ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ


1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, ժողովրդի համակրանքը վայելող քաղաքական գործիչներ: Այդ որբերգության 15-րդ տարեդարձին ընդառաջ տպագրում ենք հատված` «Հայոց Տուն» կենտրոնի կողմից հրատարակության պատրաստվող Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Հաղթանակի Սպարապետ» պոեմից:

***

Ոչ մի նորություն մեր պատմության մեջ,

Ամեն ինչ նույնն է, սկզբից մինչ վերջ,

Այդ օրն էլ նոր բան չարձանագրվեց`

Հերթական անգամ

Սպարապետ սպանվեց...

Երբ ասաց «Դարը մե´րն է լինելու»,

Նա դատապարտվեց անգութ մեռնելու,

Ասաց. «Մտածենք էս երկրի մասին»,

Եվ մտածեցի˜ն...   Վազգենի մասին:

***

Հազար իննհարյուր իննսուն ինն էր,

Մեր երազանքի կարծես տարին էր,

Պատրաստվում էինք նոր դար մտնելու,

Որը, անպայման, մե´րն էր լինելու:

Նոր դար էինք գնում համարձակ, անհոգ,

Ու չէ˜ր մտածում, չէ´ր հիշում ոչ ոք,

Որ քսաներորդը դեռ չի ավարտվել,

Սատանի դարը դեռ չի պարտվել,

Որ երկրի վրա դեռ նե´ռն է իշխում,

Դեռ բաց է նրա երախն արնախում:

Քսաներորդ դարն էր` հայոց դաժա˜ն դար,

Եղե˜ռն, կոտորա˜ծ, ջարդե˜ր անդադար,

Աքսո˜ր, ուրացո˜ւմ, դավաճանություն,

Սկզբում և վերջում` խայտառակություն...

Սև հոկտեմբերի քսանյոթերորդ օրն

Հայության համար պետք է դառնար տոն,

Նոր կաթողիկոս այդ օրն ընտրվեց,

Զբաղվա˜ծ էր Աստված...

Եվ արդ` երեք վեց:

Երեք հատ իններ` վեցեր շուռ տված,

Շուռ տվին երկիրը...

Զբաղված էր Աստված:

Սև հոկտեմբերի չար ոճրագործին,

Ի˜նչ խիղճ, ի˜նչ Աստված, ի˜նչ Էջմիածին,

Պետք էր գլխիվայր բերվեր ամեն ինչ,

Ու չխնայվեց ոչ ոք և ոչինչ:

Սև հոկտեմբերի սև օրը քսանյոթ,

Խորհրդարան ներխուժեց մի դաժան լակոտ,

ԱԺ նախագահը գնդակահարվեց,

Կառավարությունը պատանդ վերցվեց,

Կայունությունը երկրում սասանվեց...

Եվ մեր Սպարապետ Վազգենը սպանվեց: