Ընդդիմությունը չի կարող դրական փոփոխությունները չընդունել 


Համախմբումի 1988-ին համայն հայության հոգու վիճակն էր անկախությունը, որի առջև լայն բացեցինք մեր դռները` նրան տանտեր կարգելով: Եվ ճիշտ 25 տարի առաջ, ի լուր աշխարհի, ամրագրեցինք նորանկախ մեր պետականության ծնունդը: Անարգ ոսոխը դա չէր հանդուրժելու` գիտեինք: Բայց գիտեինք նաև, թե ինչի է ունակ բռունցքված ազգը:

Թշնամուն իր որջում խեղդելուց հետո, սակայն, մեր ոգեղենությունը կորցրինք: Կորցրեցինք այնքան, որ Անկախության հոբելյանն անգամ այսօր տոնական չի դարձնում շատերի հոգին: Տոնը նույնպես հոգու վիճակ է, որը ևս լքել է մեզ: Ինչո՞ւ և ինչպե՞ս` ամենքին է հայտնի և այսօրվա քննարկելիքը չէ: Այսօր տոն է Հայոց աշխարհում` Անկախության քառորդդարյա հոբելյանը: Իսկ հոբելյանը սիրում է գովեստներ լսել, երախտիքի խոսքեր հնչեցնել: Այս անգամ դրանք չեն հնչում, իսկ թե հնչում էլ են` սրտաբուխ ու անկեղծ չեն, երիտասարդության շեմը ոտնադնող իմ Անկախ Հայաստա´ն:

Հայի դարավոր երազանք Անկախությո´ւն, ինչպես մինչ քեզ նվաճելը, այսօր էլ զավակներդ օտարություն են գնում, քո տանիքի տակ հանգիստ չեն գտնում: Օրհասի պահին մեկ շունչ ու հոգի դարձող հայի հավատն է մարել իր իսկ օջախում: Վարարած գետի նման` պայքարի մեր ալիքները նաև տիղմ ու փրփուր են բերել, որոնք անմարսելի են առողջ օրգանիզմի համար: Բայց բնության նախասահմանումով` հենց նույն գետը տիղմը թաղում է իր հատակում, իսկ փրփուրը թքում է ափերին, ապա հանդարտահոս շարունակում ճամփան:

25 տարի դու տեղատվություն ես ապրել, Անկախ մեր Հայաստան, ու գիտես, որ մակընթացությունը կարող է նաև ավերիչ լինել: Քո հունն ես որոնում` անխաթար հոսելու համար: Ու թեև այդ հունն առայժմ խոչուխութերով է լի, բայց անխաթարելի է ընթացքդ: Եվ մոռացումի ծալքերում կորսված խանդավառության փոխարեն այսօր փորձում ենք հույսի ծվեններն ի մի բերել` ասելու` շնորհավոր հոբելյանդ, Անկախ Հայաստան: Մաղթում ենք, որ այս հոբելյանը խորախորհուրդ մի նոր սկիզբ դառնա` վերընձյուղումի, տունդարձի, վերածննդի: Մաղթում ենք ու հավատում, որ երիտասարդության այս նախաշեմը բարի է ու բարիք է բերելու Անկախությունը պատերազմի բոցերում թրծած մեր ժողովրդին: Բարիք` հավատի, համախմբումի, շենացման տեսքով:

Ոչ միայն իշխանությունների, այլև որպես ընդդիմություն ներկայացողների հանդեպ հասարակության վստահությունը հասել է նվազագույնի: Ու եթե իշխանություններին այն մեծ հաշվով այնքան էլ չի հուզում, ապա ընդդիմության համար դա պետք է որ մտորելու լրջագույն հարց լիներ: Մինչդեռ այսօր կարծես թե ընդդիմադիր քաղաքական ուժերը այդքան էլ չեն փորձում եղած հնարավորություններից օգտվել ու գոնե սեփական իմիջը բարձրացնելու համար քայլեր ձեռնարկել: Մանավանդ, ընդամենը ամիսներ հետո երկրում ոչ միայն հերթական համապետական ընտրություններ են տեղի ունենալու, այլև կառավարման համակարգ է փոխվելու: Այս առումով արդյո՞ք մերօրյա ընդդիմությունը կարողանո՞ւմ է քարոզչական տեխնոլոգիաներն ի շահ իրեն օգտագործել, թե՞ շարունակում է հին, մաշված ու տարիներ շարունակ օգտագործված ուղիներով ընթանալ: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

- Այսօր քարոզչական տեխնոլոգիաներ օգտագործելու լայն հնարավորություններ կան, սակայն ընդդիմությանը հաջողվո՞ւմ է դրանք պատշաճ օգտագործել և հասարակության հավատն առ ընդդիմություն բարձրացնել:

- Ըստ էության` դասական առումով քարոզչական հնարքներն օգտագործվում են` նեղացնելու այս կամ այն դրական կողմը, և ավելի խոշոր պլանով ցույց տալու բացասական երևույթները: Բայց երբևիցե քարոզչական հնարքները չեն կարող բացասականը դարձնել դրական կամ հակառակը:

Իհարկե, որոշակի ժամանակահատվածում սուտը որպես ճշմարտություն մատուցելիս` որոշակի արդյունավետություն լինում է, բայց որոշ ժամանակ հետո ամեն ինչ պարզ է դառնում, և վերջնարդյունքում այն դառնում է անարդյունավետ: Երբ կարճաժամկետ խնդիր է դրվում, դա կարող է աշխատել, իսկ երարաժամկետի դեպքում` ոչ: Հիմա նոր կառավարություն է ձևավորվում, և ակնհայտ է, որ բազմաթիվ քարոզչական հնարքներ են ներդրվելու` մինչև խորհրդարանական ընտրություններ: Եվ փորձ է արվելու մատուցել, թե առկա բացասական երևույթները դրական ուղղությամբ են ընթանում: Այսինքն, կարճաժամկետ կտրվածքով իշխանությունները կփորձեն օգտագործել քարոզչական հնարքներ` բացասականը դրական ներկայացնել, բայց երկարաժամկետում դա արդեն հնարավոր չի լինի:

- Իսկ որքանո՞վ է ընդդիմությունը կարողանում երկարաժամկետ հատվածի համար պլանավորել իր գործողությունները և բարձր պահել իր իմիջը:

- Շատ քիչ է կարողանում, քանի որ քարոզչության ամենակարևոր գործիքը շարունակում է մնալ հեռուստատեսությունը, որը բացառապես իշխանական է: Եվ այստեղ անվերջ ընդդիմության խիստ բացասական կերպար է ձևավորում և փորձ է արվում դրանով հասարկությանը մշտապես հիասթափության մեջ պահել: Այսինքն, չունենալով ֆինանսներ և քարոզչական հնարավորություններ, ընդդիմությունը չի կարողանում լիարժեք ներկայանալ հասարակությանը:

- Բայց նույն Ձեր ասած իշխանական հեռուստատեսությունը մշտապես ընդդիմությանը հրավիրում է տարբեր բանավեճերի: Ասել է թե` նրանց առջև նախկինի նման դռները փակված չեն: Բացի այդ, համացանցից օգտվողների մեծ բանակ կա, իսկ ընդդիմությունը օն-լայն տիրույթում ներկայանալու խնդիր նույնպես չունի: Ձեր կարծիքով, բովանդակային առումով, նա կարողանո՞ւմ է լավագույնս օգտվել այս հնարավորություններից:

- Նախ ասեմ, որ մեր կուսակցությունը հաճախ չի հրավիրվում, իսկ հրավիրվելու դեպքում էլ` ակնհայտ հակաքարոզչություն է իրականացվում մեր հանդեպ: Մենք առավելապես ներկայանալու հնարավորություն ունենում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում, երբ մոնիթորինգ է իրականացվում: Մնացած դեպքերում բոլորին հնարավորություն են տալիս արտահայտվելու, իսկ ընդդիմությանը` ոչ այնքան: Ինչ վերաբերում է ինտերնետ տիրույթին, ապա համաձայն եմ` այստեղ վիճակը շատ ավելի լավ է: Բայց, ցավոք սրտի, հասարակության հիմնական մասը դեռևս հեռուստատեսությունից է օգտվում և իրավիճակն այդ առումով դեռևս հեռու է ցանկալիից:

- Հանրապետությունում ՏԻՄ ընտրություններ են. որքանո՞վ է ընդդիմությանը հաջողվում օգտվել ընձեռված հնարավորությունից` մարզերում ներկայանալու և ընտրողներին իրենց կողմը գրավելու համար:

- Մենք ունենք քաղաքական հետապնդման իրավիճակ և ներկայումս մեր շատ ընկերներ գտնվում են ճաղերի ետևում: Ուստի, մենք չենք կարող դրան մասնակցել և այս ընտրությունները հայտարարել ենք ոչ լեգիտիմ: Այս առումով, անկեղծ ասած, չեմ էլ հետևում քարոզչությանը և չեմ կարող ասել, դրանք հավասարաչա՞փ են ընթանում, թե՞ ոչ: Բացի այդ, որքան տեղյակ եմ` այս ընտրություններին դիտորդներ ներկայացված չեն: Այս իմաստով ինձ իրավունք չեմ վերապահի որևէ գնահատական տալ, թե ինչպես է ընթանում քարոզչությունը:

- Բայց այն լավ հարթակ է, որը փաստորեն ընդդիմությունը կորցնում է:

- Իհարկե, լավ հարթակ է, եթե քաղաքական դրդապատճառներ չունենայինք, և ընդդիմությունը կարողանար ընտրական մեխանիզմներ կիրառել: Բայց մյուս կողմից, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, գիտեն, որ ՏԻՄ ընտրություններում ոչինչ էլ չի փոխվում, քանի որ ՏԻՄ-ը ֆինանսական ռեսուրսների չի տիրապետում: Ընդհակառակը, այն կախված է մարզպետներից, ովքեր էլ որոշում են, թե որին որքան գումար տան և այլն: Այսինքն, ՏԻՄ ղեկավարներն, այսպես թե այնպես, դառնում են մարզպետների կամակատարները: Այդ է պատճառը, որ կարևորելով ՏԻՄ համակարգը, պետք է արձանագրենք, որ Հայաստանում այն բոլորովին այլ ուղղվածություն ունի: Ասել, թե ՏԻՄ ընտրություններով համապետական ընտրությունների համար համակրանք կարելի էր շահել` ճիշտ չի լինի:

- Բոլորը փոփոխությունների են սպասում, խոսում են դրա մասին: Ձեր կարծիքով` ի՞նչը պետք է փոխել, որ հասարակությունն իրեն բավարարված զգա:

- Մեր կյանքում չէր էլ կարող փոխվել, որովհետև ընդամենը դեմքեր են փոխվում, որոնք բոլորն էլ նույն համակարգի մաս են կազմում և կրում են այդ համակարգի բոլոր արատավոր երևույթները: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա շատ բան է հարկավոր փոխել, որպեսզի կյանքում նույնպես փոփոխությունները տեսանելի լինեն: Սկսած կառավարության մեթոդաբանությունից, վերջացրած Սահմանադրությունից, կառավարման համակարգից, իշխանական թևերի հակակշռումից, ազատ մրցակցային հարաբերություններ ձևավորելուց և այլն: Այսինքն, այն ամենը, ինչ հարկավոր է առողջ դաշտ ունենալու համար:

- Ներկայումս կարծես թե երկիրը համակարգային փոփոխությունների առջև է կանգնած, բայց ընդդիմությունը կրկին բողոքում է: Կա՞ մի առաջարկ, որը եթե լինի իշխանության կողմից, ընդդիմությունը կընդունի, թե՞ ընդդիմությունը միայն մի խնդիր ունի` ցանկացած առաջարկ մերժել` լոկ ընդդիմանալու համար:

- Դուք արդեն ընդդիմությանը խելագարի տեղ դրեցիք և մնում է խելագարի պատմությանը հասցնեք: Այնպես չէ, որ իշխանությունը մի լավ բան ասի` ընդդիմությունը պետք է ընդդիմանա: Առավել ևս, եթե խոշոր հաշվով իշխանությունը գոնե մի լավ բան արել է, ընդդիմության ջանքերի շնորհիվ է արել: Պարզապես մեր կառավարման համակարգը ինչպես եղել է, այնպես էլ մնացել է: Եվ եթե առաջ միայն կոռուպցիա էր, ապա հիմա համակարգն է կոռուպցիոն դարձել, եթե առաջ խոշոր տնտեսվարողներ կային, ապա հիմա բացառապես մոնոպոլիստներ են: Այսինքն, բովանդակային առումով որևէ դրական փոփոխության դեպքում ընդդիմությունից որևէ մեկը չի կարող դրան բացասական վերաբերվել, որովհետև պարզ է, որ այդ դեպքում հասարակությունը կկարծի, թե ընդդիմությունը ինքնանպատակ գործողություններ է իրականացնում, ոչ թե փորձում է իրենց կյանքում մի լավ բան փոխել: 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ