Սրանք էլ գյուտարարություն են


Օրերս բրիտանացի գյուտարար Էնդրյու Տինսլին ներկայացրել է նորարարական առաջարկներ` «Թակարդ` փշուրների համար» խորագրով: Եվ ցուցադրել է հատուկ լաթ, որը հավաքում է թեյի մեջ լցվող չորաբլիթից գոյացող փշրանքը:

Այդ «լուրջ հայտնագործությունը» Mirror-ի աշխատակիցներին հուշել է կազմել նմանատիպ անօգտակար գյուտերի ցուցակ: Այդ ցանկը ներկայացնելուց առաջ նշենք, որ զարմանալիորեն Էնդրյու Տինսլի կազմակերպած ցուցադրությունը կատարյալ հիթ է դարձել Մեծ Բրիտանիայում: Ընդամենը 1 շաբաթվա ընթացքում նա վաճառել է շուրջ 600 լաթ, որոնք ըստ հեղինակի` անփոխարինելի են թեյախմության ժամանակ:

Հետաքրքիր է, իսկ ո՞ւմ խելքին կփչի` գնել ա´յս «հայտնագործությունները».

ԻՆՔՆԱԳԼՈՐ-ՄԱՆԿԱՍԱՅԼԱԿ.Հոգնել ե՞ք քայլելով հրել մանկասայլակը, ուրեմն ոտքով հրեք ինքնագլորը ու հանգիստ զբոսնեք «սահելով»: Սա սովորական ինքնագլոր է, որի առջևի մասում հարմարեցված է մանկական բազկաթոռ: Միայն թե ուշադիր եղե´ք, որպեսզի երեխան կապված լինի:

ՇՆԵՐԻ ԱՆՁՐԵՎԱՆՈՑ.Սրա գյուտարարները համոզված են, որ այն կրող շները միշտ չոր ու մաքուր կլինեն (մոռացել են հոգալ նույնքան չոր ու մաքուր թաթերի մասին): Հատուկ այս անձրևանոցն ամրացվում է վզակապին, և շունը ցանկացած եղանակի կարող է զբոսնել: Հետո՞ ինչ, որ մարդու չորքոտանի բարեկամները զբոսնելիս սովորաբար կեղտոտվում են ոչ թե անձրևից, որը բոլորի պես նրանց վրա էլ թափվում է վերևից:

ՊԻՑՑԱՅԻ ՄԿՐԱՏ.Տեսնես ո՞նց է մարդկությունը մինչ հիմա յոլա գնացել առանց էս մկրատների: Դանակով կտրտվող պիցցաները դուր չե՞ն եկել ոմանց: Երևի: Հակառակ դեպքում խոհանոցային բութ մկրատներ չէին «հայտնագործի»:

ԻՆՔՆԱՆԿԱՐԻ ԱՄՐԱԿԱԼ. Սեփական բջջայինով ինքնալուսանկարվելը «կատարելագործել» են այս «գյուտի» հեղինակները: Ձկնորսական կարթ հիշեցնող հատուկ ամրակալը (եթե չզլանաս այս ձողն ամեն տեղ հետդ քարշ տալ) հնարավորություն է տալիս իրեն ամրացնել հեռախոսը և որոշակի հեռավորությունից քո թիկունքում ավելի լայն տարածք լուսանկարել:

ԼԱՄՊԵՐՈՎ ՀՈՂԱԹԱՓԵՐ.Երևի ավելի ճիշտ կլինի այս հայտնագործությունը գիշերային տնային ոտնաման անվանել: Դրանք հագնելիս` խավար սենյակում պետք չէ անհանգստանալ, որ ոտքերն անզգուշաբար ինչ-որ իր կտրորեն կամ ինչ-որ առարկայի կդիպչեն: Լուսակիր այս փափկամաշիկները կլուսավորեն հարևան սենյակ-խո հանոց-զուգարան ձեր երթուղին: (Vesti.ru):