Ի ծնե կույրերի մղձավանջային երազները


Թվում է, թե ի ծնե կույրերը երազներ տեսնել չեն կարող, որովհետև տեսողական պատկերացում չունեն իրերի, առարկաների, մարդկանց ու կենդանիների մասին:

Գիտնականներին, սակայն, չի զարմացնում նրանց երազ տեսնելու կարողությունը: Իսկ ամերիկացի գիտնականներն օրերս ապացուցել են, որ «փակ աչքերով» լույս աշխարհ եկածները ավելի հաճախ են գիշերային մղձավանջներ ապրում, քան տեսողություն ունեցողները:

Ի ծնե կույրերին քնած ժամանակ այցի եկող «տեսիլքները» շոշափողական, ձայնային, հոտառական ու համային կերպարներ են:

Չորս շաբաթվա ընթացքում ամեն առավոտ հետազոտողները հարցումներ են անցկացրել 50 մարդու շրջանում` իմանալու նրանց գիշերային երազատեսության «թեմաները»: Ընդ որում, նրանցից 25-ը` լիարժեք տեսողությամբ, 14-ը` կուրացած կյանքի ընթացքում և 11-ը` ի ծնե կույր: Հարցումների արդյունքը փաստել է, որ կյանքում երբևէ ոչինչ չտեսածները քնած ժամանակ 25 %-ով մղձավանջներ են ապրում, տեսնողները` 6 %-ով, տեսողությունը կորցրածները` 7 %-ով:

Երազը օրվա ընթացքում կուտակված զգացմունքների յուրատեսակ արտահայտություն է: Կույրերի երազներում հայտնվող մղձավանջների «թեման» հիմնականում այնպիսի իրավիճակներ են, որոնք սպառնում են նրանց կյանքին: Ասել է թե` արթուն ժամանակ նրանք ավելի հաճախ են վտանգի ու անպաշտպանվածության զգացումներ ունենում: Ահա թե ինչու հետազոտողները գտնում են, որ անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել կույրերին, որպեսզի գեթ փոքր-ինչ մեղմվեն նրանց տագնապները: (medikforum.ru):