3-րդ հարյուրամյակից մինչ հիմա 


Լույս է տեսել գրող, հայագետ, Բելգիայի Անտվերպեն քաղաքի«Նուարդ» մշակութային հայկական միության նախագահ Գևորգ ՄԻՆԱՍՅԱՆԻ « Բելգիան և հայերը» գիրքը: Սա արդեն նրա երրորդ գիրքն է` նվիրված բելգիահայ համայնքին: Այն ներառում է պատումներ, փաստեր` 3-րդ դարասկզբից մինչև մեր օրերը Բելգիայում հաստատված հայերի մասին:

- Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով: Ինչպե՞ս ծնվեց «Բելգիան և հայերը» գրքի գաղափարը:

- Արդեն 17 տարի է` բնակվում եմ Բելգիայում: Գիտեի, որ մի քանի երկրների հայկական գաղթօջախների մասին կան պատմավավերագրական գրքեր: Մտածեցի` բելգիահայոց մասին գիրքը ևս օգտական կլինի: Սկսեցի նյութեր հայթայթել: Ասեմ, որ դրանք չափազանց քիչ են: Ձեռքս ընկավ Առաքել Սարուխանի 1937 թվականին գրած նույնանուն` «Բելգիան և հայերը» փոքրածավալ գիրքը: Իմ ու Սարուխանի միջև կա երկու նմանություն. երկուսս էլ մտահղացել ենք գրել Բելգիայում հաստատված հայերի մասին, երկուսս էլ ծնվել ենք հոկտեմբերի 13-ին: Բայց Սարուխանը մեծ վավերագիր է: Ուսումնասիրեցի Հայաստանի Ազգային, Բելգիայի մի շարք արխիվները, հանրագիտարանները, տարբեր գրողների գրքերը, որոնցում անդրադարձ կա Բելգիայի և հայերի առնչություններին: Ծանոթացա մի քանի համալսարանների, եկեղեցական կառույցների, փախստականների խնդիրներով զբաղվող պետական հիմնարկների նյութերին, կապ հաստատեցի սոցիոլոգների, մի շարք մունիցիպալ կառույցների հետ...

- Մի քանի խոսքով ներկայացրեք գիրքը:

- Ինչպես հայտնի է, Բելգիայում հաստատված առաջին հայի մասին հիշատակությունը սկսվում է 11-րդ դարից: Ինձ հաջողվեց փաստեր գտնել, որ առաջին հայը Բելգիա է եկել 3-րդ դարի վերջին: Գրքի առաջին բաժինը նվիրվում է հայ սուրբ նահատակներին, նրանք մինչև հիմա էլ ամենահարգված սրբերի շարքին են դասվում: Անդրադարձ եմ կատարել առևտրականներին, խաչակիրներին և համարյա բոլոր ոլորտներին, որոնցում գործել են հայերը: Աշխատել եմ հնարավորինս չշրջանցել ոչ մի ոլորտ, ոչ մի հայի: Ներկայացրել եմ նաև տեղեկություններ Բելգիայի մասին:

- Հիմնականում ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակության գործում:

-Գիրքը (370 էջ) տպագրվել է իմ միջոցներով: Ինձ չափազանց մեծ օգնություն են ցուցաբերել զավակներս` հատկապես նիդեռլանդերենից նյութերի թարգմանության գործում:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Սկսել եմ գրել բելգիացի հայագետների մասին: Զուգահեռաբար տպագրության կներկայացնեմ մեր ամսաթերթում տպագրված` հայի խնդիրներին վերաբերվող հոդվածներիս ժողովածուն: Ընթացքի մեջ են Հայոց ցեղասպանության ականատես քրիստոնեություն տարածող բելգիացի քարոզիչների մի վավերագրքի և Յորիսի մասին պատմող գրքի թարգմանությունները:

- Պատրաստվո՞ւմ եք բելգիահայերի մասին աշխատությունը թարգմանել և ներկայացնել հայ գաղթօջախներում:

- Բոլոր գաղթօջախներին ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի այն թարգմանել առնվազն երկու տասնյակ լեզուներով: Նման մտադրություն չունեմ, որովհետև իրագործելն անհնար է: Իսկ ցանկացողները կարող են ծանոթանալ հայերեն տարբերակին:

- Ո՞րն է Ձեր խորհուրդը մեր երիտասարդությանը:

- Որտեղ էլ բնակվես` ապրիր Հայաստանում: 

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ