Թատերական տոնախմբություն Նահապետի բնօրրանում


22-ՐԴ ԹԱՏԵՐԱՏՈՆԸ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

Թումանյան ծնած աշխարհի հեռավոր անկյունում` հեքիաթային Լոռու Ակներ գյուղում հայ բեմի երախտավոր Ռուբեն Հակոբյանի ջանքերով 1979 թ. ինքնաբուխ ծնունդ առած թատերական հանդիսաշարը շուտով հաստատվեց Ալավերդի քաղաքում: Եվ, աննկատ ընդլայնելով տարածական սահմանները, որպես ոչ պրոֆեսիոնալ թատրոնների ամենամյա ստուգատես, ապա` որպես քաղաքի այցեքարտ, ժողովրդական թատրոնների «Թատերական Լոռի» փառատոնը մնայուն տեղ գրավեց հայաստանյան մշակութային կյանքում:

2006-ից համայնքային թատրոններին զուգահեռ «Թատերական Լոռին» իր տիրույթում ներգրավեց նաև պրոֆեսիոնալ թատրոններ` Հայաստանից և արտասահմանյան երկրներից: Առանց խտրականության, առանց պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ շերտավորման: Ժանրային և թեմատիկ սահմանափակումների բացառումը շուտով հանգեցրեց փառատոնային խճանկարի ուշագրավ բազմերանգության: Եվ, թատրոնի մոգական լեզվով, տարբեր երկրների ժողովուրդների միջև սկսեց ծավալվել միջմշակութային երկխոսություն: Ինքնատիպ այդ թատերազրույցի կայացման գրավականը դարձավ լոռեցիների տաքսիրտ հյուրընկալությունը, որից անմասն չմնաց Ալավերդի ժամանող որևէ թատերախումբ, հայտնի ու անհայտ որևէ թատերագործիչ: Մարզային փոքր քաղաքում անցկացվող 35-ամյա փառատոնի հարյուրավոր մասնակիցների հավաքական գնահատականով` «Թատերական Լոռին» ամենևին չի զիջում աշխարհի հեղինակավոր որևէ փառատոնի: Գուցե` ընդհակառակը: Չմոռանանք, որ միջազգայնացման լուրջ միտումի հայտ բերած 21-րդ «Թատերական Լոռու» արդյունքներով Գյումրիից հետո հենց Ալավերդին ճանաչվեց «Տարվա լավագույն ՀՀ մշակութային համայնք»:

«...Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն»

Հնչում է Անուշի նախերգանքը, ապա` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ձայնը: Հուշիկ բացվում է Ալավերդու մշակույթի տան հիմնանորոգված բեմի` շքեղ վարագույրը: Բեմում տեղակայված մեծադիր լուսանկարից լեփ-լեցուն հանդիսասրահին մեղմ իմաստությամբ ժպտում է 22-րդ «Թատերական Լոռու» գլխավոր հերոսը: Ծափերի որոտ է հարուցում «մեր քերթության անհաս Արարատի»` Հովհաննես Թումանյանի գրչակերտ «Անուշի» նրա ասմունքի ձայնագրությունը: Ամենևին էլ ոչ պատահաբար:

- Աշխարհում ինչ կատարվում էր, վերաբերում էր Թումանյանին,- ասում էր Սոս Սարգսյան-Հայը, Ազգային գործիչը, լայնախոհ Մտավորականը:- Հիմա ինչ կատարվում է` վերաբերում է ինձ:

Արդի հայ թատրոնի Նահապետի պարզ ու խորունկ խոսքի տրտում հնչերանգների ելևէջներն առավել թանձրանում են Արմեն Տիգրանյանի սքանչելի «Անուշի» նախերգանքով, որն այնքան սրտառուչ հնչեցնում է Վանաձորի կամերային երգչախումբը: Այդուհանդերձ, տոնական մոտիվներ են շուտով միախառնվում Արտիստի ֆիզիկական կորստի ցավով և դահլիճում նրա կյանքի 26-ամյա սիրառատ կողակցի` երաժշտագետ Նելլի Սարգսյանի հորդահոս արցունքներով ամենքին համակած տխրությանը:

- Անուրանալի է այս փառատոնի դերն ու նշանակությունը մեր մարզերի բնակչությանը մշակութային բարձրարժեք հոգևոր սնունդով գոտեպնդելու տեսակետից: Շրջադարձային 2008 թվականից սկսած, երբ փառատոնը հայտնվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշտական ուշադրութ յան կենտրոնում, իր տարատեսակ թատերանախագծերի իրականացման համար մինչ այժմ արժանիորեն ստանում է պետական հուսալի աջակցություն,- իր ողջույնի խոսքում անկեղծանում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով թատերահանդիսության բացման արարողությանը մասնակցելու էր եկել մարզի երաժշտական դպրոցներում կատարած շրջայցերից հետո: - Եվ նրա կազմակերպչական եռանդը առավել խթանելու համար ուզում եմ ամենաակտիվ աշխատակիցներից երկուսին` «Վալլեքս» ընկերությունների խմբի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանին և փառատոնի գլխավոր համակարգող, թատերագետ, «Ավանգարդ» թերթի մշակույթի բաժնի վարիչ Նվարդ Ասատրյանին հանձնել ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր: Եվ` ոչ միայն: Նաև` Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ թողարկված «Նարեկացի» հուշամեդալներ, որոնցով սատարվում է մշակութային կյանքում որոշակի դերակատարություն ունեցող անհատների ջանադրությունը:

Փառատոնային առաջին երեկոյի անակնկալը մատուցեց ՀՀ ժողովրդական արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստա կան ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Նա «Թատերական Լոռու» անխափան կայացման ջատագովը, աջակիցն ու մշտական մասնակիցն է եղել անգամ հակամշակութային մութ ու ցուրտ տարիներին: Բազմավաստակ վարպետի նախաձեռնությամբ 22-րդ «Թատերական Լոռու» գլխավոր` Սոս Սարգսյանի անվան մրցանակը իր իսկ ձեռքով հանձնվեց Լոռու մշակութամեծար մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Փառատոնային վարագույրի բացման պատիվը վերապահված էր Սոս Սարգսյանի հիմնած Համազգային պետական թատրոնին, որը երկրորդ սերնդի դերասանախմբով առանձնակի պոռթկուն ներքին հրայրքով ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Մեկ գավաթ բարություն» պիեսը` Սոս Սարգսյանի բեմադրությամբ: Հաջորդիվ, նաև ի նշանավորումն դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80 և ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանի 85-ամյա հոբելյանների, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես եկավ Ժ. Անանյանի «Մեր տան տերերը» կատակերգությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Ե. Ղազանչյանի բեմադրությամբ: Այդ ներկայացմամբ էլ հաջորդ օրը փառատոնային ջահի կրակը վառվեց փառատոնային երրորդ հանգրվան Սպիտակում: Նույն օրը, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Աննորմալը» (Նադեժդա Պտուշկինա) և «Ձեզ եմ դիմում...» (ըստ Լևոն Զավեն Սյուրմելյանի համանուն վեպի) ներկայացումներով Վանաձորում մեկնարկեց «Ռուսական թատրոնի օրեր» միջանկյալ ծավալուն ծրագիրը: Այն, ի դեպ իրականանալի դարձավ ՌԴ նախագահի հատուկ հրամանով 2007-ին ստեղծված մշակութային հիմնադրամի մասնակի աջակցությամբ: Դատելով Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևի ողջույնի խանդավառ ելույթից` այն հայ-ռուսական միջմշակութային սերտ համագործակցության նոր դռներ է բացում ՀՀ հեռավոր մարզերից ևս մեկում:

Մի շտապեք փակել փառատոնային վարագույրը

Հանդիսասրահում փառատոնի բացման արարողության տխրազվարթ տրամադրությունը շարունակվեց խաղացանկային թափանիվի պտույտի արագացմանը համընթաց:

Դրամատուրգ Ժիրայր Անանյանի և ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանի բեմական բեղուն վաստակի արժևորմանը շղթայվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ականավոր թատերագործիչ Հրաչյա Ղափլանյանի, Հայաստանի երգի պետական և Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնների ու ծրագրված մյուս հոբելյանների նշանավորումը:

Փառատոնային թափանիվը կանգ չառավ ոչ մի պահ, քանի որ իրենց լավագույն ներկայացումներով փայլուն հանդես եկան բոլոր թատերախմբերը: Ճանաչված դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը շատերին հմայեց Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» մենախաղով (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի): ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս. եկել եմ. ձեզ հետ եմ» երաժշտական կոմպոզիցիան շատերին գայթակղեց կոմիտասյան քնարի դասական-էստրադային նորահայտ համադրությամբ: Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» բարձրարվեստ ներկայացումն իր նրբահյուս գունագեղությամբ ակնածանք ներշնչեց երիտասարդ բեմադրիչ Սամսոն Մովսիսյանի նորաոճ և ուրույն բեմատեսիլքի հանդեպ: Նատալի Ֆիլիոնի «Դզինը» կախարդեց` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի բեմադրական և ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանի դերամարմնա վորման վառ թատերային ներդաշնակությամբ:

Առաջին անգամ այս փառատոնի տարեգրության մեջ վաղը երեկոյան, Սանահին-Սարահարթ թաղամասի ընդարձակ դահլիճի բեմում կդաջվի հանճարեղ անգլիացու` Վիլյամ Շեքսպիրի անունը` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ջոն արքա» ներկայացմամբ (բեմադրությունը` ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գասպարյանի): Այս օրերին Ռուսաստանի Դաշնության մասնակիցները` Վոլգոգրադի երիտասարդական և Չեխովի քաղաքային թատրոնները Օստրովսկու «Բանկրոտ» և Չեխովի «Սիրո մասին» ներկայացումների բազմակի խաղարկումներով հանդես են գալիս փառատոնային տարբեր քաղաքներում:

Հոկտեմբերի 15-26-ը 26 թատերախմբեր Վրաստանից, Ռուսաստանից, Արցախից և Հայաստանից կխաղարկեն 3 տասնյակից ավելի դիտարժան ու բազմաոճ ներկայացումներ` փառատոնային 4 հանգրվաններում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում:

22-րդ «Թատերական Լոռին» իր վերջին ակորդներն այս անգամ կհնչեցնի ոչ թե խաղացանկային վերջին ներկայացումից հետո անցկացվող հանդիսավոր փակման ավանդական արարողությամբ, այլ Ստեփանավանում ՀՀ վաստակավոր քանդակագործ, նկարիչ Դավիթ Մինասյանի հեղինակած արձանի բացման հանդիսությամբ: Ապա Ալավերդու մշակույթի տան դահլիճում կամփոփվեն նախորդ օրը փառատոնային բոլոր 4 հանգրվաններում ավարտված խաղարկումների տպավորությունները: Մրցանակներ կշնորհվեն լավագույններին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ