Առաջին համերգը` լողացող սառցալեռան վրա


Արվեստը ոչ թե զոհեր, այլ խիզախություն է պահանջում: Եվ խիզախումից չի երկնչել բրիտանական The Defiled խումբը, որի ելույթը Գրենլանդիայի սառույցների վրա տևել է շուրջ մեկուկես ժամ: Եվ սառցալեռան վրա աշխարհում առաջին համերգի ունկնդիրները եղել են մերձակա Կուլուսուկ բնակավանի մի քանի բնակիչներ, ովքեր խմբի ելույթը դիտել են ձկնորսական նավերից:

- Դա հավանաբար ամենախելահեղ համերգներից մեկն էր, որը մենք երբևէ կատարել ենք,- ասել է մասնակիցներից մեկը` Stitch D-ն:- Այդ վայրերը դուք տեսնում եք հեռուստատեսությամբ` փաստագրական ֆիլմերում, բայց հենց հայտնվեք այնտեղ իրականում, կհասկանաք, թե որքան մեծ ու զարմանալի են սառցալեռները: Թեև շատ ցուրտ էր, բայց չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկը նկատեց դա:

Գրենլանդական ծովում «համերգային հրապարակի» որոնումները մի քանի օր էր պահանջել երաժշտախմբից: Հարկավոր էր բավական ամուր սառցալեռ գտնել, որը կդիմանար խմբի անդամների ու սարքավորումների ծանրությանը: Տարիներ շարունակ սառույցների մեջ ապրող ու աշխատող տեղաբնակները օգնել էին երաժիշտներին` հուսալի «հրապարակ» գտնել: Օգնել էին նաև` այնտեղ տեղափոխել սարքավորումները, որոնք համերգից հետո տղաները գրենլանդցիներին էին նվիրել ի պատասխան նրանց բարեսրտությանը:

Որքան էլ ինքնաբուխ, սակայն ռոմանտիկայի պատահական պոռթկում չէր այս սառցաելույթը: Այն ընդամենը ակցիաներից մեկն է` JΖgerΗeister Ice Cold Gig նախագծի շրջանակներում: Ծրագրի հովանավորների սահմանած նախապայմանով` խումբը պետք է ելույթներ ունենա ամենաարտասովոր պայմաններում: