յակուլով, Վանո Խոջաբեկյան, Ջոտտո, Էլիբեկյաններ պարգևած մշակութային դարբնոցում թրծվեց նաև կանացի փարթամ գեղեցկության նրբագեղ երփնապնակով անմահության վկայագրի արժանացած Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովը (1891-1966 թթ.): Հայ կերպարվեստի դասական Եղիշե Թադևոսյանի և Օտտո Շմեռլինգի անզուգական արվեստանոցում տիրապետելով մասնագիտության այբուբենին` հասունացման բարձրակարգ դպրոց անցավ Պետերբուր գում: Ստեղծագործելուն զուգընթաց` 1922-ից ինքն էլ սկսեց կերպարվեստի գաղտնիքներն ուսուցանել Մ. Ի. Թոիձեի գեղարվեստական ստուդիայում, ապա` Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում:

Հատուկ ուշադրությամբ մտովի վերարժևորելով ՎԽՍՀ վաստակավոր նկարչի ավանդած պատկերասրահը` նկատում ես, որ վաղ շրջանի կտավներում («Փողոցային ֆոկուսնիկ», «Երեք ֆիգուր», «Տեսողական պատրանք») գերիշխողը տոնային գեղանկարչությունն է` սահմանափակ, մուգ գույների կոլորիտը: Մոտ 10 տարի անց ի հայտ են գալիս վարդագույնը, բաց կանաչավունը, դեղինը, վառ կարմիրը («Ջրաղաց Օրթաճալայում», «Պառկած կինը», «Լավինիան իսպանական գլխարկով», «Մերկ Լիդան»): 40-ականներին ավելի է պայծառանում երփնագիրը («Ձեռնածու կին», «Մի խումբ կանայք հայելիով», «Կրկեսի արտիստների խումբը»): Իսկ 50-ականներից գուներանգը դառնում է նյութական, կենսալից («Ճոճ», «Աճպարարուհին», «Քրդական պար»): Գրավիչ են նաև ֆիգուրատիվ կոմպոզիցիոն բնանկարները («Տանիքի վրա», «Մերկը և երկու ֆիգուր», «Ակրոբատուհի», «Զանգեզուր»): Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի հարուստ պատկերադարանի տպավորությունների մեկտեղմամբ` մտապատկերումդ դաջվում են կանանց դիմանկարները: Կնոջ առեղծվածային աշխարհի բնութագրական և հյութեղ երփնագրով որքա˜ն դիպուկ է բնորդի հուզաշխարհի դիպուկ ընկալումը, խորաթափանց` անհատական գծերի շեշտադրումը («Նկարչուհի Նազելի Տերյան», «Մադոննա Գոմիաշվիլի», «Լավինիա», «Կիռա Գոգաշվիլի», «Փերիդե»):

Ակամա համադրում ես հոր և դստեր վրձնած դիմանկարները: Ակնհայտ են շնորհների գենետիկ փայլատակումները. ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի հատկապես Ժիլինսկայայի հետ նրա արտասովոր ինքնադիմանկարում և հոր, քանդակագործ Շախովսկոյի ու Մինաս Ավետիսյանի դիմանկարներում: Սարյանական ու ռուսական «խստաշունչ» արվեստի միտումների ինքնատիպ անդրադարձն ես գտնում Լավինիայի կտավներում: Իրենց պատկերավորությամբ չեն զիջում նաև Զուլեյկայի և Վազգենի երփնագրերը: Միայն թե որոշ վերապահությամբ ես ընդունում վերջինիս զուգորդված «երկխոսությունները» տարբեր նյութերի (ժանգոտված մեխեր, կոտրված խեցեղեն, ճենապակի, փայտ, կարպետի կտորներ) հետ` առավել տպավորվելով զարմանալիորեն խոսուն «Մայրիկ» գեղանկարով:

Չմոռանանք հավելել, որ «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» ցուցահանդեսով չի ավարտվում նկարչական այս գերդաստանի հանրաճանաչումը ՀԱՊ-ում: Ծրագրված է անցկացնել նաև Բաժբեուկներին նվիրված դասախոսություն, հուշ-ցերեկույթ, համերգային ծրագիր, ինտերակտիվ խաղ-էքսկուրսիա: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ