Վատատես չեմ, բայց... 


Մարդիկ կան, որոնց մասին չես էլ մտածում` մտերի՞մ են քեզ, ծանո՞թ, թե՞ հարազատ: Պարզապես հաճելի է նրանց ճանաչելու զգացողությունը, և նույնիսկ պատահական հանդիպումը լցնում է օրդ, հոգուդ մի անկյունում նորից ջերմություն ամբարում: Այսպիսի ծանոթ-մտերիմ-հարազատ է Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ: Ու, անկասկած, իր շրջապատի բոլոր մարդկանց համար. վստահելի, մտահոգ, լավ խորհրդատու, նեղյալին` կարեկից…

Իսկ վերջերս համոզվեցի, որ նաև անձամբ երբևէ չառնչված` վիրտուալ աշխարհ կոչվող ֆեյսբուքյան իր շուրջ 3 հազար ընկերների համար է նա այդպիսին: Մ. Պետրոսյանցի «Ազնիվը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը դա փաստեց: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանի տար գրականության նորոգ ու ընդարձակ ընթերցասրահում այդօր հավաքվածների մի մասն այդպես էլ մուտքի մոտ խմբված մնաց: Փոխարենը` ավարտից հետո, միմյանց հերթ չտալով, յուրաքանչյուրը մոտենում էր` իրենց անծանոթ-մտերմուհու ձեռքն անձամբ սեղմելու կամ համբուրելու: Ի դեպ` «Ազնիվը» պատմվածքը տպագրվել է մեր թերթում, և դատելով արձագանքներից` ջերմ ընդունելություն գտել ընթերցողների շրջանում:

Մասնագիտությամբ բանասեր է, լրագրող, նաև` ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ: Աշխատանքային հարուստ կենսագրություն ունի, որն էլ հուշում է անհանգիստ առօրյան որպես կենսակերպ ընտրած նրա էության մասին: Ոչ լիովին արժանվույն, բայց նաև գնահատվել են նրա ջանքերը, նվիրումը: 1990-ականներին հրատարակած առաջին գիրքը Մ. Պետրոսյանցի տուրքն էր Հայոց Ազգային բանակին: Եվ հենց դրա մասին պատմելու խնդրանքով էլ սկսեցինք մեր զրույցը` «Կուզենայի՞ք անկեղծանալ» խորագրով (չնայած լավ ճանաչողները նրան այս հարցը հազիվ թե տային, որովհետև մի´շտ անկեղծ է Մելանյա Պետրոսյանցը, միշտ` անաչառ):

-ՊՆ-ում աշխատանքի եմ անցել` որպես ավագ սպա ԶՍՊ վարչությունում: Զբաղվում էի ազատամարտիկների հարցերով: Շատ հետաքրքիր էր աշխատանքային այդ շրջանը, երբ հնարավորություն ունեցա շփվել Հայաստանի տարբեր մարզերի, գյուղերի, քաղաքների ազատամարտիկների հետ, լսել նրանց անկեղծ, անկողմնակալ պատմություններն ու հիշողությունները Արցախյան պատմությունից, նրանց անկեղծ ու ճիշտ գնահատակներն իրենց հրամանատարների, մարտական ընկերների մասին: Այո, այդ ժամանակ էլ ծնվեց իմ «ՀԱՏՈՒԿ գունդ» գիրքը, ուր պատմվում է Հայոց Ազգային բանակի ծնունդի, դրա ակունքներում կանգնած մարդկանց մասին, որոնցից շատերի անունները չի էլ հիշվում, իսկ փառքի դափնին բաժին է հասել մարդկանց, որոնցից շատերի լուման այդ գործում չնչին է եղել:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Բնականաբար` կյանքի երկար ճանապարհը լի է դժվարություններով, ամեն քայլափոխի միայն դրանք հաղթահարելիս է մարդը հնարավորություն ունենում մի ոտ առաջ գնալ: Իսկ ես չեմ հիշում, թե որևէ դժվարությունից վախեցած, հուսախաբ լինեմ: Ու այսօր, տարիների միջով հետ նայելով, չեմ կարողանում առանձնացնել, թե ստույգ ի՞նչն է կյանքում ինձ համար եղել ամենադժվարը: Չէ, ամենադժվարի բեռ չեմ ունեցել: Երևի նրանից է, որ հավատացել և ապավինել եմ ուժերիս, սա մեծամտություն չէ: Կարողացել եմ թեթև նայել իրադարձություններին, օբյեկտիվ պատճառաբանել եմ ամեն արդյունք, իմ ներսում «կոդ» ունեմ, որի շնորհիվ բավական է` ազնիվ մղումով մի բան շատ ուզենամ, և այն կկատարվի:

- Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Երբևէ չեմ մտածել այդ հարցի շուրջ: Ես շատ հայ եմ, ազգայնական, շովինիստ, մի քիչ էլ ֆաշիստ հայ և չեմ ամաչում այս մասին բարձրաձայնել:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Երբեք չեմ սիրել, երբ մարդիկ իրենց անձը քննարկման են դնում, լինի դա անցյալը, թե ներկան:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Տիեզերքը, տիեզերքն է ինձ համար առեղծվածայինը:

- Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:

- Զավեշտալի դեպքեր շատ են եղել. երեխաներս միշտ գլխիս սարքում են: Պատմեմ մեկը: Ընկերուհուս հետ պայմանավորվել էինք հանդիպել Օպերայի բակի սրճարաններից մեկում: Արդեն մոտենում էի պայմանավորված տեղին, երբ նկատեցի, որ հագել եմ տարբեր զույգերի կոշիկներ, մի ոտքիս սև կոշիկ էր, մյուսին` մանուշակագույն: Էլ ինչ, եղածը եղել էր: Մնում էր ծիծաղել:

- Հայացք` ներկային` որպես մայր, որպես մտահոգ քաղաքացի:

- Որպես մայր, տատիկ, որպես քաղաքացի` խիստ անհանգստացած եմ երկրիս աղքատիկ վիճակով, գործող օրենքի բացակայությունից, անպատժելիության մթնոլոր տից, սեռական, կրոնական այլ կողմնորոշում ունեցողների առկայությունից, գրանտակերների կեղծ ակտիվությունից, ահագնացող արտագաղթից: Իսկ ամենացավալին այն է, որ մոտ ժամանակների համար ոչ մի դրական փոփոխության սպասելիք չունեմ` ո´չ համակարգային փոփոխությունից, ոչ էլ, առավել ևս, ընտրություններից: Էությամբ ես վատատես չեմ, բայց իրականությունն այն է, որ ճահիճը գնալով խորանում է: 

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ