ՕՏԱՐԱԼԵԶՈՒ «ԱՐԵՎՆԵ՞ՐՆ» ԵՆ ՋԵՐՄԱՑՆՈՒՄ ՄԵԶ


Հայրենասիրության թեմայով մեր պերճախոսությունն անգերազանցելի է: Բայց հարցնո՞ւմ ենք ինքներս մեզ, թե ինչ է նշանակում վեհացնող այդ բառը: Սահմանում կանգնած զինվորը պաշտպանում է իր հայրենիքը ոսոխի ոտնձգություններից: Պաշտպանում է` ուրեմն սիրում է: Մենք սահման պահելու խնդիր չունենք, բայց հայրենիքը միայն պաշտպանվող սահման չէ. այն պետք է շենացնել: Առավել ևս` դժվարին մեր ժամանակներում:

Ընդվզում ենք սոցիալական ծանր վիճակից, աշխատանք չգտնելու բարդույթով ենք տառապում: Բայց փորձո՞ւմ ենք աջակցել աշխատատեղեր ստեղծողին, արտադրություն կազմակերպողին: Խոսքը միայն կառավարությանն ու օրենսդիրներին չի վերաբերում: Մենք` շարքային քաղաքացիներս, որ նաև սպառող ենք, ինչո՞ւ ենք այսքան օտարամոլ դարձել: Օտարալեզու պիտակներով ցանկացած ապրանք նախընտրելի է դարձել տեղականից` անկախ նրա որակից: Ինչո՞ւ...

Փորձված մի տանտիրուհի խորհուրդ տվեց արևածաղկի «Արև» յուղն օգտագործել: Անծանոթ ապրանքանիշ էր, բայց որակն իսկապես լավն էր: Անունը հուշում էր, որ տեղական արտադրանք է, և ակամա ինձ մեղավոր զգացի անտեղյակությանս համար: Իսկ երբ հետաքրքրվեցի ու գտա «Շող» ընկերությունը, հաճելի զարմանք ապրեցի. երբեմնի Երկաթբետոնե կառուցվածքների կոմբինատի տարածքում հիմա գործում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձեթի, յուղի, մարգարինի, օճառի արտադրության կոմբինատը: Կոկիկ, խնամված բակն արդեն իսկ հուշում էր, որ կոմբինատը մտահոգ մարդկանց ձեռքում է: Իսկ արտադրամասերում տիրող աշխատանքային եռուզեռը իրենց գործին նվիրյալ, արարող մարդկանց մասին էր պատմում...

Կոմբինատի գլխավոր տնօրեն Երեմ ՀՈՎՅԱՆԸ հրաշալի ծանոթ է ոչ միայն իրենց արտադրությունում աշխատողների հոգսերին, այլև հիրավի մտահոգ է Հայաստան պետության կայացմամբ: Խոսքերում շռայլ չէ, մանավանդ` երբ հարցնում ես հաջողություններից: Եվ միայն հումքի ներկրում-արտադրություն-իրացում շղթան չէ, որ հետաքրքրում է նրան: Լավատեղյակ է նաև գյուղացու հոգսերից:

- Հնարավոր չէ՞, արդյոք, արևածաղիկ ներկրելու փոխարեն տեղում աճեցնել այդ մշակաբույսը:

Հարցին ի պատասխան` Ե. Հովյանը թվարկում է այն բարդությունները, որոնք անհաղթահարելի են հողագործի համար: Լրագրողական էթիկան պահպանելով` նրան չեմ հարցնում, թե ինչո՞ւ է գյուղացին այսօր այդքան անօգնական մնացել. և ոչ միայն արևածաղիկ աճեցնելու դժվարությանը դեմ հանդիման: Պատկան գերատեսչություն ները արդյո՞ք համապատասխան հաշվարկներ կատարում են գյուղատնտեսությունն այնպես զարգացնելու, որ գյուղ-մթերային արտադրությունն էլ համաչափ զարգացում ապրի և տեղական շուկան հագեցնի մրցունակ արտադրատեսակներով: Կատարվո՞ւմ են նման հաշվարկներ, թե՞ միայն առանձին չինովնիկներ իրենց գործարարությանն են զարկ տալիս` հրապարակավ ինչ-որ տոնավաճառներ կազմակերպելով: Գյուղմթերքի տոնավաճառներն էլ անկարևոր չեն, բայց բնության բարիքներն անվնաս աճեցնելու համար գյուղացուն շատ ավելի լուրջ օժանդակություն է պետք: Չէ՞ որ առատ հումքը նույնքան առատ շուկա է ենթադրում` հեռանկարում ապահովելով արտադրության զարգացում: Ասել է թե` աշխատատեղերի ավելացում` գործազրկության կրճատումով, արհեստական գնաճի զսպում և վճարունակ բնակչություն...

Ոչ մի գույն խտացրած չենք լինի` ասելով, որ արտադրողն իսկապես անտարբերության է մատնված: Ու ոչ միայն պատկան օղակների, այլև հենց սպառողի կողմից: Արտերկրներից ներկրված արտադրանքի նկատմամբ անբացատրելի թուլությունը բոլորովին արդարացված չէ:

«Շող» կոմբինատի արտադրանքի գնահատականը բազմաթիվ պարգևներն են, որոնք 2006 թվականից ի վեր արժանացել է ամենատարբեր էքսպո-ֆորումներում, միջազգային ցուցահանդեսներում, քվեարկությունների արդյունքներով: Թվարկենք դրանցից մի քանիսը. «Համընդհանուր վստահություն-2011»` «Հավատարմություն ավանդույթներին» անվանակարգում, «Տարվա ապրանք» ամենամյա մրցանակներ, «Առևտրի առաջատար» մի քանի «Grand Prix»-ներ` տարբեր տարիների տարբեր էքսպո-ֆո րումներում հաղթող ճանաչվելու համար, Ոսկյա մեդալ` ավանդույթներին հավատարիմ լինելու և 3 տարի անընդմեջ «Տարվա ապրանք» մրցանակակիրը լինելու համար... Բոլորին անդրադառնալ հնարավոր չէ, և, ինչպես Երեմ Հովյանն է ասում` ձեռքբերումներով հպարտանում, բայց չեն բավարարվում. դրանք բազմապատկել է պետք:

Մարդկային իր տեսակով լավատես է Երեմ Հովյանը, աշխատանքային հարուստ կենսագրության մեջ հաջողություններ գրանցած անհատ: Սակայն տխրությամբ է փաստում, որ արտադրանքի իրացման խնդիրը լուրջ խոչընդոտ է ծավալներն ավելացնելու, բազմաթիվ նոր ծրագրեր կյանքի կոչելու, նոր աշխատատեղեր ստեղծելու կամ գոնե եղածները չկորցնելու ճանապարհին:

 

-Մեր կոմբինատի արտադրանքը ռազմավարական նշանակություն ունի պետության համար, քանի որ ճգնաժամային պայմաններում երկար ժամանակով կարող է մթերք մատակարարել բնակչությանն իր պաշարների շնորհիվ: Հետևաբար նմանատիպ նախաձեռնությունները հաջողելու համար պետք է համակարգված լինի պետական աջակցությունը: Այդ դեպքում գործարարը կմտածի ոչ միայն տեղական փոքրիկ ձեռնարկությունը կայացնելու, այլև այն կատարելագործելու, ներմուծված ապրանքատեսակների հետ մրցակցության մեջ հաղթող դուրս գալու մասին: Կարծում եմ` տեղական արտադրողներին պետք է ազատել ԱԱՀ-ի վճարումը անմիջապես սահմանին կատարելու պարտավորությունից` հնարավորություն տալով շրջանառու միջոցներ խնայել և ուղղել ներդրումային ծրագրերի իրականացմանը: «ՇՈՂ» ընկերության դեպքում շատ բան է կախված հանրապետության գյուղատնտեսության վիճակից: Եթե կառուցողական քայլեր կատարվեն այս ոլորտում, մենք վերամշակման նպատակով արևածաղկի սերմն այլևս չենք գնի ՌԴ-ից, այլ ձեռք կբերենք գյուղական համայնքներից: Պատկերացրեք, թե այդ դեպքում խնդիրների ինչ լայն շրջանակ կլուծվի, այդ թվում` աշխատատեղերի, և գործի կդրվի տնտեսության զարգացման ներքին շարժիչը: Իհարկե, դժվարությունները մեզ չեն կանգնեցնում: Մենք ձգտելու ենք գլխավոր նպատակին` շուկան հագեցնել տեղական որակյալ արտադրանքով,- վստահեցնում է Ե. Հովյանը:

- Բայց Հայաստանը կայացած շուկա է օտարերկրյա ապրանքների համար. մի՞թե տեղական արտադրանքը զիջում է ներկրվածին: Առավել ևս, որպես սպառող պիտի փաստեմ, որ, մեծամասնության համար համեմատաբար մատչելի ներկրվածի որակը հազիվ թե մրցունակ լինի զարգացած երկրներում: Էլ չենք խոսում` գների մասին:

Հարցն անակնկալի չի բերում զրուցակցիս: Հումորով մի դեպք է պատմում. սպառողի հակումներն ուսումնասիրելու նպատակով նույն` «Արև» ձեթը շուկա են հանել ուրիշ տարաներով և ուրիշ` ռուսական անվամբ: Եվ դրա իրացման ծավալները հարյուրապատիկ անգամ գերազանցել են հայատառ ու հայանուն «Արևին»: Այսուհանդերձ, «Շող» ընկերությունում չեն պատրաստվում հրաժարվել հայեցի ապրանքանիշից, որը հայկական շուկայում է 2000-ական-ների սկզբից: Բարեբախտաբա´ր:

 

«Շող»-ում անտարբեր չեն սպառողի գնահատականի, առաջարկությունների ու մանավանդ դժգոհությունների հանդեպ, սակայն որևէ անգամ որևէ մեկը կարծիք չի հայտնել. թեկուզ` բացասական: Ուրիշ ի՞նչ կերպ որակել այսպիսի վերաբերմունքը, եթե ոչ` անհոգի անտարբերություն:

Մնում է հորդորել մեր սպառողներին, որ անտարբեր չմնան տեղական արտադրողի հանդեպ: Փորձեն, գնահատեն նրանց արտադրանքի որակը, հարկ եղած դեպքում պահանջեն, բայց չհրաժարվեն նրանց արտադրանքից: Այս պարագայում` արևածաղկի «Արև» բուսական յուղից ու «Շող» կոմբինատի մյուս արտադրատեսակներից. դրանց որակը երաշխավորված է նորագույն տեխնոլոգիաներով ու բարեխիղճ մարդկանց աշխատանքով:

Այլապես ստացվում է, որ օտարալեզու «արևներն» են ջերմացնում մեզ: Իսկ մե՞րը... Չէ՞ որ հայրենասիրական բաժակաճառերում հայերս անգերազանցելի ենք մնում:

Մերի ՂԱԶԱՐՅԱՆ